Լիդուշիկի 21-ամյակն ու կարևոր նվերը

Երգչուհի Լիդուշիկն օրերս նշել է ծննդյան տարեդարձը: Թեև շատերն առ այսօր նրան ընկալում են իր մանկական կատարումներով, երգչուհին արդեն 21 տարեկան է:

Tert.am Life-ի հետ զրույցում Լիդուշիկը պատմեց, որ օրն անցկացրել է ընտանիքի անդամների հետ քաղաքից փախչելով:

«Վերջին տարիներին հիմնականում ընտանիքիս անդամների հետ եմ նշել ծնունդս: Հիմա վտանգավոր շրջան է, վախենում ենք տատիկիս համար: Հաշվի առնելով արտակարգ դրությունը՝ որոշեցինք ընտանիքով 2 օրով գնալ Դիլիջան, հանգստանալ և նշել ծնունդս: Կտրվեցինք քաղաքի առօրյայից, բայց հատուկ ծնունդ չենք նշել, պատրաստություն չենք տեսել,- ասաց երգչուհին ու հավելեց, որ ինքն իր տարեդարձին հատուկ պատրաստվելու սովորություն չունի: -Եղել են տարիներ, երբ տարեդարձս նշել ենք շնորհանդեսով, համերգով, սովոր եմ այդ օրը ևս ժողովրդի հետ լինել, բայց չեմ առանձնացնում այն»:

Լիդուշիկն ասաց, որ կցանկանար նախորդ տարի 20-ամյակը մեծ տոնել, սակայն հյուրախաղերով Ֆրանսիայում էր, չստացվեց:

Երգչուհուն հատուկ անակնկալ չեն մատուցել: Ասում է՝ միշտ փչացնում է իրեն մատուցվող անակնկալը. «Սովորաբար փչացնում եմ ինձ մատուցվող անակնկալները. մի քանի տարի եղել է, որ ընկերներս որոշել են գալ, անակնկալ անել, ես միշտ գլխի եմ ընկել ու ասել, որ պետք չէ: Անակնկալը կստացվի, երբ չկասկածեմ, բայց միշտ հասկանում եմ»:

Իր ստացած նվերներից Լիդուշիկն առանձնացրեց ծնողների նվերը՝ էլեկտրական դաշնամուր. «Քանի որ սենյակս ձևափոխել ենք, այն կհամալրվի նաև դաշնամուրով: Մենք տանը դաշնամուր ունենք, սակայն սա ավելի  համար տարբերակ է, քանի որ ականջակալներով է, նեղություն չեմ տա, չեմ մտածի՝ ինչ-որ մեկը քնած է, տանը հյուր կա»:

Լիդուշիկն ասաց, որ այս տարի լսարանը, կարծես, հասկացավ, որ ինքը մեծացել է» «Գուցե 20-ամյակս էլ այդքան տպավորիչ չէր, այս տարի կարծես ավելի շատ ընկալեն, որ 21 տարեկան դարձա: Ամեն դեպքում, կարծում եմ, ինձ միշտ փոքր են ընկալելու, նույնիսկ ինձ հետ նկարահանվող մարդիկ չեն պատկերացնում, որ ես կարող եմ այդ տարիքի լինել: Անհնար է դրանից ազատվելը,- ասաց նա ու հավելեց, որ չնայած հորդորներին՝ բեմական անունը փոխելու իմաստ չի  տեսնում,- եթե փոխեի, շուտ պետք է փոխեի՝ 16-17 տարեկանում: Հիմա, միևնույն է, այդ անվամբ են ընկալելու: Դա իմ բեմական անունն է, իսկ անձնագրով անունս Լիդա է»: