Մասնագետը նշել է՝ որոնք են քաշի անսպասելի ավելացման հիմնական պատճառները

Ավելորդ քաշն ամենատարածված խնդիրներից մեկն է, որի դեմ ներկայում պայքարում են միլիոնավոր մարդիկ։ Սա բավական վտանգավոր խնդիր է, քանի որ զգալիորեն բարձրացնում է մի շարք խանգարումների զարգացման հավանականությունը, ուստի զարմանալի չէ, որ մասնագետները հորդորում են հնարավորինս շուտ ազատվել ավելորդ կիլոգրամներից ու կարգի բերել կազմվածքը։

Ավելորդ քաշից ազատվելու համար մարդիկ սովորաբար տարբեր սննդակարգեր են կիրառում ու ավելացնում են ֆիզիկական ակտիվությունը, սակայն ցանկալի արդյունքին հասնելու համար հարկավոր է առաջին հերթին հասկանալ քաշի ավելացման պատճառն ու ազատվել հենց դրանից։ Սա հատկապես կարևոր է քաշի կտրուկ ավելացման դեպքում, քանի որ այն կարող է բավական լուրջ ախտաբանական գործընթացների մասին հուշող ախտանշան լինել։

Բժիշկ-ներզատաբան Ելենա Գուբկինան թվել է քաշի անսպասելի ավելացման հիմնական պատճառները։ Մասնագետի խոսքով՝ մարմնի զանգվածի ավելացման վրա հաճախ ազդում է քնի պակասը, ինչը շատերն անտեսում են։ Բանն այն է, որ քնի սխալ ռեժիմի դեպքում մարդու ախորժակը մեծանում է, քանի որ այդ կերպ գլխուղեղը փորձում է մեծ քանակությամբ կալորիաների միջոցով վերականգնել էներգիայի մակարդակը։ Բացի այդ, քնի պակասը նաև խանգարում է նյութափոխանակությունը, ինչը ևս նպաստում է քաշի ավելացմանը։

«Քնի պակասի հետևանքով դանդաղում է նյութափոխանակությունը, քանի որ խանգարվում է հորմոնների արտադրությունը՝ բարձրանում է ինսուլինի ու կորտիզոլի արտադրությունն ու նվազում է սոմատոտրոպ հորմոնի՝ աճի հորմոնի արտադրությունը», — նշել է Գուբկինան «Արգումենտի ի ֆակտի» («Аргументы и Факты»)  պարբերականի հետ զրույցում։

Քաշի անսպասելի ավելացման մյուս պատճառը, ըստ բժշկի, երկարատև սթրեսի ազդեցությունն է, ինչի հետևանքով մակերիկամները մեծ քանակությամբ կորտիզոլ հորմոն են արտազատում։ Այս հորմոնն իր հերթին նպաստում է մեծ քանակությամբ ճարպաշերտերի կուտակմանն ու թույլ չի տալիս նիհարել։

Բացի այդ, քաշն անսպասելի ավելանում է նաև օրգանիզմում հեղուկի կուտակման հետևանքով, ուստի նման դեպքերում հարկավոր է առաջին հերթին կարգավորել հեղուկի գործածության ռեժիմը, նվազեցնել աղի գործածությունն ու խուսափել սննդամթերքի այնպիսի տեսակներից, ինչպիսին են երշիկեղենը, չիպսերը և այլն։

Վերոնշյալ խնդիրներից բացի քաշի ավելացման պատճառ կարող են դառնալ նաև ծխախոտից հրաժարվելն ու որոշակի դեղորայքի, օրինակ՝ գլյուկոկորտիկոիդների (ստերոիդային հորմոնների), նեյրոլեպտիկ դեղամիջոցների, հակադեպրեսանտների և հակաջղաձգումային դեղերի ընդունումը։