Վտանգավոր հիվանդություններ, որոնք կարող են դրսևորվել մաշկային արտասովոր փոփոխություններով

Իմունային համակարգի խանգարումները, որոնց թվում են բազմաթիվ վտանգավոր հիվանդություններ, կարող են դրսևորվել ամենատարբեր ախտանշաններով, որոնք իմանալը կօգնի ժամանակին միջոցներ ձեռնարկել և կանխել լուրջ բարդությունների զարգացումը։ Շատ հաճախ այդ հիվանդությունները դրսևորվում են մաշկային փոփոխություններով, որոնք մարդիկ հազվադեպ են ասոցացնում լուրջ խանգարումների հետ, ինչն էլ հանգեցնում է խնդրի հետագա բարդացման։

Նման խնդիրներից խուսափելու համար մասնագետները ներկայացրել են այն լուրջ հիվանդությունները, որոնց մասին հուշող ամենավաղ ախտանշաններից մեկը կարող են լինել մաշկային փոփոխությունները։

Երկրորդ տիպի շաքարային դիաբետ

Ներզատական համակարգի այս վտանգավոր հիվանդությունը դրսևորվում է ականտոզով` մաշկի որոշակի հատվածների գույնի մգացմամբ։ Սովորաբար այս փոփոխությունը նկատվում է ծալքերի հատվածում, որտեղ մաշկը մգանալուց բացի նաև դառնում է թավշյա։ Շատ դեպքերում մարդիկ հազվադեպ են այս ախտանշանը վերագրում շաքարային դիաբետին։ Ընդ որում՝ սովորաբար այն նկատվում է 40 տարեկանից ցածր անձանց մոտ։

Ռևմատոիդ արթրիտ

Այս բորբոքային հիվանդությունը, որը դրսևորվում է ոտքերի ու ձեռքերի մանր հոդերի այտուցմամբ ու ցավով, կարող է առաջացնել նաև որոշակի մաշկային խնդիրներ։ Ռևմատոիդ արթրիտով հիվանդների 20-30%-ի մոտ նկատվում են ենթամաշկային նորագոյացություններ ախտահարված հոդերի հատվածում։ Բացի այդ, նկատվում է նաև ձեռքերի արտաքին հատվածի մաշկի բարակացում, ինչը ևս չի կարելի անտեսել։

Համակարգային կարմիր գայլախտ

Համակարգային կարմիր գայլախտն աուտոիմունային հիվանդություն է, որի հիմնական դրսևորումներից մեկն այտերի վերին հատվածի կարմիր ցանն է, որն արևային այրվածք է հիշեցնում։ Այս հիվանդության դեպքում կարմիր ցան կարող է առաջանալ նաև գլխամաշկին ու մարմնի այլ հատվածներին, որոնք ենթարկվում են արևի ճառագայթների ազդեցությանը։ Հիվանդների ավելի քան 70%-ը հաստատում է, որ արևի տակ գտնվելն էլ ավելի է վատթարացնում հիվանդության ընթացքը։

Աղիների բորբոքային հիվանդություններ

Այս հիվանդությունները կարող են դրսևորվել էրիթեմաներով՝ մաշկի ու ենթամաշկային մանր անոթների բորբոքային ախտահարումներով, որոնք ուղեկցվում են ցավոտ պինդ նորագոյացությունների առաջացմամբ։ Բացի այդ, որոշ հիվանդությունների դեպքում կարող են առաջանալ խոցանման ախտահարումներ, որոնք սովորաբար ի հայտ են գալիս սրունքներին, ոտնաթաթերին ու ձեռքերին։ Այս ախտահարումները սկզբնական փուլում կարող են մանր բշտիկներ լինել, որոնք ժամանակի ընթացքում վերածվում են խորը խոցերի։ Աղիների բորբոքային հիվանդությունների շատ մաշկային դրսևորումներ կարող են պարբերաբար սրվել ու մեղմվել՝ կախված հիվանդության ինտենսիվությունից, ուստի դրանք չի կարելի անտեսել կամ համարել բուժված։

Հեպատիտ С

Մասնագետների տվյալներով՝ լյարդի ցիռոզի ու քաղցկեղի զարգացման հավանականությունը բարձրացնող այս հիվանդությունը հաճախ է ուղեկցվում մաշկային ախտաբանություններով։ Այս հիվանդության դեպքում նկատվում են այնպիսի մաշկային խնդիրներ, ինչպիսին են վասկուլիտն ու կարմիր տափակ որքինը։ Նման խանգարումներն ունենում են յուրահատուկ արտաքին դրսևորումներ և ախտորոշվում են բացառապես մաշկաբանի կողմից։

Մակերիկամային անբավարարությունը (Ադիսոնի հիվանդություն)

Երիկամներից քիչ վերև տեղակայված մակերիկամները պատասխանատու են սթրեսային ռեակցիայի համար պատասխանատու հորմոնի՝ կորտիզոլի մակարդակի կարգավորման համար։ Եթե այս հորմոնը չի արտադրվում բավարար քանակությամբ, ապա զարգանում է Ադիսոնի հիվանդությունը, որի դեպքում ի հայտ են գալիս մի շարք ախտանշաններ, այդ թվում՝ մկանային թուլություն, հոգնածություն, քաշի կորուստ, ախորժակի նվազում, զարկերակային ցածր ճնշում և այլն։ Վերոնշյալ ախտանշաններից բացի Ադիսոնի հիվանդությունը կարող է դրսևորվել նաև որոշակի մաշկային փոփոխություններով, ուստի մասնագետները նախազգուշացնում են, որ եթե մաշկն ավելի մուգ երանգ է ստանում և պատվում է անբացատրելի ձգվածքներով, ապա հարկավոր է դիմել մասնագետին ու բուժզննում անցնել։

Նյութի աղբյուրը՝ medikforum.ru