«Կարևորում եմ, որ աղջիկներս հագնվեն տարիքին համապատասխան»․ Գոհար Հարությունյանի նոր ֆոտոշարքը դուստրերի հետ

Գոհարը պատմեց, որ ֆոտոշարքի գաղափարն իր մոտ ծնվել էր աշնան սկզբին, սակայն պատերազմ սկսվեց ու չիրականացրին։ Մտքի մասին վերհիշել է միայն օրեր առաջ, հապճեպ որոշել իրականացնել այն 3 դուստրերի հետ ու Մարտի 8–ին ներկայացնել լսարանին, Արփինե Կոշտոյանն էլ կարճ ժամանակում ստեղծել է հագուստները։

Գոհարն ընտանեկան ֆոտոշարքեր շատ է ունեցել, սակայն առաջին անգամ ֆոտոշարքն այնպիսին է, որ աղջիկների կերպարն էլ ընդգծված է որպես մոդել։ Գեղեցկուհու տիտղոսակրի ավագ դուստրերը սկսել են հետաքրքրություն ցուցաբերել հեռուստատեսության հանդեպ, նկարահանվում են «Դեպի ճամբար» նախագծում, թեև Գոհարը հուսով է՝ ապագայում այս ոլորտը նրանց համար կլինի հոբբի, ոչ թե հիմնական աշխատանք։

Տարիներ առաջ Գոհարը մեզ հետ հարցազրույցում ասել էր, որ մանկական նորաձևությանը շատ չի հետևում, երեխաների համար հագուստ ընտրելիս առաջնային տեղ տալիս է հարմարավետությանը։ Հիմա նրա աղջիկները դեռահասության փուլում են և որոշակի փոփոխություն կա, թեև որպես մայր նա շարունակում է մեծ ուշադրություն դարձնել  հարմարավետությանը։

«Փառք Աստծո, դպրոցում այնպես չէ, որ իրենք հագուստով միշտ ուշադրության կենտրոնում են։ Թրենդներին հետևում են, բայց չափի մեջ։ Շատ եմ կարևորում, որ աղջիկներս հագնվեն հարմարավետ, վայրին և տարիքին համապատասխան,– ասաց նա ու հավելեց, որ օրինակ, այսօր նման խնդիր ունեին։ –Մարտի 8–ը մեր ընկերների հետ Ծաղկաձորում ենք նշում։ Մեծ աղջիկներս ուզում էին երեկոյան զգեստներ հագնել, քանի որ տոն է, ես բացատրում էի, որ քաղաքից դուրս դա տեղին չի լինի:) Իհարկե, այն տարիքում են, երբ ուրիշների ազդեցության տակ էլ են ընկնում, բայց անցումային տարիք է, փուլային բնույթ է կրում»։

Ըստ Գոհարի՝ գնումներ շատ չեն անում․ «Եթե մի բանի անհրաժեշտություն կա, գնում ենք, եթե ոչ, չենք գնում։ Միշտ ենք այդպես արել։ Ինքս ինձ համար էլ եմ գնումներն ըստ անհրաժեշտության անում, աղջիկներս սովոր են, չեն էլ պահանջում։ Հիմա ավելի շատ շեշտը դնում ենք  աքսեսուարներ, մազերի հարդարման վրա»։

Մոդելը նկատեց, որ դուստրերը դեռ դժվարությամբ են համադրություններ ստեղծում, լսում են իր խորհուրդները։

«Նախկինում, երբ ես իրենց համար հագուստներ էի գնում, նեղսրտում էին, ասում էին՝ ուզում ենք մենք ընտրենք, հիմա միասին գնում ենք խանութ, չեն կարողանում ընտրություն անել, իմ խորհրդով են գնում։ Գույների և հագուստների համադրությունն էլ դեռ շատ լավ չի ստացվում, ես եմ օգնում,– ասաց նա ու հավելեց, որ այս դեպքում սերունդների ճաշակային բախում չի լինում,– ես իրենց տարիքային նորաձևության մեջ եմ ընտրություն անում։ Ինձ համար միայն չափից լայն հուդիներն են անհասկանալի, բայց տեսնում են, ուզում են, չեմ առարկում։ Կմեծանան, իրենք էլ կհասկանան, որ դա այնքան էլ գեղեցիկ չէ»։

Գոհարը նկատեց, որ աղջիկները գրեթե իր հասակին են։ «Նախորդ օրը նկատեցի, որ շատ են մեծացել, այնքան են բոյովացել, որ իմ հագուստները կարող են հագնել։ Ես էլ եմ վաղ տարիքից հասակով եղել։ 8–րդ դասարան էի՝ հասակս 1.80 սմ էր, աղջիկներս դեռ հասակ առնելու տեղ ունեն:)»,– ասաց նա ու հավելեց, որ երբևէ չի բարդութավորվել բարձր հասակից, նախ՝ դասարանում միակ բարձրահասակ աղջիկը չէր, երկրորդ հենց այդ տարիքում մտավ մոդելային աշխարհ, որտեղ դա առավելություն էր։