«Տեսահոլովակում իմ ու Իրինայի պատմությունն է». առաջին մանրամասները Գևորգ Մկրտչյանի ու Իրինա Այվազյանի հետ զուգերգից և տեսահոլովակից

Երգիչ Գևորգ Մկրտչյանն ու դերասանուհի Իրինա Այվազյանը նոր զուգերգ ունեն, որի պրեմիերան տեղի կունենա այսօր: «Իմ թուլությունն ես» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակի մանրամասներն ու լուսանկարները Գևորգն առաջինը վստահել է Tert.am Life-ին:

Երգի խոսքերի և երաժշտության հեղինակն Արման Անտոնյանն է, գործիքավորումն արել են նրա ստուդիայում:

«Երկար ժամանակ է, ինչ ուզում էի զուգերգ ունենալ, բայց չէի գտնում մեկին, ում հետ կարող եմ ցանկությունս իրականացնել: Գիտեի, որ Իրինան շատ լավ ձայն ունի և ափսոսում էի, որ նա իր տաղանդը չի օգտագործում: Իրինան ոչնչով չի զիջում մեր երգչուհիներին, ավելին՝ նրա տեմբրն ավելի գեղեցիկ է, քան շատ երգչուհիների դեպքում: Երկար ժամանակ համոզում էի Իրինային զուգերգ կատարել ինձ հետ, բայց մերժում էր: Վերջերս իմ էջում հարցուպատասխան էի կազմակերպել, որի ընթացքում հարցին, թե ինչո՞ւ Իրինայի հետ զուգերգ չենք երգում, պատասխանել էի, որ նա չի ցանկանում: Իրինան կիսվել էր իմ սթորիով և գրել՝ համոզեցի: Առիթը բաց չթողնելով՝ Իրինայի հետ ժամկետներ հստակեցրի և մինչև Մոսկվա մեկնելս  իրականացրինք աշխատանքը: «Իմ թուլությունն ես» կոչվող երգը, կարելի է ասել, որ իմ ու Իրինայի հարաբերությունների մասին է»,- պատմեց նա ու հավելեց, որ տեսահոլովակում ներկայանում է հասուն կերպարով:

Տեսահոլովակի ռեժիսորը Տիգրան Ավետիսյանն է, ում հետ Գևորգն աշխատում է երրորդ անգամ: «Պետք է կարճ ժամանակահատվածում տեսահոլովակի սցենար մտածեի, որոշեցի, որ հորինված սցենար պետք չէ, կներկայացնենք մի հատված իմ ու Իրինայի սիրո պատմությունից: Սյուժեով ես ու և Իրինան միմյանց խոստանում ենք հաջորդ տարի նույն օրը լինել նույն վայրում: Անցնում է մեկ տարի, ես և Իրինան արդեն բաժանված ենք լինում և պատահաբար հանդիպում ենք: Իրար չենք հասկանում, մեր հեռախոսներին հիշեցում է գալիս, որ նախորդ տարի խոստացել ենք հանդիպել իրար և գնում ենք այդ վայր: Պատմությունը մեզ հետ եղել է նաև իրական կյանքում, միայն ամսաթվերն ենք փոփոխել, որովհետև շատ անձնական էին, չէինք ուզում հանրայնացնել: Տեսահոլովակում Իրինան հարսի զգեստի նման զգեստով է, բայց որպես հարս չի ներկայանում, այդ զգեստը կարող է ընկալվել նաև որպես շքեղ զգեստ: Իրինան կարմիր շրթներկ է օգտագործել, ինչով փորձել ենք կոտրել կերպարը, որպեսզի հարսի նման չլինի»,- ասաց երգիչը:

Գևորգն արդեն տեղադրել է տեսահոլովակի թիզերը, բայց չի բացահայտել, որ հերոսուհին Իրինան է: «Ուզում էինք մինչև վերջ պահել ինտրիգը, բայց երկրպագուներից շատերն արդեն հասկացել են, որ զուգերգն Իրինայի հետ է: Տեսահոլովակի թիզերը տեղադրելուց հետո երկրպագուներիս ասացի, որ ուշադիր լինեն ու կտեսնեն, թե ո՞վ է ինձ հետ զուգերգ երգելու: Թիզերում գրված է «իյեհ», որն իմ ու Իրինայի բառն է, Իրինան իր հարցազրույցներից մեկում ասել էր այդ մասին: Մարդկանց մի մասը մտածում է, որ երգն Իրինային է նվիրված, մյուս մասն էլ մտածում է, որ Իրինայի հետ եմ երգում, այնինչ երկուսը մեկում է»,- նշեց երգիչը:

Թեև Գևորգն ու Իրինան հայտարարել են, որ տևական ժամանակ է՝ բաժանվել են, երգիչը շեշտեց, որ միասին հեշտ են աշխատում: «Մեր հարաբերությունները լավ են, այդ պատճառով նկարահանումների ընթացքում շատ բարդություններ չեն եղել: Տեսարաններ կային, որոնք շատ ռոմանտիկ էին, դրանք Իրինայի մոտ բարդ էին ստացվում, որովհետև միասին չենք, բայց որպես զույգ ենք ներկայանում,- ասաց նա և հավելեց, որ նկարահանումներից հետո իրենց հարաբերություններում փոփոխություն չկա,-Մեզ ժամանակ է պետք: Չեմ կարող ասել կմիանա՞նք, թե՞ ամեն մեկս իր ճանապարհով կգնա: Մեզ մոտ ընկերությունն ավելի լավ է ստացվում, քան զույգ լինելը: Ավելի լավ է՝ դադար վերցնենք, հետո նորից սկսենք կամ չսկսենք, քան ամեն օր վիճենք: Հնարավոր է՝ ընկերություն ասվածն էլ ուղղակի որպես հեքիաթ ենք ստեղծել մեզ համար և հիմա ընկերներ չենք: Ամեն ինչ ժամանակը ցույց կտա»:

Գևորգը վստահեցրեց, որ իրենց հարաբերությունները որպես ռեյթինգի միջոց չեն օգտագործում, պարզապես իրենց մոտ ավանդույթ է դարձել տարվա այս ժամանակահատվածում համատեղ ինչ-որ նախագիծ ներկայացնելը: «Ամեն անգամ չենք կարող նույն նախագիծը ներկայացնել, փոփոխություններ են պետք, որպեսզի չհոգնեցնենք: Մենք ռեյթինգի համար ոչինչ չենք անում, բաժանման մասին խոսելն էլ շատ պատահական է ստացվել: Բաժանվել ենք ամռանը, բայց այդ մասին խոսել ենք ամիսներ անց: Իրինան խոսեց, որովհետև այդ պահին զգացմունքների ազդեցության տակ էր, պատասխանել է իրեն տրված հարցերին: Ես էլ որոշեցի խոսել, որպեսզի մարդիկ ինձ չմեղադրեն, որովհետև շատ հաղորդագրություններ էի ստանում, թե ես Իրինային չեմ սիրում: Եթե ինչ-որ բան ռեյթինգի համար անեինք, կխոսեինք բաժանման մասին հենց ամռանը, բայց մենք այդպես չենք վարվել»,- նշեց երգիչը: