«Սկսում եմ պարտքի զգացումով՝ ապրելու ու վերածնվելու». Յուլիա Ֆինկ

Պատերազմի օրերին դերասանուհի Յուլիա Ֆինկի ինստագրամյան էջում ընտանեկան ֆոտոշարքերին փոխարինելու եկան Շուշիից փոքրիկների եւ զինվորների լուսանկարները, եւ միայն տարեմուտին նա, փոքրիկների հետ լուսանկար, ապա իր դիմանկարը հրապարակելով, հետեւորդների հետ կիսվեց, որ «փորձում է գիտակցության մեջ միացնել լավատեսության լույսը»:

Դերասանուհին նշել է, որ 2020 թվականն իր համար դաս էր.«Այո, ցավոտ դաս: Տարի, որն ինձ ուժեղացրեց, որն ինձ սովորեցրեց գնահատել կյանքը, խաղաղությունը, մարդկանց, հայրենիքը, ժամանակը, այն, ինչ ես ունեմ, տարի, որը մեզնից խլեց մեր սիրտն ու միտքը եւ ցույց տվեց, թե հայրենաիրությունն ու խիզախությունն ինչքան բարձր գին կարող են ունենալ, բայց անձնազոհության այս անհավանական օրինակները կտոր-կտոր լցվեցին մեր հոգին եւ սառույց դարձան, կամք դարձան, աննահանջ պայքարի բռունցք… Նոր 2021-ը սկսում եմ նոր ոգով, նոր հավատամքով, պարտքի զգացումով՝ ապրելու ու վերածնվելու՝ ի հեճուկս մեր ուժերը թերագնահատողներին եւ հանուն մեզ երկրորդ կյանք տված, մեր տեսակն ու հայրենիքը ազնվացրած հերոսների… Խաղուղություն ու նոր որակ ու նոր թռիչքներ մեզ… »: