«Գնալով ավելի ուժեղ եմ դառնում». Էդգար Իգիթյանը՝ 30-ամյակի, անակնկալների ու նպատակների մասին

Դերասան Էդգար Իգիթյանն այսօր նշում է հոբելյանական 30-ամյակը: Tert.am Life—ի հետ զրույցում դերասանն ասաց, որ հարմարվել է երկրում տիրող իրավիճակին ու խնջույք չի ունենալու:

«Օրս կնշեմ ծնողներիս տանը`ամենամտերիմ մարդկանց հետ: Ես մեծ, աղմկոտ խնջույքներ չեմ սիրում, եթե արտակարգ դրություն չլիներ, գուցե այսպես էլ նշեի: Ես ու կինս երեկոյան արդեն նշել ենք ծնունդս, անակնկալներ էլ եղել են, բայց դրանք ընտանեկան են, մասին խոսել չեմ ուզում»,-ասաց նա:

Էդգարի խոսքով`տարիքը չի զգում, մեծանալու հետ կապված վախեր չունի. «Առանձնապես փոփոխություն չեմ զգում, երբ մարդը դրական է, ամեն տարիքում փորձում է դրականը գտնել: Ամեն տարիք իր հետաքրքրությունը, նորություններն ունի, ուղղակի թիվ է, հոգու հետ կապ չունի: Թե՛ գործնական, թե՛ անձնական կյանքում ինձ հաջողված, հաստատված մարդ եմ համարում, գնալով ավելի ուժեղ եմ դառնում, ինչը հաճելի է»:

Խոսելով իր նպատակների մասին`դերասանն ընդգծեց. «Ամեն տարի էլ ձգտումներ ու սպասումներ եմ ունենում: Ամենակարևորը`ունեմ սիրելի կին, ընտանիք, ընկերներ: Այսքանը բավարար է, որ ինձ լավ զգամ: Բայց եթե համարեմ, որ հասել եմ ամեն ինչի, կկորցնեմ առաջ գնալու ջիղը: Ամեն տարի պետք է ունենաս նոր ձգտումներ, նպատակներ, որպեսզի թեկուզ փոքր, բայց հստակ  քայլերով առաջ գնաս: Թե՛ սեփական գործ ունենալու, թե՛ ընտանիքիս հետ կապված շատ նպատակներ ունեմ, բայց դրանք երազանքներ չեն: Երազանքները չեն իրականանում, ես նպատակի մարդ եմ ու ինքնուրույն իրագործում եմ իմ նպատակները»:

Ըստ Էդգարի`տորթի մոմերը փչելն ընդամենը գեղեցիկ արարողություն է, որի ընթացքում ևս մեկ անգամ հիշում է իր նպատակների մասին:

Անդրադառնալով անցած տարվա ընթացքում ունեցած կորուստներին ու ձեռքբերումներին`դերասանն ասաց. «Կորուստներ չեմ ունեցել, իսկ կարիերայում միայն առաջ եմ գնացել: Չեմ կարող ասել, թե մյուս տասնամյակում ինչով կզբաղվեմ, հնարավոր է`լրիվ ուրիշ բնագավառում լինեմ, ունենամ բիզնես, կյանքը ցույց կտա: Ես միայն կփորձեմ կյանքին համահունչ շարժվել»:

Զրույցի վերջում Էդգարն ինքն իրեն մաղթեց չկոտրվել նույնիսկ խնդիրների առկայության դեպքում, քանի որ դրանք մարդուն ավելի ուժեղ են դարձնում: