Գոշի լվացքը, Իննայի և Բենի լողանալու հերթը, Իննայի և Իրինայի միջև անարդարությունը․ ինչպես են դերասաններն ապրում մի հարկի տակ նոր սերիալի նկարահանման ընթացքում

Գոշը լվացք է անում և փռում, Բենն ու Իննան լողանալու հերթ են պահում, Կարենը սուրճ է պատրաստում, Իրինան և ևս 2 աղջիկ 3 հոգով երկտեղանոց անկողնում են քնում, նախագծի տնօրենը վրանում է քնում, նկարահանման հրապարակ գնում են քայլելով, ոչ թե մեքենայով, շունն անձնակազմից մեկի ոտքն է կծել․սրանք փաստեր են «Կհանդիպենք անտառի տնակում» 24 մասանոց նոր սերիալի դերասանների և նկարահանող անձնակազմի համատեղ կյանքից Լոռու մարզի Քարինջ գյուղում։

Այս ամենը դուք չեք հեռուստատեսությամբ, բայց հենց այս պայմաններում ապրելով են դերասանները նկարահանվում նոր նախագծում։

Tert.am Life–ը ևս մեկնել է Լոռի, 1 օր անցկացրել նկարահանող խմբի հետ ու ֆիքսել հետաքրքիր դրվագները ինչպես նկարահանումների ընթացքից, այնպես էլ նրանց կենցաղավարությունից։

Թեև Իննա Խոջամիրյանն ու Իրինա Այվազյանն առաջին անգամ չեն նկարահանվում միասին, այստեղ են հայտնաբերել, որ «կորած քույրեր» են։ Չէ, արյունակցական կապ չունեն, բայց պարզել են, որ չափազանց նման են իրար։

«Իրինայն շատ եմ սիրում, սկսել եմ շատ ավելի սիրել»,– ասաց Իննան ու հավելեց, որ իրենք տարբեր իրավիճակներում նույն արձագանքն են տալիս, նույն պահին նույն բանն են ասում, իրավիճակները նույն կերպ են ընկալում և վերլուծում։

Սակայն նրանց միջև մի մեծ «անարդարություն» կա:) Իննան նկատեց, որ նկարահանումները շատ ինտենսիվ են՝ արթնանում է առավոտյան 6–ին, նկարահանումներն ավարտում գիշերը 3–ին։ Այս ֆոնին տեսնում է, թե ինչպես է Իրինան մուշ–մուշ ու երկար քնում։

«Անարդար չի, հակառակը, կարծում եմ՝ իր հանդեպ շատ արդար է։ Պարզապես ինձ տրված չէ զբաղված լինել այնքան, որքան ինքը»,– իրավիճակը յուրովի մեկնաբանեց Իրինան, հետո նա և Իննան ծիծաղելով հիշեցին, թե ինչպես Իննան գիշերը 12-ին պարելով, ոգևորված մտավ սենյակ, չէ՞ որ պետք է շուտ քներ, մեկ էլ զանգեցին ու հետ կանչեցին նկարահանման հրապարակ․ 2 տեսարան մոռացել էին նկարահանել:)

«Իրականում շատ ուրախ եմ, որ Իրինան հասցնում է վայելել այս ամենը։ Ես շատ կուզեի ես ու Իրինան համատեղ 2 ժամ  ազատ լինենք, դուրս գանք թափառելու, որովհետև այս պահն նույն էմոցիաներն ունենք գյուղի, այս կոլորիտի հետ կապված։ Ինչ վերաբերում է 4–ին քնելուն, 6-ին արթնանալուն, հասկանալի է, որ ֆորսմաժորային իրավիճակում ենք, օտար միջավայրում։ Ամեն մեկն ուզում է տուն գնալ։ Այստեղ  հավաքվել են 20–ից ավելի տարբեր տեսակի մարդիկ։ Երևանից կտրվելը այն մարդկանց համար, որոնք վերջին 10 տարին այդ աժիոտաժի մեջ են ապրել, սթրես է»,– ասաց Իննան։

Դիտարկմանը, որ իրենցից յուրաքանչյուրը սովոր է մի կենցաղավարության, իսկ կենցաղը միշտ իր հետ բախումներ է բերում, Իննան պատասխանեց իրեն բնորոշ հումորով ու դիվանագիտությամբ․«Ես ամբողջ օրը նկարահանման հրապարակում եմ, կենցաղից Իրինայի հետ խոսիր։ Ես գալիս եմ, լողանում և քնում։ Կարծես իմ բալիկները լինեն, որոնք շուտ չեն արթնանում։ Առավոտյան ես ու դիմահարդարն արթնանում ենք, պաչիկ անում ու գնում, երբ գալիս ենք, արդեն քնած են։ Դե պատասխանիր, Իրինա:)»:

