«Դերասանների կոնֆլիկտն էկրանից երևում է». Դավիթ Աֆրիկյանը` խաղընկերների հետ հարաբերությունների, մասնագիտական չափանիշների և տարբեր բիզնեսներով զբաղվելու մասին

Դերասան Դավիթ Աֆրիկյանը, ով այժմ նկարահանվում է «Շիրազի Վարդը» հեռուստասերիալում, բավականին բծախնդրորեն է ընտրում իր դերերը: Մասնագիտությունը շատ է սիրում, բայց կարծում է՝ իր մասնագիտությունը Հայաստանում գնահատված չէ:

Tert.am Life-ը Դավթի հետ զրուցել է անցած ճանապարհի, Հայաստանում դերասաններին ըստ արժանվույն չգնահատելու, իր երազանքների ֆիլմը նկարահանելու և ոչ միայն այդ ամենի մասին։

«Շիրազի Վարդում» մեծ ոգևորությամբ եմ աշխատում

Շատ դերասաններ ոգևորությամբ սկսում են նկարահանվել նոր նախագծում, սակայն կարճ ժամանակ անց ոգևորությունը մարում է: Դավիթը վստահեցնում է՝ «Շիրազի Վարդում» հիմա էլ մեծ ոգևորությամբ է աշխատում:

«Նորմալ է, երբ ընթացքում էմոցիաներդ փոխվում են, ցանկացած պարագայում ժամանակի հետ էմոցիադ փոխվում է, բայց պարտադիր չէ փոփոխությունը դեպի վատը լինի: Ես չեմ կարող ասել, որ այնքան ենք նկարահանվել, արդեն հոգնել եմ: Կարանտինի օրերին ես էի զանգում ռեժիսորին, որպեսզի իմանայի՝ երբ նոր նկարահանում ունենք»,- ասաց դերասանը:

Չեմ կարծում՝ մեր պետությունում որևէ դերասան իրեն մասնագիտական առումով լիովին բավարարված զգա

Հարցին՝ մասնագիտական առումով իրեն բավարարված զգո՞ւմ է, Դավիթը պատասխանեց մի փոքր մտածելուց հետո. «Վայ… բազմաշերտ հարց է: Չեմ կարծում՝ մեր պետությունում որևէ դերասան իրեն մասնագիտական առումով լիովին բավարարված զգա»:

Նա նկատեց, որ Հայաստանում դերասանի մասնագիտության հանդեպ վերաբերմունքն իրեն չի գոհացնում: Դավիթը հիմա չի խաղում թատրոնում, թեև սիրում է բեմը. «Թատրոնի աշխատավարձը շատ ծիծաղելի է: Չեմ ասում՝ հեռու գնանք, Հոլիվուդ հասնենք, բայց նայենք  եվրոպական մոտակա երկրներին ու տեսնենք, թե ինչպես են վարձատրում ու վերաբերվում դերասաններին: Արտերկրում, երբ իմանում են դերասան ես, մեծ հարգանքով են վերաբերվում, իսկ Հայաստանում սա բավականին չգնահատված մասնագիտություն է»:

Եղել են դեպքեր, երբ կրթություն չունեցող մարդն իրեն ավելի գրագետ է պահել, քան ունեցողը

Ժամանակին Դավիթը բավականին կտրուկ էր արտահայտվում այն մարդկանց մասին, որոնք մասնագիտությամբ դերասան չեն, բայց նկարահանվում են: Հիմա փոքր-ինչ փոխել է կարծիքը: Ասում է՝ կենսափորձի արդյունքում է վերաբերմունքը փոխվել:

«Մեր իրականության մեջ շատերը չունեն մասնագիտական կրթություն, բայց եղել են դեպքեր, երբ կրթություն չունեցող մարդն իրեն ավելի գրագետ է պահել, քան ունեցողը: Հիմա դա էլ է խառնվել իրար: Լինում են նաև մարդիկ, որոնց դեպքում նյարդայնանում եմ, որովհետև մի քանի գիրք կա, որոնք կարդալուց հետո, գոնե դերասանական էթիկա ես ունենում, դերասանի հետ շփվելու, ռեժիսորի հետ աշխատելու, խաղընկերոջ հետ փոխհարաբերության կուլտուրա ես ունենում: Շատ կարևոր է, թե ինչ պատասխան ես ստանում խաղընկերոջիցդ, որովհետև ով ուզում է լինես, եթե խաղընկերդ լավը չէ, արդյունքը վատ է լինելու: Այս նախագծում բախտս շատ է բերել, իմ ընտանիքի անդամները, որոնց հետ անընդհատ խաղում եմ, լավն են, խաղի ժամանակ դիսկոմֆորտ չեմ ապրում: Անի Երանյանի հետ առաջին անգամ եմ աշխատում, շատ լավ է ստացվում մեր համագործակցությունը, Իրինա Հարությունյանի, Հրաչյա Գասպարյանի հետ էլ է խաղը շատ լավ ստացվում, ի դեպ, երբ ես սովորում էի, Հրաչյա Գասպարյանը մեր ինստիտուտի ռեկտորն էր, հետաքրքիր է, որ հիմա մի նախագծում ենք նկարահանվում: Հերոսուհու՝ Էլեն Սարգսյանի  հետ ևս մեր աշխատանքը լավ է ստացվում,- ասաց նա ու հավելեց, որ կան մարդիկ, որոնց հետ ավելի բարդ է ստացում համագործակցությունը, սակայն անուններ նշել չցանկացավ: -Անկախ ամեն ինչից աշխատում եմ որևէ մեկի հետ խնդիր չունենալ: Եթե դերասանների միջև խնդիր կա, էկրանից նկատելի է: Ամենափոքր դետալները նկատվում են թե՛ էկրանից, թե՛ թատրոնի բեմից։ Բեմից՝ ավելի, մի անգամ փոքրիկ իմպրովիզ արեցի՝ հասկանալու հանդիսատեսը կնկատի՞, զարմացել էի, թե ինչպես էին բոլորը նկատել ձեռքիս փոքրիկ շարժումն ու հետո ասում ինձ այդ մասին»:

