«Եթե մարդը հիվանդացել է, չի կարելի դրանից շոու սարքել». Լիանա Վանոյանը` կորոնավիրուսով վարակվելու և բուժման ընթացքի մասին

«Կինստագրամ», «Ֆուլ Yere1» նախագծերից հայտնի դերասանուհի Լիանա Վանոյանը վարակվել է կորոնավիրուսով, հիմա նա վերականգնողական փուլում է։

Լիանան Tert.am Life-ի հետ զրույցում ասաց, որ չգիտի, թե որտեղից է վարակվել, քանի որ իր շրջապատում վարակվածներ չեն եղել:

«Միշտ հետևել եմ կանոններին, կրել եմ դիմակ, ձեռնոց, պահպանել եմ սոցիալական հեռավորություն: Գուցե դրսում ինչ-որ բան ուտելու կամ խմելու ընթացքում եմ վարակվել։ Քանի որ իմ կենսակերպը մեծ մասամբ դրսում է, միշտ պատրաստ եմ եղել, որ կվարակվեմ»,- ասաց նա:

Դերասանուհու խոսքով` իր թեստի դրական պատասխանից 8 օր է անցել, քանի որ թոքաբորբ չունի, բուժումը տանն է անցնում, ոչ թե հիվանդանոցում. «Բժշկիս հետ անընդհատ կապի մեջ եմ, հետևում եմ ցուցումներին և խմում բոլոր դեղերը: Բուժման առաջին օրվանից տանը մենակ եմ եղել, այդպես կշարունակվի մինչև առողջանալս։ Ընթացքը տևում է 14-20 օր: Երբ իմացա, որ վարակված եմ, տեղյակ պահեցի այն մարդկանց, ում հետ շփվել էի այդ շրջանում: Ծնողներիս երկար ժամանակ չէի տեսել, քանի որ Գյումրիում են: Բարեբախտաբար, դեռ ոչ ոք ինձնից չի վարակվել»:

Լիանան ասաց, որ իրեն նյարդայնացնում է մարդկանց վերաբերմունքը. շատերը կորոնավիրուսը փորձում են կապել հարբուխի հետ և թերահավատություն են դրսևորում. «Ախտանիշները շատ նման են հարբուխին, բայց կապ չունեն դրա հետ: Ունեցել եմ բարձր ջերմություն, գլխացավ, որն ուղղակի անտանելի էր, մարմինս կարծես կոտրվեր: Դա մի այլ, տարօրինակ զգացողություն է, որը ոչնչի հետ չես շփոթի: Վատ վիճակս շարունակվեց չորս օր, թուլությունից կորցրել էի նաև խոսելու ունակությունս: Ախորժակի վատացում, համի ու հոտի բացակայություն մինչև օրս ունեմ: Օրեր առաջ ուտելիք էի ուտում, բայց չէի կարողանում հասկանալ, թե դա ինչ է, քանի որ համ չէի զգում: Միայն սառն ու տաքն եմ կարողանում թեթև տարբերել»:

Ըստ նրա` ծանր է եղել հատկապես վարակման սկզբնական շրջանը. «Մտածում էի, եթե ինձ հետ ինչ-որ բան լինի, հարազատներս ինչ կանեն, ծնողներիս մասին էի մտածում: Կորոնավիրուսը կա, ապրում է մեր կողքին: Կարող եմ ասել, որ ոչ ոք ապահովագրված չէ վարակվելուց, բայց մաքսիմալ զգուշությունը գոնե հետաձգում է դա: Բոլորին խորհուրդ եմ տալիս եսակենտրոն չլինել ու դիմակ կրել` մտածելով ոչ միայն իր, այլև դիմացինի առողջություն մասին,- ասաց նա և հավելեց, որ այս օրերին իր առողջական վիճակի մասին սկսել են վատ լուրեր շրջանառվել,- Մի օր իմ հոլովակներում կխոսեմ այդ նյութերի մասին, բայց արդեն շատ սուր: Մի քանի դիտումի համար որոշ կայքեր կարող են մարդուն թաղել, հետո վերակենդանացնել: Այդ կայքերը, կարծում եմ, վաղ, թե ուշ դատարանի առջև են հայտնվելու և պատասխան են տալու: Եթե մարդը հիվանդացել է, չի կարելի դրանից շոու սարքել»:

Անդրադառնալով իր հետաձգված ծրագրերին` Լիանան ընդգծեց, որ պարապուրդի չի մատնվել. «Նոր նախագիծ կա, որի նկարահանումները, հանդիպումները հետաձգվեցին, բայց լավանալուն պես ամեն ինչ կիրագործեմ, մինչև հուլիսի կես նորություններ կունոնամ։ Հիմա զբաղվում եմ նախագծի տեխնիկական հարցերով»: