«Նույն հագուստը կարելի է գնել ավելի մատչելի». Անելյա Գուբրյանի ամենաթանկ և ամենաէժան գնումները

Հայտնի մարդկանց ոճն ու սիրելի իրերը ներկայացնող շարքի շրջանակում Tert.am Life–ը ներկայացնում է դերասանուհի Անելյա Գուբրյանին:

Անելյայի խոսքով` տարբեր ոճերի հագուստ է հագնում, կարևորում է ոչ այնքան հագուստի ոճը, որքան գույնը:

«Պաշտում եմ սև գույնը, այն գերակշռում է զգեստապահարանումս: Առօրյայում կրում եմ հարմարավետ հագուստ, թրենդներին չեմ հետևում, հագնում եմ այն, ինչ ինձ սազում է: Սպորտային ոճի հագուստ ունեմ, բայց հազվադեպ եմ կրում, ավելի շատ սիրում եմ սպորտային հագուստը տեսնել դիմացինի, քան իմ հագին: Տոնական զգեստներս տարբեր խանութներից եմ ձեռք բերում: Օրինակ` 19-ամյակիս կոմբինեզոնը մայրս է գնել, խանութն ու գինը չեմ հիշում: Համենայն դեպս մի քանի անգամ ավելի էժան է, քան Zara–ում եղած նույնատիպ հագուստները,- ասաց նա և հավելեց, որ չնայած բարձրահասակ է` բարձրակրունկներ կրել չի խուսափում: -Միայն առօրյայում չեմ կրում, որովհետև անհարմար են»:

Անելյան նշեց, որ գնումներ անելիս իր բարձր հասակը շատ բարդություններ է առաջացնում: «Գնումներ չեմ սիրում, որովհետև սթրեսից ազատվելու փոխարեն սթրեսի մեջ եմ ընկնում: Ես բարձրահասակ եմ, ոտքիս չափսը մեծ է, հավանում եմ շատ կոշիկներ, որոնք իմ չափսով չեն լինում: Քանի որ ոտքերս երկար են, տաբատ գնելիս նույնպես խնդիր եմ ունենում` կարճ է լինում: Բլուզներ ընտրելն էլ է բարդ: Իմ չափսի բլուզների թևերը կարճ են, մեծ չափսինը երկար են, բայց շատ լայն են: Մոտ տասը տարի է` օնլայն եմ գնումներ անում: Սիրում եմ գնումներ անել նաև տղամարդկանց համար նախատեսված բաժնից: Նկատել եմ, որ տղամարդկանց  ու կանանց համար նախատեսված նույն հավաքածուից ընտրությունս անում եմ տղամարդկանց բաժնից, քանի որ հագուստն ավելի գեղեցիկ և որակյալ է լինում»,- պատմեց նա:

Խոսելով սիրելի իրերի մասին` դերասանուհին ընդգծեց. «Ունեմ տաբատ, որի երկու կողքերից բացվածքներ կան, գնել եմ New Yorker խանութից` 15-20 հազար դրամով: Բաց հագուստից չեմ խուսափում, եթե ինձ սազում է և վուլգար չէ: Դեկոլտե, մեջքի բացվածքով զգեստներ այնքան էլ չեմ սիրում, հիմնականում ոտքերս եմ բացում: Ունեմ կլատչ, որը մոտ 40 տարվա է, հորաքույրս է ինձ փոխանցել: Ճիշտ է, իր երիտասարդ տարիներին է գնել, բայց մինչև հիմա այն թրենդային է: Ռետրո ոճի մեջ է, որը հիմա շատ ակտուալ է»:

Անելյան ասաց, որ թանկ գնումների սիրահար չէ, քանի որ նույն հագուստից կարողանում է գտնել նաև մատչելի տարբերակով:

«Վերջերս զգեստ եմ գնել 5000 դրամով, որից վաճառում են նաև Zara խանութում մի քանի անգամ ավելի թանկ գնով: 500-1000 դրամով մեկանգամյա օգտագործման բլուզներ եմ գնել, որոնք հաճույքով կրել եմ,-ասաց դերասանուհին և խոստովանեց, որ ինքն ու մայրը  հագուստի մոտավոր նույն չափսն ունեն, իրենց հագուստներն ընդհանուր են: -Նա կրում է իմը, ես` իրենը: Հնարավոր է` մայրս գնի թանկ հագուստ, որը,  երբեմն, ես էլ կրեմ: Զամշից երկարաճիթ կոշիկներ ունեմ, որոնք գնել եմ 300-400 դոլարով, քանի որ որակն այնքան լավն էր, որ արժեր այդքան գումար տալ:  Նաև մուշտակ ունեմ, որն արժե 1700 դոլար, բայց կրում ենք և՛ ես, և՛ մայրս»:

Զրույցի վերջում Անելյան նաև ասաց, որ սիրում է շեշտը դնել աքսեսուարների վրա: Նախընտրում է կրել հասարակ հագուստ, բայց գեղեցիկ մատանի, ականջօղեր, թևնոց ու լրացնել կերպարը: