«Այս Ամանորն առանձնացավ իմ ու ընտանիքիս համար»․ Անելյա Գուբրյանը՝ տարբերվող Նոր տարվա և Ձմեռ պապիկից ակնկալիքներ չունենալու մասին

Դերասանուհի Անելյա Գուբրյանի համար 2020 թվականի Ամանորը տարբերվող էր: Tert.am Life-ի հետ տոնական զրույցում Անելյան պատմել է Ամանորը դիմավորելու նախընտրելի տարբերակի, նվերներ ընտերելու և Ձմեռ պապիկից ակնկալիքներ չունենալու մասին։

 

«Առանձնապես տոների սիրահար չեմ, որովհետև այդ եռուզեռն ինձ համար չէ, սակայն այս Ամանորն իմ ու ընտանիքիս համար առանձնացավ. Հայաստանում էր ժամանել մեր ընտանիքի սիրելի կատարողներից մեկը՝ Գորան Բրեգովիչը։ Շատ ենք սիրում նրան, ուղղակի չէինք կարող բաց թողնել Հանրապետության հրապարակում նրա տոնական համերգը»,-ասաց Անելյան։

Մոդելն Ամանորն ավանդական տարբերակով անցկացնելու սիրահար չէ, ունի տոնը նշելու իր տարբերակը, որը կիրականացնի առաջին իսկ հնարավորության դեպքում․ «Շատ եմ ուզում գնալ եվրոպական որևէ երկիր և մենակ տոնել Ամանորը։  Չեմ կարևորում, թե որ երկրում կլինեմ, կարևորում եմ մենակ լինելու փաստը։ Կարծում եմ՝ դա ինձ համար Ամանորը նշելու լավագույն տարբերակը կլինի։ Նոր տարին մենակության զգացումով դիմավորելը հետաքրքիր է, որովհետև յուրաքանչյուրս, անկախ ամեն ինչից, մենակ է ծնվում։ Նույն տարբերակով կցանկանայի նշել նաև տարեդարձս,-ասաց Անելյան ու ժպիտով ավելացրեց,- սա իհարկե չի նշանակում, որ ես մենակյաց կամ չշփվող մարդ եմ»։

Քանի դեռ իր ցանկությունը չի իրականացրել, Անելյայի համար ամենահիշարժան Ամանորը շարունակում է մնալ 2018 թվականը։ «Ես ու տատիկս շատ հետաքրքիր սովորություն ունենք. երազանքներս գրել թղթին, վառել, գցել շամպայնի մեջ և խմել։ Տարիներ առաջ ցանկությունների այդ թուղթը բավականին մեծ էր, ժամանակի հետ փոքրացավ։ 2018 թվականի Ամանորը շատ է տպավորվել, որովհետև այդ տարի թղթին հանձնեցի չորս կետ, մտածում էի՝ տարիներ անց կիրականանան, սակայն բոլորը կատարվեցին հենց նույն թվականին: Առայժմ կյանքիս ամենակարևոր թվականը մնում է 2018-ը, այդ Ամանորը շատ եմ կարևորում»։

Ինչպես նվերներ տալու, այնպես էլ ստանալու հարցում Անելյան բծախնդիր է․ «Կլինեն ամանորյա նվերներ, թե այլ առիթով, միշտ տվյալ մարդուց հարցնում եմ, թե ինչի կարիք ունի: Չեմ սիրում նվիրել զուտ նվիրելու համար։ Ինքս էլ սիրում եմ ասել, թե ես ինչ եմ ցանկանում, ինչի անհրաժեշտություն ունեմ։ Նվերը պետք է ցանկալի լինի, անպետք իրեր հավաքելն անիմաստ է»։

Ինչ վերաբերում է Ձմեռ պապիկին՝  դերասանուհին ասաց, որ նրանից երբեք ակնկալիքներ չի ունեցել․ «Շատ կուզեի, որ Ձմեռ պապիկը վերացներ մարդկանց մեջ եղած նախանձը։ Յուրաքանչյուր հարաբերություն հենց նախանձն է փչացնում։  Ինձ հետ կապված որևէ բան չեմ ուզել Ձմեռ պապիկից, սովոր եմ ամեն ինչ ինքս անել ինձ համար, ինձ գոհացնելու համար ինքս եմ աշխատում։  Եթե անկեղծ, այնպես չէ, որ երբևէ հավատացել եմ Ձմեռ պապիկին․ իրատես եմ, եթե անգամ, Ձմեռ պապիկ էլ կա, նա ինձ պետք չէ»։