Մասնագետը ներկայացրել է իմունային համակարգի աշխատանքը բարելավելու ամենապարզ ու հասանելի միջոցը

Ձմռանը բարձր դիմադրողականություն ու ամուր իմունային համակարգ ունենալը շատ կարևոր է, քանի որ օգնում է խուսափել վարակումներից, իսկ վարակվելու դեպքում էլ նպաստում է արագ ապաքինմանը, սակայն խնդիրն այն է, որ տարվա այս եղանակին առավել հաճախ է նկատվում իմունիտետի անկում, ուստի հարկավոր է լինում հավելյալ ջանքեր գործադրել իմունային համակարգն ամրապնդելու համար։

Բժիշկ-թերապևտ Օլգա Բուրլակովան, սակայն, ներկայացրել է մի պարզ, բայց արդյունավետ ու հասանելի միջոց իմունիտետը բարձրացնելու և COVID-19-ի ու այլ վարակիչ հիվանդությունների զարգացման հավանականությունը նվազեցնելու համար։

Խոսքը հատապտղային թուրմի գործածության մասին է, որը պատրաստելու համար հարկավոր է կիրառել թթու հատապտուղներ, օրինակ՝ չիչխանի, հապալասի, բռնչու կամ արոսենու հատապտուղները։ Ավելին՝ շատ արդյունավետ կարող է լինել նաև հասարակ կիտրոնը։

Թուրմը պատրաստելու համար պարզապես հարկավոր է հատապտուղները տրորել, ավելացնել ջուր և թողնել մի փոքր թրմվի։ Այս ըմպելիքն արդյունավետ կերպով վերականգնում է թթվահիմնային բալանսն ու հագեցնում է օրգանիզմը վիտամիններով։ Միևնույն ժամանակ մասնագետը հիշեցնում է նաև բավարար քանակությամբ հասարակ մաքուր ջուր խմելու անհրաժեշտության մասին։ Հարկ է հիշել, որ մարմնի զանգվածի յուրաքանչյուր կիլոգրամի դիմաց հարկավոր է խմել 30 մլ հեղուկ։

Իմունային համակարգի ամրապնդման համար շատ արդյունավետ կարող է լինել նաև ակնամոմի ոգեթուրմը, որը հարկավոր է օգտագործել բերանի խոռոչի ու քթի խոռոչների ողողման համար։ Գրիպի ու շնչառական համակարգի այլ հիվանդությունների կանխարգելման արդյունավետ միջոց կարող են լինել նաև կարմիր կծու պղպեղը, ծավաբողկն ու վասաբին։ Սննդամթերքի այս տեսակները խթանում են մարսողական համակարգի աշխատանքի, իսկ իմունախթան բջիջների մոտ 70%-ը հենց այս համակարգում են գտնվում։

Մասնագետը նաև խորհուրդ է տալիս մեղվակաթ օգտագործել՝ նշելով, որ այն օգտակար նյութերի անչափ հարուստ աղբյուր է։

Միևնույն ժամանակ բժիշկը նաև նախազգուշացնում է, որ իմունախթան միջոցների գործածությունը կարող է շատ վտանգավոր լինել, քանի որ իմունային համակարգը շատ զգայուն է նման դեղորայքի նկատմամբ։ Դրանց ազդեցության տակ իմունային բջիջների աշխատանքը վատթարանում է, ինչի հետևանքով դրանք չեն կարողանում հայտնաբերել ու ոչնչացնել օրգանիզմում հայտնված վիրուսներն ու բակտերիաները։ Սա կարող է շատ վտանգավոր լինել, հատկապես՝ համավարակի ժամանակ։

Նյութի աղբյուրը՝ actualnews.org