Գիտնականները պարզել են՝ ինչպես է վիտամին D-ն անդրադառնում սրտանոթային համակարգի աշխատանքի վրա

Լիդսի համալսարանի (Մեծ Բրիտանիա) գիտնականները բժիշկ Կլաուս Վիտտեի ղեկավարությամբ անցկացրել են հետազոտություն՝ պարզելու, թե ինչպես է վիտամին D-ն անդրադառնում սրտանոթային համակարգի աշխատանքի վրա:

Գիտնականների խոսքով՝ ամեն օր այս վիտամինի որոշակի չափաբաժին ընդունելն օգնում է խուսափել առողջական լուրջ խնդիրներից ու բարդ վիրահատություններից:

Հետազոտությանը մասնակցել է սրտի աշխատանքի խանգարումով 165 մարդ, որոնց մեծ մասը շուրջ 70 տարեկան էր: Գիտնականների խոսքով՝ հետազոտությունից առաջ մասնակիցների մոտ սրտամկանի յուրաքանչյուր կծկման հետ արտամղվող արյան քանակությունը չէր գերազանցում 26%-ը: Հետազոտության շրջանակներում բոլոր մասնակիցները բաժանվել են երկու խմբի, որոնցից առաջին խմբի մասնակիցներն ընդունում էին վիտամին D, իսկ երկրորդ խմբի անդամները՝ պլացեբո:

Ուսումնասիրության արդյունքում գիտնականները պարզել են, որ պլացեբո ընդունած մասնակիցների մոտ սրտամկանի աշխատանքի հետ կապված որևէ դրական փոփոխություն չի նկատվել, մինչդեռ վիտամին D ընդունած մասնակիցների մոտ  սրտամկանի յուրաքանչյուր կծկման հետ արտամղվող արյան քանակությունը 26%-ից հասել է 34%-ի:

Այս կերպ գիտնականներին հետազոտության արդյունքում հաջողվել է ապացուցել, որ վիտամին D-ն դրական ազդեցություն է ունենում սրտամկանի աշխատանքի վրա, ուստի հարկավոր է անպայման հետևել օրգանիզմում այս տարրի մակարդակին:

Նյութի աղբյուրը՝ med2.ru