Իրինան Իննայից հետ չմնաց․«Այնպես է, որ նկարահանող ամբողջ կազմը նկարահանման է լինում Իննայի հետ:) Ես ամբողջ օրը սպասում եմ, թե երբ եմ գնալու իմ տեսարանը նկարահանվեմ, հետ գամ։ Իրականում սուտ է, որ ես վայելում եմ, որովհետև ամբողջ օրը սպասում եմ, իսկ ես սպասողական վիճակում չեմ կարողանում վայելել։ Ես էլ այդ տեսանկյունից եմ հոգնում»։

Ի դեպ, գյուղում բոլորը խոսում էին, որ «Էլենի օրագրի» աղջիկն էլ է այստեղ` նկատի ունենալով Իննային, բայց չէին հասկանում՝ ո՞վ է նա։ Մի տատիկ մեզ հարցրեց, թե ո՞րն է Էլենը, երբ ցույց տվեցինք Իննային, ասաց․ «հա՜, նմանացնում չեմ»։ Այս փաստ ուրախացնում է Իննային։ Նոր կերպարի համար սանրվածք է փոխել, լինզաներ դրել և ուրախ է, որ հեռուստադիտողներն իրեն չեն ճանաչում։

Գոշին բռնացրինք լվացք անելուց և փռելուց։ Պարզվում է՝ նրա համար սա շատ անսովոր իրավիճակ չէ։ Չի դժգոհում ոչ պայմաններից, ոչ էլ քաղաքից կտրվելուց։

«Կենցաղս գլխիվայր փոխվել է, բայց ես պատրաստ էի դրան։ Սա առաջին դեպքը չէ ոչ մասնագիտական, ոչ էլ առօրյայի իմաստով։ Ես  հենց այսպիսի պայմաններով մանկություն եմ ունեցել Կապանում՝ մինչև 12 տարեկան։ Ինձ կոմֆորտ է ինքնուրույն հոգալ իմ կենցաղային հարցերը։ Սովոր եմ ուրիշին չխնդրել, օրինակ, տարրական ինչ-որ բանն ինչ-որ տեղ դնել։ Սովոր եմ աման լվալուն էլ, հագուստ լվալուն էլ, սուրճի բաժակն ինքս տանելուն և լվացարանում դնելուն էլ»,– ասաց Գոշը։

Դերասանը նկատեց, որ իր կոմֆորտի համար անհրաժեշտ է 3 բաղադրիչ՝ սոված չլինել, մաքուր լինել և կապ ունենալ․ «Այդ երեքն այստեղ կան։ Ես գիտեմ, որ եկել եմ անելու իմ գործն ու այստեղ ավել ինչ-որ բան փնտրելը սխալ կլինի»։

Լոռի մեկնելուց հետո Գոշը որևէ օր չի վերադարձել Երևան։ «Իմ կարծիքով՝ ճիշտ է գալ և մնալ, որպեսզի իսկապես հայտնվես գյուղի մարդու ամպլուայի մեջ, դիտողն էլ հասկանա, որ դու իրոք գյուղի մեջ ես, ոչ թե կես ժամ առաջ ես եկել, նկարահանվել»։

Գյուղում ապրող մարդու ամպլուայի մեջ է լիարժեք հայտնվել նաև Բեն Ավետիսյանը՝ արևից այրված մաշկով ու փոքր–ինչ երկարած մազերով։ Կինը՝ Դիանա Տոնոյանը, որը 3 օրով այցելել էր ամուսնուն, մեզ հետ զրույցում նկատեց, որ Բենը մազերը կտրում է 3 օրը մեկ, 10 օրը նրա համար չափազանց երկար է։

Կենցաղային անհարմարություններից դերասանը մի քիչ նեղվում է, միաժամանակ նկատում, որ դա նպաստել է իսկապես դառնալ այն կերպարը, որը պիտի խաղար։ Առավոտյան վաղ արթնացող, գիշերը շատ ուշ ավարտող մյուս դերասանը Բենն է՝ Իննայի խաղընկերը։

«Եթե մի օր ժամը 9-ին կամ 11–ին եմ արթնանում, դա շատ ուշ է համարվում։ Առավոտից ուշ գիշեր նկարահանվում ենք։ Կենցաղս գլխիվայր փոխվել է։ Դա ինձ օգնեց կերպարի առումով, լիարժեք մտա գյուղական կենցաղի մեջ, բայց անհարմարություններ կան,– ասաց դերասանն ու ինքն էլ մատնանշեց մազերի երկարելը,– քաղաքի նկարահանումների պայմանները չունես, հանգստի ժամ չունես, ուտում ես ինչ կա»։

Նկարահանող անձնակազմից իմացանք համատեղ կյանքի երրորդ օրը Բենը չի դիմացել ու խնդրել է ամեն օր տապակած կարտոֆիլ պատրաստել, քանի որ դա և՛ շատ համեղ է, և՛ հագեցնող։