Տարբեր բիզնեսներով եմ զբաղվել

Հեռուստատեսային դադարների ընթացքում Դավիթը տարբեր աշխատանքներով է զբաղվում: Կայուն բիզնես չունի, բայց ասում է՝ տարատեսակ բիզնեսներով է զբաղվել՝ սկսած դիզայներական խանութից, մինչև սննդի կետ և մեքենաների ներկրում-արտահանում:

Այդ ֆիլմը շատ կրթական է լինելու, եթե օրերից մի օր կարողանամ մեսիջը հասցնել մեր կառավարությանը

Դավիթը նաև սցենար է գրում: Մի ֆիլմի գաղափար ունի, որը, նրա կարծիքով, կրթական կարևոր գործառույթ է ունենալու:

«Մոտ 3 տարի է՝ աշխատում եմ մի ֆիլմի սցենարի վրա: Դեռ մինչև հեղափոխությունը գրել էի այնպիսի բաներ, որոնք հեղափոխությունից հետո արդիական դարձան, օրինակ, որ Արցախի հերոսը կարող է գողանալ բանակից: Այդ ֆիլմը շատ կրթական է լինելու, եթե օրերից մի օր կարողանամ մեսիջը հասցնել մեր կառավարությանը, որպեսզի այդ ֆիլմը նկարահանվի: Մի նախադասությամբ կարող եմ ասել, որ դա լինելու է ֆիլմ հայ ժողովրդի համար: Այն  հատուկ ջոկատայինների մասին է, ֆիլմը դիտելուց հետո մարդիկ ցանկանալու են դառնալ այդ հերոսների նման»,- ասաց նա:

Դիտարկմանը, որ հաճախ լինում են շատ լավ գաղափարներ, որոնք գործնականում կյանքի կոչել չի ստացվում, ենթադրած որակը չի ապահովվում, նա արձագանքեց. «Շատ ռեժիսորներ կարդում են սցենարն ու ասում՝ այս 30 վայրկյանը նկարելու համար մոտ 50,000 դոլար փող է պետք: Ասում են՝ սա հնարավոր չէ, 10 րոպե զրույցից հետո ասում են՝ այդ կողմից  չէինք մտածել: Գրելիս ինձ շատ է օգնում դերասանի մասնագիտությունս: Դիալոգ գրելիս ես այն խաղում եմ: Այդպիսով ես գրում դիալոգներ, որոնք ոչ ժառգոնային են, ոչ էլ շատ գրական: Ես նաև տեսնում եմ, թե դա ինչպես պետք է նկարվի: Որպես տնօրեն աշխատել եմ ռուսական և ամերիկյան 3 ֆիլմում, պրոֆեսիոնալ թիմեր էին, որոնց անդամներին միշտ հարցեր էի տալիս: Ես նկարահանման պրոցեսն էլ եմ պատկերացնում»:

Հայտնիությունը նաև սահմանափակող է

«Սահմանին» նախագիծը Դավթին բերեց առաջին հայտնիությունը: Ասում է՝ մինչև հիմա կան մարդիկ, որոնք իրեն հիշում են Կարենի կերպարով։ Այս տարի «Շիրազի Վարդը» նրան շատ ավելի մեծ հայտնիություն բերեց:

Դերասանն ուրախանում է, երբ իրեն ժպտում են փողոցում ու դրական էներգիա փոխանցում, բայց և խոստովանում է՝ երբեմն, դա սահմանափակում է. «Իրականում հայտնիությունը նաև սահմանափակող է, հատկապես, երբ տեսակով գիժ ես: Ուզես, չուզես ինչ-որ բաներ սահմանափակվում են: Այնպես չէ, որ իմ մարդկային տեսակը փոխվել է, բայց ինչ-որ փոքրիկ կետեր կան, որոնք սահմանափակում են»:

Հայկի հետքերով գնացի Թատերական

Դավիթը դերասան Հայկ Աֆրիկյանի կրտսեր եղբայրն է: Ասում է` ժամանակին նրանից ազդված է ընտրել այս ճանապարհը, հետագայում հասկացել է, որ այն իսկապես իրենն է։

«Ես ուզում էի բժիշկ դառնալ, բայց, ինչպես սովորաբար լինում է, մեծն ուր գնում է, փոքրն այդ ուղղությամբ է գնում: Իհարկե, եթե հասկանայի, որ իմը չէ, չէի շարունակի: Դրա մասին է վկայում նաև այն, որ նախապատրաստական կուրսում Հայկի հետքերով էի գնացել ռեժիսորական բաժին, բայց հասկացա, որ ես ուզում եմ դերասանական ուղղությամբ շարունակել ու կրթություն ստացա որպես դերասան: Ես իսկապես շատ եմ սիրում իմ մասնագիտությունը»: