«Չէինք որոշում օրը՝ հուսալով, որ պատերազմը շուտ կավարտվի». Անի Վարդանյան

3 ամիս է՝ Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասաններ Վիգեն Թադեւոսյանն ու Անի Վարդանյանը վայելում են իրենց երկրորդ բալիկի ներկայությունը: Թե ինչպես են որոշել փոքրիկի անունը, հեշտ է արդյոք երկու երեխայի մայր լինել, որտեղ են դիմավորել Ամանորը, Անին պատմել է BRAVO.am-ին եւ տրամադրել բալիկների` վերջերս իրականացրած ֆոտոշարքը:

«Մեր երկրորդ աղջիկը մեր կյանքում հայտնվեց շատ անսպասելի եւ այդ նորությամբ փոխեց մեր ընտանիքի առօրյան: Այդ ամենը մեկ անուն ուներ՝ հրաշք: Մեր մեծ աղջիկը՝ Յանան, այնքան ուրախ էր, կարծես Աստված իր համար ուղարկած լիներ մեր մյուս հրաշքին: Նա շատ էր ցանկանում քույրիկ ունենալ, եւ այդպես էլ եղավ: Ուրախալի այդ օրերին երբեք չէինք մտածի, որ այդքան ցավոտ ամիսներ կանցնենք. սկսվեց չարաբաստիկ վարակը, մի քանի ամիս հետո պատերազմը: Շատ բարդ, սթրեսային եւ տխուր օրեր էին, մինչեւ որ հասկացա՝ պետք է դատարել լուրերին հետեւել, այլ մտածել փոքրիկի մասին, հավաքել ուժերը եւ ծննդատուն գնալ»,- ասել է դերասանուհին:

Յանան եւ Վիկտորյան

Անիի խոսքով՝ փորձել է փոքրիկի լույս աշխարհ գալը հետաձգել.«Հույս ունեինք, որ պատերազմն օր առաջ կավարտվի: Նախատեսված ժամկետի վերջին օրը ծնվեց մեր բալիկը: Անունն այնքան միաձայն ու վստահ ընտրեցինք՝ Վիկտորյա՝ հաղթանակ, կարծես այդպես էլ պետք է լիներ: Իսկ մինչ այդ միանգամայն երկու տարբեր անունների միջեւ էինք տատանվում»:

Հղիության ընթացքում դերասանուհին ֆոտոշարք չի իրականացրել, սակայն նշում է՝ բալիկներին չլուսանկարել չէր կարող.«Այս պահերը երբեք չեն կրկնվի եւ քույրիկի հոգատարությունն ու սերը պետք էր անմահացնել»:

Անի Վարդանյանը

Հասցրել են փոքրիկի հետ ճամփորդել.«Փորձում ենք մեր ամառային հանգիստը արտերկրում կազմակերպել, բայց այս տարի պանդեմիայով պայմանավորված չկարողացանք, վերջին ամիսներին էլ հոգեկան, ֆիզիկական ծանրաբեռնվածությունը շատ էր, եւ մեր հանգիստը ծրագրեցինք ձմեռային արձակուրդներին՝ ընտրելով Դուբայը: Հանգիստը շատ վախենալու էր թվում փոքրիկների հետ, բայց փառք Աստծո, ամեն բան շատ լավ անցավ, անգամ գնումների գնացինք»: