«Կարծես վատ չի ստացվում». Էմմա Ասատրյանի որդու 5-ամյակի լուսանկարները

Էմմա Ասատրյանի եւ Էմանուել Հովհաննիսյանի որդին դարձել է 5 տարեկան: Ծնողները տղայի տարեդարձը նախ նշել են մանկապարտեզում, ապա՝ «Փոքրիկ Էնշտեյն» գիտության թանգարանում: Էմման տոնական օրվա լուսանկարները տրամադրել է BRAVO.am-ին՝ խոսելով ոչ միայն երեխայի նախասիրությունների, այլեւ իր աշխատանքի մասին:
«Անրին շատ անհամբեր էր սպասում տարեդարձին: Կարելի է ասել՝ 2 տարի է՝ սպասում էր այդ օրվան: Անցած տարի քովիդյան խառնաշփոթը սկսվեց, պլանավորել էինք ընկերների հետ նշել, բայց չստացվեց. բոլորս փակվեցինք տներում: Այս տարի վերջին տասն օրն անհամբերությամբ էր սպասում, որ վերջապես նշեինք ընկերների հետ: Գիշերը շուտ քնում էր, առավոտյան էլ շուտ արթնանում էր, որ ծնունդը շուտ գար»,-պատմել է ջազ երգչուհին:

Էմման եւ Անրին այցելել են մանկական սրճարաններ, ժամանցի այլ վայրեր, բայց տղան բոլորովին այլ վայր է ընտրել տարեդարձի համար.«Ընկերներով գիտական, քիմիական փորձեր արեցին, եւ շատ հետաքրքիր օր անցկացրինք»:

Խոսելով որդու մասին՝ երգչուհին ասել է.«Աշխույժ է, սիրում է նկարել, մեր տանը նկարելու իր անկյունն ունի, օրվա մեջ նկարում եւ հետո արդյունքը փակցնում պատին: Շատ է սիրում փազլներ, լեգոներ, մեքենաներ: Բոլոր խաղերը միքսում է, ինչ-որ բաներ է պատրաստում, օրինակ՝ քաղաք, որտեղ մեքենաներ կան, եւ այլն: Այժմ նաեւ մենթալ թվաբանության դասերի է հաճախում, մեծ սիրով գնում է եւ կարծես վատ չի ստացվում»:

Էմման շարունակում է աշխատել երաժշտական դպրոցում եւ Կոնսերվատորիայում. «Հիմնականում զբաղված եմ դասավանդմամբ, ուսանողներս շատ են: Բացի մասնագիտականը, Կոնսերվատորիայում նաեւ «Իմպրովիզացիա» առարկան եմ դասավանդում: Արդեն 11 տարի է՝ դասավանդում եմ Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում, նաեւ բավականին համերգներ են լինում. երգում եմ Երվանդ Երզնկյանի նվագախմբի հետ, երգում եմ ջազ՝ ինձ համար ամենալավ երաժշտությունը: Նաեւ հայերեն ստեղծագործություններ, Կոնստանտին Օրբելյան, մի խոսքով՝ իմ սիրելի երաժշտությունը»: