Հեքիաթային հարսանիքից՝ հիվանդանոց. մոդել Մարիամ Հայրապետյանի հարսանիքը տան պայմաններում ու միջադեպը

Մոդել Մարիամ Հայրապետյանն օրերս ամուսնացել է: Նա հարսանեկան ֆոտոշարքը տրամադրել է Tert.am Life-ին ու պատմել, թե ինչպես են տան պայմաններում հեքիաթային միջոցառում կազմակերպել և ինչու է օրն ավարտվել հիվանդանոցում:

Մոտ 2 տարի ընկերություն անելուց հետո Մարիամն ու Վիլենը պետք է ամուսնանային օգոստոսի 22-ին, ծրագրում էին մեծ հարսանիք անել, սակայն ստեղծված համաճարակային պայմաններում ծրագրերը փոխել էր պետք: Զույգը որոշել է այլևս չսպասել և հենց այս ամիս կազմակերպել փոքրիկ հարսանիք՝ հուսով, որ դեռ մեծ հարսանիք էլ կունենան:

«Որոշեցինք չսպասել, միևնույն է, իրավիճակը չէր փոխվելու: Զագսում ամուսնությունը գրանցեցինք ու խնջույք արեցինք, որին ներկա էին մեր ամենամտերիմ մարդիկ: Ավելի քան 6 անգամ հյուրերի ցանկը կրճատել ենք: Կարելի է ասել, սա հարսանիքի թրեյլերն էր: Եկեղեցի չգնացինք, քանի որ այս ամենի ավարտից հետո ուզում ենք հարսանիք անել: Հենց այդ ժամանակ էլ կպսակադրվենք, հարսի սպիտակ զգեստ կհագնեմ»,- ասաց մոդելը:

Մարիամը ներկայացել է ոչ ավանդական հարսի կերպարով: Նա պատմեց, այս կերպարը շատ էր տարբերվում հարսի այն կերպարից, որով պետք է ներկայանար: Հարսի զգեստն արդեն ընտրել էր:

«Իրականում սպիտակ զգեստս էլ ավանդական չէր, բայց հարսի զգեստ էր: Երբ հասկացա, որ մեր ուզած հարսանիքն անել չենք կարող, որոշեցի նոր կերպար ստեղծել: Այս զգեստը տեսել էի Վերա Բրեժնևայի հագին, ինձ շատ էր դուր եկել: Սկզբում որոշել էի ավելի համեստ զգեստ ընտրել, հետո հասկացա, որ հյուրերս հավեսով  պատրաստվում են, ես ավելի հասարակ եմ վերաբերում միջոցառմանը: Որոշեցի իմ վերաբերմունքը փոխել ու այլ կերպ պատրաստվել: Վիլենին ցույց տվեցի այս զգեստը, հավանեց, որոշեցի, որ սա է լինելու»,- ասաց նա ու հավելեց, որ հայկական իրականության համար համարձակ լանջաբացվածքով հարսի զգեստի թեմայով որևէ  քննարկում չեն ունեցել ամուսնու հետ, քանի որ ամեն բան էսթետիկ էր:

Մոդելն ի սկզբանե ցանկանում էր բացօթյա հարսանեկան խնջույք ունենալ: Երբ հասկացել են, որ հարսանիքի ծրագրերը փոխվում են, սկզբում որոշել են փոքր կազմով ինչ-որ տեղ գնալ, հետո Մարիամի առաջարկով որոշել են հավաքվել Վիլենի հայրական տան բակում: Դիզայնն ու յուրաքանչյուր դետալ այնքան մանրակրկիտ են ընտրել, որ կարողացել է ստանալ իր ցանկացած հեքիաթը: Դիզայնով զբաղվել են Մարիամը, Վիլենը և զույգի քույրերը:

Զույգի օրն անցել է շատ ուրախ, սակայն վերջում տեղի ունեցած միջադեպից հետո Մարիամը հայտնվել է հիվանդանոցում: Զույգն ընկել է ճոճանակից, Վիլենին ոչինչ չի եղել, Մարիամը վնասել է ոտքը և դեռ դժվարությամբ է քայլում: «Մեր զույգի պարագայում դա նորմալ է, միշտ ինձ հետ է ինչ-որ բան պատահում,- ասաց Մարիամն ու հավելեց, որ լավ է, միջադեպը երեկոյի ավարտին է եղել,- Ուրախ եմ, որ դա երեկոյի վերջում եղավ և չփչացրեց մեր օրը: Տորթն արդեն կտրել էինք, այնպես որ միջադեպը չփոխեց մեր տրամադրությունը»:

Մարիամն ու Վիլենը հիմա Աղվերանում են: Սա այն մեղրամիսը չէ, որը ծրագրել էին ունենալ, բայց մոդելն ասում է՝ կարևորն այն է, որ երջանիկ են:

Ամուսնությունից հետո զույգն առանձին է ապրում, սակայն Մարիամը նշեց, որ սերտ հարաբերություններ ունեն ամուսնու ընտանիքի հետ, հաճախ են հանդիպում: Ընտանեկան կյանքն իր հետ նաև կենցաղային հոգսեր է բերում: Մարիամն ասաց, որ ամբողջ կյանքում վախեցել է դրանից, բայց հիմա հաճույքով  անում:

«Ամբողջ կյանքում վախեցել եմ, բայց, կարծես, ստացվում է; Հայ կինն իր վրա շատ մեծ  պատասխանատվություն է վերցնում: Ես իմ հայրական տանը ոչինչ չեմ արել, միշտ զբաղված եմ եղել իմ գործելով: Հիմա փորձում եմ անել ամեն բան, բայց այդ հոգատարությունը տալը շատ հաճելի է»,- եզրափակեց նա: