Լավագույն բնական միջոցները բերանի խոռոչի տհաճ հոտից ազատվելու համար

Բերանի խոռոչի տհաճ հոտը կարող է պայմանավորված լինել ինչպես վատ հիգիենայով ու որոշակի մթերքի գործածությամբ, այնպես էլ առողջական տարբեր խնդիրներով, ուստի դրանից մեկընդմիշտ ազատվելու համար հարկավոր է լուծել դրա առաջացման խնդիրը: Սակայն այնուամենայնիվ կան արդյունավետ բնական միջոցներ, որոնք օգնում են թարմացնել շնչառությունն ու ազատվել տհաճ հոտից:

Ընդ որում, այս բնական միջոցներն օժտված են նաև բուժիչ հատկություններով, ուստի որոշ դեպքերում ազատում են անգամ տհաճ հոտի պատճառ հանդիսացող խնդրից: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դրանցից մի քանիսը:

1 ճաշի գդալ կաղնու կեղևին ավելացնել մի բաժակ եռման ջուր, 15 րոպե դնել թույլ կրակին, այնուհետև թրմել մինչև սառչի և քամել: Ստացված եփուկն օգտագործել պարբերաբար բերանի խոռոչը ողողելու համար: Այն ոչ միայն կթարմացնի շնչառությունը, այլև կամրապնդի լնդերը:

1 թեյի գդալ սրոհունդին ավելացնել մի բաժակ եռման ջուր, թրմել, այնուհետև քամել ու օգտագործել բերանի խոռոչի ողողման համար:

Բերանի խոռոչի տհաճ հոտից ու լնդերի արյունահոսությունից ազատվելու համար շատ արդյունավետ կարող է լինել նաև ակնամոմը: Պարզապես կարելի է մաստակի փոխարեն ակնամոմ ծամել: