«Ես ու ամուսինս վայելում ենք այդ զգացողությունները». Լուսինե Թովմասյանը՝ դստեր առաջին դասարանն ավարտելու, նրա նախասիրությունների և եղբոր հանդեպ հոգատար լինելու մասին

«Միսս Հայաստան 2003», «Վիցե միսս Եվրոպա 2006» Լուսինե Թովմասյանի դուստրը՝ Արիանան, օրերս ավարտել է առաջին դասարանն ու վայելում է ամառային արձակուրդները: Tert.am Life-ի հետ զրույցում Լուսինեն խոսել է դստեր հաջողություններով ուրախանալու, նրա նախասիրությունների, եղբոր հետ հարաբերությունների և իր համար նոր նախագծի՝ «Առաջին օգնության» մասին:

Գեղեցկուհու տիտղոսակրի խոսքով՝ դստեր հետ կապված բոլոր զգացողություններն իր համար նոր են՝ առաջին դասարան, ավարտական հանդես:

«Ես ու ամուսինս վայելում ենք այդ զգացողությունները, ուրախանում ենք նրա հաջողություններով: Կա նաև հպարտության զգացում, որովհետև այդ մեկ տարվա ընթացքում ես անմաս չեմ մնացել նրա ուսումից, տնային աշխատանքներից: Արիանան ավարտական հանդես ունեցավ, որի ժամանակ մարմնավորում էր Բարեկենդանի կնոջը: Մեծ հաճույքով է դպրոց գնում, ինչն ամենամեծ ձեռքբերումն ու ուրախությունն է: Դպրոցը խմբակ չէ, որ երեխային դուր չգա ու կարողանաս փոխել: Ես ուզում էի այնպիսի դպրոց ընտրել, որտեղ Արիանան կգնար մինչև վերջին դասարան ու փոփոխություններ չէինք անի: Իրականում, առաջին դասարան գնալիս երեխայի մոտ բարդություններ են առաջանում, խաղային առօրյայից կտրվելն այնքան էլ հեշտ չէ: Արիանան գնացել է 5,5 տարեկանից, իր դեպքում էլ փոքրիկ դժվարություններ եղել են, բայց մեծ բարդությունների չենք բախվել: Թե՛ դպրոցի, թե՛ ընտանիքի կողմից ճիշտ մոտեցում է պետք»,- ասաց նա:

Լուսինեն պատմեց, որ բացի դպրոցը Արիանան այլ հետաքրքրություններ ևս ունի: «Թենիսի, գեղարվեստական գիմնաստիկայի է հաճախում, նաև դահուկ է քշում: Ես ու ամուսինս դահուկ քշելու մեծ սիրահար ենք, Արիանան էլ մոտ երկու տարի է՝ կարողանում է քշել: Նրան այդ մարզաձևը բավականին հեշտ տրվեց, ուղղակի համբերություն ու մի փոքր ջանք էր անհրաժեշտ»,- նշեց նա:

Մայրիկն ընդգծեց, որ դստեր և որդու՝ Ալեքի հարաբերությունները հրաշալի են: «Արիանան ունի իր առանձին սենյակը, որտեղ սովորում է դասերը, պահում իր իրերը, այնպես որ Ալեքը չի խանգարում նրան: Արիանան էլ մեծ քույրիկի պես համբերատար ու հոգատար է եղբոր հանդեպ: Միասին շատ խաղեր են խաղում, Արիանան դառնում է երկու տարեկան ու փորձում է ամեն ինչ անել, որ եղբոր առօրյան ավելի հետաքրքիր անցնի: Մանավանդ, որ արդեն ամառային արձակուրդներ են, և կարողանում են ցերեկը ևս խաղալ՝ չնայած Արիանան հանձնարարություններ ունի: Ես բացատրել եմ, խոսել ենք, որ պետք է հանձնարարություններն անպայման անի, նա էլ համաձայն է ու մեծ հաճույքով պատրաստակամություն է հայտնել դրանք անել: Խիստ մայրիկ չեմ, բայց այնպես չէ, որ ամեն ինչ թույլ կտամ: Իհարկե, համբերատար, մի քանի անգամ բացատրում եմ «չի կարելիները», որ երեխան հասկանա»,- պատմեց նա:

Այս շրջանում Լուսինեն Առաջին ալիքի եթերում վարում է «Առաջին օգնություն» հաղորդաշարը: Շեշտեց, որ բժշկության թեման իր համար նորություն էր: «Չնայած դրան՝ մեծ հաճույքով և սիրով վարում եմ նախագիծը: Շատ լավ է, երբ աշխատանքային շրջապատդ լավն է, ամեն ինչ ավելի հեշտ ու հանգիստ է անցնում: Թեմայի հետ կապված փոքրիկ դժվարություններ կային, որովհետև բժիշկ չէի, բայց փորձը ցույց տվեց, որ նոր բաներ սովորեցի, ինչի համար ուրախ եմ»,- եզրափակեց նա: