Ինչպես օգնել երեխային մասնագիտության ընտրության հարցում

Երբ ծնողներն ամեն ինչ անում են երեխայի համար, հոգի են դնում նրա ամեն մի հաջողության համար, ապա նրանց չի կարող չհուզել այն, թե ով է դառնալու իրենց երեխան մեծանալուց հետո, կկարողանա՞ արդյոք նա հաջողության հասնել կամ գոնե իր օրվա ապրուստը վաստակել։

Սակայն հաճախ «ճիշտ» դաստիարակություն և «կարգին» մասնագիտություն տալու ծնողների ջանքերը բերում են նրան, որ երեխան, չցանկանալով դեմ գնալ ծնողների կամքին, հիասթափվում է իր աշխատանքից, զգում է, որ իր տեղում չէ, որ միայն զուր ժամանակ է կորցրել։

Այս պատճառով էլ այսօր Positive-ը որոշել է կիսվել մի քանի ծնողների կարծիքով, որոնք ընտրության ազատություն են տալիս երեխային և բացարձակ չեն անհանգստանում նրա ընտրության համար։

Ապագա մասնագիտության ընտրություն

«Մենք կնոջս հետ համոզված ենք, որ երեխան պարտավոր է ինքն ընտրել իր ապագա մասնագիտությունը։ Չէ որ հնարավոր չէ երջանիկ լինել, եթե զբաղվում ես չսիրած գործով»,– գրում է օգտատերերից մեկը։

«Մենք փորձում ենք թույլ տալ մեր տղային փորձել այն ամենը ինչ ինքն ուզում է։ Երբ նա ինչ–որ բանի նկատմամբ հետաքրքրություն է ներկայացնում, մենք նրան առաջարկում ենք լրացուցիչ կուրսերի գնալ։ Ինչ վերաբերում է դպրոցին, ապա մենք պայմանավորվել ենք, որ նա վատ գնահատականներ չի ունենալու, ոչ էլ վատ վարքի վերաբերյալ դիտողություններ։ Իսկ մնացած դեպքերում նա ազատ է ուսմանը այնքան ժամանակ տրամադրել, որքան կկամենա։ Միևնույնն է, կյանքի համար կարևոր գիտելիքները նա այսպես թե այնպես կստանա։ Նույնիսկ եթե Գերմանը համալսարան չընդունվի, մենք չենք տխրի։ Ես միայն շնորհակալություն կհայտնեմ, որ նա գումար է խնայել։ Այսօր բարձրագույն կրթությունն անհրաժեշտ է միայն բժշկի կամ ինժեների աշխատանքի համար։ Այն, ինչ ես սովորել եմ տնտեսագիտական բուհում եղել է միայն գլխով մտածելն ու մարդկանց հետ պայմանավորվելը։ Կարծում եմ 4 տարվա համար այնքան էլ շատ չէ։ Բայց ամեն դեպքում, այնքան կարևոր չէ թե ինչ կդառնա նա, տիեզերագնաց, թե՝ սովորական վարորդ, կարևորը, որ նա երջանիկ լինի», – եզրափակում է ձեռնարկատեր ծնողը։

«Աշխարհն ամեն տարի փոխվում է, իսկ երեխաներին շարունակում են դպրոցում սովորեցնել նույն այն առարկաները, որոնք սովորում էինք տասնյակ տարիներ առաջ։ Այդ պատճառով էլ ես անհանգստանում եմ՝ պետք կգա՞ն որդուս այդ գիտելիքները։ Լավագույնը, ինչ ես կարող եմ անել, դա սովորեցնելն է երեխային կարողանալ ճիշտ շփվել տարբեր տարիքի և սոցիալական կարգավիճակի մարդկանց հետ»,– գրում է HR-մենեջեր Սվետլանա Անտոնյանը։

«Եթե նա կարողանա լեզու գտնել մարդկանց հետ, ապա և իր տեղը կգտնի կյանքում։ Ես կուզենայի, որ տղաս IT ոլորտում աշխատեր, բայց դա միայն իմ ցանկությունն է, այ իսկ երեխայի ունակություններն ու ցանկությունները լրիվ այլ են»,– համոզված է Սվետլանան։

Երեխայի մասնագիտության ընտրության խնդիրը ծառանում է բոլոր ծնողների առաջ։ Եվ որքան վաղ սկսեն նրանք մասնագիտական կողմնորոշման ուղղությամբ աշխատել երեխայի հետ, այնքան ավելի հեշտ կլինի հասկանալ երեխայի հետաքրքրություններն ու հակումները։ Իսկ տալ երեխային ընտրության ազատությունմ թե պնդել ընտրել այն, ինչ ծնողի կարծիքով ճիշտ է, ամեն ծնող ինքը պետք է որոշի։