«Վեճերն անպակաս են, թեև առանց իրար ապրել չեն կարող». Իրինա Թովմասյանի աղջիկների հետ նոր ֆոտոշարքն ու հպարտանալու առիթը

«Միսս Հայաստան 2000» Իրինա Թովմասյանը դուստրերի`Ալյայի և Մարիայի հետ ֆոտոշարք  է արել, որը տրամադրել է Tert.am Life-ին:

«Լուսանկարիչ Էդգար Մարտիրոսյանին հատուկ էի ընտրել, նրա էջում տեսել էի, որ նման ոճի լուսանկարներ շատ է արել, իր հետ այլ ոճում լուսանկարվելու փորձ նույնպես ունեցել էինք: Գնացինք Ապարան ու դաշտային ծաղիկներով գեղեցիկ ֆոտոշարք ունեցանք: Ամբողջ ճանապարհին աղջիկներս երգել-պարել են, ամեն ինչ շատ ուրախ է անցել: Աղջիկներս ասում էին`նման բան երբեք չենք արել: Շնորհակալ եմ լուսանկարչին, որ կարողացավ լուսանկարել իմ գերակտիվ երեխաներին: Ճիշտ է, նրանք լուսանկարվել սիրում են, բայց բնության գրկում մտածում էին ծաղիկների, թիթեռների, վազվզելու մասին»,-ասաց նա:

Իրինայի ավագ դուստրը`Մեգին, լուսանկարահանմանը չի մասնակցել: Մայրիկի խոսքով`ապագայում բացը կլրացնեն. «Մեգին վերջերս լրիվ այլ, մոդեռն ոճի լուսանկարահանման էր մասնակցել, այդ պատճառով այս մեկին չմասնակցեց: Արդեն ծրագրել ենք, թե ինչպիսին է լինելու հաջորդ ֆոտոշարքը, այդ մեկին նա էլ կմասնակցի»:

Ալյայի և Մարիայի միջև տարիքային տարբերությունը քիչ է`1,5 տարի: Ըստ Իրինայի`իրար այնքան նման են, ասես զույգ լինեն. «Թե՛ արտաքնապես, թե՛ բնավորությամբ նման են իրար: Վեճերն անպակաս են, թեև առանց իրար ապրել չեն կարող: Սիրում են երգել-պարել, ինչպես Մեգին: Ամեն օր մեծ թենիսի են հաճախում, շատ լավ նկարում են, նաև նկարչության անհատական դասընթացների են հաճախում: Երկուսն էլ ամբողջ օրը զբաղված են, ակտիվ առօրյա ունեն: Չեմ կարող ստել ու ասել, որ բակային խաղերին մասնակցում են, քանի որ բակ չունենք, բայց ամեն օր միասին զբոսանքի ենք գնում,- ասաց նա և հավելեց, որ ավագ դուստրը`Մեգին, բակային խաղերին ակտիվ մասնակցում է: -Մեգին մինչև հիմա բակում խաղում է, քանի որ իր մանկությունը մայրիկիս տանն է անցել և այնտեղ շատ ընկերներ ունի»:

Իրինան ընդգծեց, որ Մեգին փոքր քույրերի համար օրինակ է, եթե մի բան է ասում, ուրեմն`դա ճիշտ է: Անդրադառնալով վերջերս իրենց կյանքում տեղի ունեցած կարևոր իրադարձությանը`Մեգիի համալսարան ընդունվելուն, Իրինան նշեց. «Մեգին շատ կազմակերպված աղջիկ է, գերազանցությամբ ավարտեց քոլեջը, վստահ էի`համալսարան կընդունվի: Ճիշտ է, վճարովի համակարգում է, բայց բարձր բալերով ընդունվեց Ֆրանսիական համալսարան, ինչի համար հպարտ եմ: Երբ քննությունից դուրս եկավ, ասաց`շատ լավ է գրել: Մեգին ինքն իրեն ապացուցեց, որ ամեն ինչ կարող է: Նա մաթեմատիկայից այնքան էլ ուժեղ չէր, բայց քննությունը գրեց անթերի, առանց որևէ սխալի»: