«Մի օր կարող եմ «Հրաժեշտի խոսքերից»-ը գրել, մինչ կսկսեն ինձ բաժանություններ ու ցավեր վերագրել, հաջորդ օրն ամուսնանամ»․ Իննա Խոջամիրյանի նոր ֆոտոշարքն ու ճամպրուկային հոգեվիճակը

նախորդ հանգստյան օրերին հասել է Վայոց Ձոր։ Իննան նոր ֆոտոշարքը տրամադրել է Tert.am Life–ին ու զրուցել ինչպես աշխատանքի, այնպես էլ այս փուլում իր հոգեվիճակի, անձնականը հանրայնացնելու հետ կապված ստացած դասի մասին։

«Ես ունեմ լուսանկարիչների մեջ իմ ֆավորիտներին, որոնց հետ պարբերաբար տարբեր գաղափարներ ենք քննարկում և իրականացնում: Իսկ Հայաստանի գողտրիկ վայրերը բացահայտելն ու դրանք հանրության հետ կիսելը, մարդկանց ոգեշնչելը, մոտիվացնելը, որպեսզի Հայաստանն է՛լ ավելի սիրելն իմ հոբբին է դարձել: Հայրենիքը, ավելի քան երբեք, հիմա մեր սիրո կարիքն ունի. թեկուզ մանրուքներում։ Միլենայի հետ մի քանի տարբերակ քննարկեցինք Հայաստանի տարբեր անկյուններում նկարահանելու, արդյունքում ուղեղս փայլատակեց` Արենիի այս սելավապատնեշը վաղուց կար մտքումս: Համակարծիք էինք, ոգևորված, մի օր արթնացանք և անձրև ու ցուրտ եղանակին հասանք Վայոց Ձոր:)»,– պատմեց Իննան։

Այս վայրի մասին Իննան շատ տեղեկություն չունի, ասում է՝ մեծ հետաքրքրությամբ կլսի դրա պատմությունը․ «Շատ եմ փորձել տեղեկություններ հավաքել ջրապատնեշից, առհասարակ, ուր գնում եմ, անպայման, պիտի կարդացած ու իրազեկված լինեմ տվյալ վայրի մասին: Նախապատմությունը փոխում է բոլոր էմոցիաները: Բայց սպառիչ ինֆորմացիա այդպես էլ չգտա, որևէ թվագրություն, կառուցման հստակ պատճառահետևանքային կապ, նպատակ և այլն, և այլն: Նավիգացիան էլ, ցավոք, ոչ մի կերպ չօգնեց, բայց գյուղում բոլորը տեղը գիտեն, մի բարի պապիկի հարցուփորձ արեցինք` գտանք»:

Վերջին շրջանում Իննայի ֆոտոշարքերը պակասել են, թեև նա այս հարցում հայտնի «ակտիվիստ» էր։ Ասում է՝ հոգեվիճակով է պայմանավորված։ Առհասարակ, դերասանուհին խոստովանում է,  որ ֆոտոշարքերը, հիմնականում, իր հոգեվիճակի արտացոլումն են լինում։

«Վերջին շրջանում ոգևորությունն է պակասել, անհոգությունը, էնտուզիազմը, կյանքի իմաստն էլ է պակասել… Ֆոտոշարքն ինչ է, չպակասի… Արժեհամակարգի կտրուկ փոփոխություն է ինձ մոտ, ինչպես և, կարծում եմ, պատերազմից հետո շատերի մոտ… Ապրում ենք, ամեն բան մտել է նախկին անհոգ կաղապարի մեջ, բայց դա ընդամենը կաղապար է: Բացի այդ, չեմ հասցնում. տարված եմ աշխատանքով, հին ռեժիմիս եմ անցել` գործից դուրս հասցնում եմ միայն քնել, ինչի համար այս պահին շատ ուրախ եմ. 2020-ի խորը փոսից հետո, սա ինձ համար բուռն աշխատանքային տարի պիտի լինի»,– ասաց նա:

Խոսելով ներկայիս հոգեվիճակի մասին՝ Իննան ասաց, որ իր մոտ հիմա ճամպրուկային տրամադրություն է։ «Ճամպրուկային հոգեվիճակ ունեմ, ճամփորդել եմ ուզում: Խելահեղ մոլուցք է: Այս տարի միտք ունեմ գոնե 2 եվրոպական երկիր տեսնել. ես կրթվելուն համահավասար ճամփորդելուց եմ լցվում: Խենթի նման սպասում եմ շենգեն գոտին տուրիստների համար բացվի,– ասաց նա, ապա ընդգծեց,– կխնդրեմ հաշվի առնել, որ ճամփորդելը Հայաստանը լքելը չէ: Դա վերջերս չափազանց ակտուալ ու անհրաժեշտից շատ քննարկվող թեմա է, նաև, չգիտես ինչու, իմ դեպքում»:

Օրերս Իննան էմոցիոնալ գրառում էր արել, որը շատերը զուգահեռել էին նրա անձնական կյանքին և քննարկումներ էին սկսվել, որ Իննան և դերասան Զիրոյանը բաժանվել են։ «Գուցե քեզ սրտիդ չափ չեմ սիրում, կամ էլ  թե այնքան ուժգին եմ սիրում, որ չեմ զգում չափը…Ճիշտ ցավի պես… Գուցե ներեմ քեզ… գուցե ես ինքս ներեմ ինձ մի օր…. Կամ էլ թե երբեք չներենք իրար»,– գրել էր նա։

Անդրադառնալով այս գրառմանը՝ դերասանուհին ասաց․ «Ես մեծագույն դաս եմ քաղել կյանքից. անձնականը չհանրայնացնել: Այն գրառումը, որն առնվազն 150.000 հոգու դիտողականություն ունի սոցկայքում, բացարձակապես կապ չունի իմ անձնականի հետ:  Մի օր կարող եմ որևէ առիթով Վահան Տերյանի «Հրաժեշտի խոսքերից»-ը գրել (իմ ամենասիրելիներից է), և մինչ կսկսեն ինձ բաժանություններ ու ցավեր վերագրել` հաջորդ օրն ամուսնանամ: Հա՜, պիցցա էլ շատ եմ սիրում, եկեք անձնականացնենք ու քաղաքականացնենք: Ինչ կա որ։ Բարդ է։)»։