«Ես միշտ տապակած կարտոֆիլ եմ պահանջում, դա այն ուտելիքն է, որից երբեք չեմ հրաժարվի,– ծիծաղելով ասաց դերասանը, ապա ավելացրեց,– Այսինքն՝ անգամ դա կարող է խնդիր լինել՝ ես սա չեմ սիրում, ես այն չեմ սիրում, բայց արդեն պատրաստի ուտեստ կա, պիտի ուտես, թե չէ սոված ես մնալու։ Կենցաղը կիսում ենք 20 հոգու հետ։ Ամեն մեկս փորձում ենք այնպես անել, որ դա բացասական չազդի մեզ վրա, անգամ, երբ մեկը բաղնիքում երկար է լողանում։ Հասկանում ենք, որ եկել ենք աշխատանքի, պիտի հագուստն էլ պիտի լվանք, արդուկենք։ Դիանան 3 օրով եկել էր, շատ օգնեց ինձ, բայց արդեն գնում է»։

Բենը շեշտեց, որ իրեն շատ են դուր եկել գյուղը, մարդիկ․ «Բոլորին այնպես ջերմ ենք բարևում, կարծես, ես այստեղ եմ ծնվել, մեծացել, իրենք էլ գիտեն՝ ում թոռն եմ»։

Ի դեպ, Բենն ամենակարգապահն է, օգնում է, որպեսզի բոլորը պահեն կարգուկանոնը․ այս փաստը մեզ հետ զրույցում ընդգծեց Ջուլիա Եղշատյանը։ Իսկ ահա զավեշտը, ըստ նրա՝ Գոգա Գալստյանն է, որը ներկայանում է Բիձա կեղծանունով։

«Բոլորս էլ խոստովանում ենք, որ Գոգան մեր խմբի ուրախությունն է։ Երբ ինչ-որ բանից տխրում կամ նեղվում ենք, ինքը միանգամից ցրում է մթնոլորտը, հումորներ անում»,– ասաց Ջուլիան, «Բիձան» էլ նկատեց․«Եթե ես այս խմբում չլինեմ, բոլորը կքնեն էներգիայի պակասից»։

Նա նաև շեշտեց, որ ապահովում է խմբի համար սննդի բազմազանությունը, հարևանների տանը կարտոֆիլի պլեճ պատրաստում, լավ «մեյնու» ապահովում։

«Մենք բոլորս իրար գիտեինք ոլորտից, բայց մեծ մասս անձամբ այստեղ ծանոթացավ։ Ի զարմանս մեզ՝ բոլորս շատ հեշտ մերվեցինք իրար հետ։ Եթե ինչ-որ խնդիր է լինում, միայն կենցաղային, օրինակ, երեկ բողոքում էին, որ ես երկար եմ լողանում»,– ասաց «Բիձան»։

Այս պայմաններից հետո քաղաքային կյանքը կարոտել է նաև Ջուլիան, բայց ընթացքում Երևան վերադառնալ չի շտապում։ «Ինձ համար ամենաբարդը նկարահանման առաջին օրն էր․ 3 ժամ ճանապարհ գալուց հետո հոգնած էի, բայց հասա ու ամբողջ օրը նկարահանվեցի մինչև ուշ գիշեր։ Այդպիսի օր այլևս չեմ ունեցել»,– ասաց նա։

Դերասանուհի Ալինա Ավետիսյանը մեր գնացած օրն ավագն էր նկարահանման հրապարակում, բայց իր խորհուրդներով գործընկերներին «խեղդել» չի ուզում։  Նա նկատեց, որ իրար խորհուրդներ չեն տալիս, բայց փորձում են ձեռք մեկնել  և օգտակար լինել։

«Գլոբալ ինտրիգներ, որոնք կազդեն բոլորի տրամադրության վրա, չեն եղել։ Աշխատանքն էլ, կենցաղն էլ անցկացնում ենք  բարձր տրամադրությամբ, հետաքրքիր քննարկումներով։ Մարդ ցանկացած իրավիճակում պետք է փորձի գտնել իրեն, ընտելանալ կարճաժամկետ  իրավիճակին։ Նման դեպքերում է մարդը որոշակի կյանքի փորձ ձեռք բերում և ավելի հասունանում»,– ասաց դերասանուհին։

Մեր գնացած օրը նկարահանման հրապարակում չէր դերասանուհի Լիա Զախարյանը։ Պարզվում է՝ Երևանից ամենաշատը նա չի կարողանում կտրվել, ինչը պայմանավորված է նրա մյուս աշխատանքով՝ երեխաներին դերասանի վարպետություն է դասավանդում։

Իննան 1 անգամ է լքել նկարահանման հրապարակը՝ քանի որ ներկայացում ուներ։ Բենը, Գոշը, Իրինան, Ջուլիան, Կարենը, Ալինան եկել են և մնացել Քարինջում։