Լավագույն բնական միջոցները կոկորդի ցավը մեղմելու համար. 5 բաղադրատոմս

Հարբուխն ամենատարածված հիվանդություններից մեկն է, որը սովորաբար սեզոնային բնույթ է կրում։

Շատ հաճախ մարդիկ պարզապես անուշադրության են մատնում այս հիվանդությունը՝ շարունակելով վարել սովորական կենսակերպ, քանի որ որպես կանոն հարբուխը բուժվում է առանց որևէ միջամտության ընդամենը մի քանի օրում, սակայն միևնույն ժամանակ այն կարող է դրսևորվել բավական տհաճ ախտանշաններով ու խիստ բացասաբար անդրադառնալ մարդու կյանքի որակի վրա, ուստի մասնագետները խորհուրդ են տալիս անպայման միջոցներ ձեռնարկել հիվանդության տհաճ դրսևորումները մեղմելու համար:

Հարբուխի հիմնական ախտանշաններն են ընդհանուր թուլությունը, կոկորդի ցավը, հազն ու փռշտոցը, որոնցից ազատվելու համար մարդիկ հաճախ ընդունում են հատուկ դեղամիջոցներ, սակայն մասնագետները վստահ են, որ խնդրի դեմ կարելի է պայքարել նաև բնական միջոցներով, որոնք շատ ավելի անվտանգ են ու հասանելի։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում լավագույն բնական միջոցները, որոնք կօգնեն առանց դեղամիջոցների հեշտությամբ մեղմել կոկորդի ցավն ու հարբուխի այլ ախտանշանները։

  • 3-4 գրամ բռնչու մանրացրած կեղևին ավելացնել մի բաժակ եռման ջուր, 15 րոպե եռացնել, այնուհետև թրմել ևս 45 րոպե։ Ստացված թուրմն օգտագործել կոկորդը պարբերաբար ողողելու համար։
  • 1 ճաշի գդալ ծովաբողկի մանրացրած արմատին ու 1 ճաշի գդալ աղացած մեխակին ավելացնել մի բաժակ գոլ ջուր, 10 րոպե թրմել, այնուհետև ստացված թուրմն օգտագործել օրական 3-4 անգամ կոկորդը ողողելու համար։
  • 1:1:1 հարաբերակցությամբ խառնել չորացրած ու մանրացրած երիցուկի ծաղիկները և անանուխի ու եղեսպակի տերևները, այնուհետև ստացված խառնուրդի 1 ճաշի գդալին ավելացնել մի բաժակ եռման ջուր, իսկ երբ եփուկը մի փոքր սառչի, ծածկել գլուխը սրբիչով և 15 րոպե շնչել բարձրացող գոլորշին։
  • 1 ճաշի գդալ նվենու (էվկալիպտ) մանրացրած տերևներին ավելացնել 200 մլ եռման ջուր և 10 րոպե եռացնել միջին կրակի վրա։ Ծածկել տարան կափարիչով, թրմել ևս 15 րոպե, այնուհետև քամել։ Ստացված եփուկն օգտագործել օրական 3-4 անգամ կոկորդը ողողելու համար։
  • 2 ճաշի գդալ սև հաղարջի չորացրած հատապտուղներին ավելացնել մի բաժակ եռման ջուր, թրմել մեկ ժամ, այնուհետև քամել և խմել թուրմն օրական 4 անգամ ¼ բաժակ։

Այս բնական միջոցները շատ արդյունավետ են հիվանդության զարգացման սկզբնական շրջանում տհաճ զգացողությունները մեղմելու համար, սակայն հարկ է հիշել, որ առողջական լուրջ խնդիրների դեպքում հարկավոր է անպայման դիմել մասնագետին, քանի որ ինքնաբուժությունը կարող խիստ վնասակար լինել ու էլ ավելի վատթարացնել հիվանդի վիճակը: Բացի այդ, երբեմն մրսածությանը բնորոշ ախտանշանները պայմանավորված են լինում շատ ավելի վտանգավոր հիվանդութուններով, որոնց դեմ անհապաղ միջոցներ չձեռնարկելը կարող է շատ լուրջ հետևանքներ ունենալ։ Նման խնդիրներից խուսափելու համար հարկավոր է անպայման խորհրդակցել բժշկի հետ, քանի որ միայն փորձառու մասնագետը կկարողանա պարզել խնդրի պատճառն ու նշանակել անհրաժեշտ բուժումը, որը կլինի արդյունավետ ու չի առաջացնի կողմնակի բարդություններ:

Նյութի աղբյուրը՝ aif.ru