«Որևէ մեկին վտանգել չենք ուզում». Women’s Club-ի անդամները Հայաստան վերադառնալուց հետո ինքնամեկուսացել են

Women’s Club-ի մասնակիցներն օրերս են վերադարձել հյուրախաղերից։ Վերջին շաբաթներին նրանք գտնվել են եվրոպական մի շարք երկրներում։ Հայաստան են վերադարձել Փարիզից, որտեղ այդպես էլ բեմ չեն բարձրացել, քանի որ ելույթի օրը Ֆրանսիայում արգելվել են բազմամարդ հավաքները։ Դերասանուհի Լուիզա Ներսիսյանին օդանավակայանից տեղափոխել էին հիվանդանոց, քանի որ ջերմություն էր ունեցել, սակայն կորոնավիրուսի թեստը բացասական արդյունք էր ցույց տվել։ Ակումբի մյուս անդամներն ինքնամեկուսացվել են։

Tert.am Life-ի հետ զրույցում դերասանուհի Թամարա Պետրոսյանը հայտնեց, որ ժամանումից անմիջապես հետո ,իրենք անցել են ինքնամեկուսացման։

«Մենք Հայաստան ենք վերադարձել մարտի 14-ին սկսած այդ օրվանից բոլորս տասնչորսօրյա ինքնամեկուսացման մեջ ենք մեր պրոդյուսեր Վլադիմիր Սահակյանի առաջարկով։ Բոլորս հոժարակամ համաձայնեցինք։ Երբ արդեն Ֆրանսիայում էինք, իրավիճակը գնալով լրջացավ։ Սա քաղաքացիական պատասխանատվության հարց է, որպեսզի չվտանգենք որևէ մեկի կյանքը՝ սկսած մեր հարազատներից։ Վիրուսն այնպիսին է, որ գուցե ախտանշաններ չունենաս, բայց լինես դրա կրողն ու վարակես մարդկանց»,- ասաց դերասանուհին։

Անդրադառնալով դերասանուհի Լուիզա Ներսիսյանի հիվանդանոց տեղափոխելուն՝ Թամարան ասաց․ «Օդանավակայանում բոլորիս ջերմությունը մի քանի անգամ չափել են։ Այնպես ստացվեց, որ միայն Լուիզայի ջերմությունն էր մի փոքր բարձր։ Մի քանի անգամ չափելուց հետո իրեն տարան հիվանդանոց։ Բարեբախտաբար, որևէ խնդիր չկար։ Հիմա ինքն էլ է ինքնամեկուսացման մեջ»։

Տոմայի խոսքով՝ եվրոպական շրջագայության ընթացքում անհանգստություն ունեցել են, սակայն ելույթները լեփ-լեցուն դահլիճներում են անցել․ «Իհարկե, այն ժամանակ դա դեռ թույլատրելի էր։ Վտանգն օդում կար, բայց իրավիճակն այսքան չէր լրջացել։ Փարիզի մեր համերգի օրը վաղ առավոտյան բազմամարդ բոլոր միջոցառումներն արգելվեցին նախագահ Էմանուել Մակրոնի հրամանով։ Շատ ենք ափսոսում, սակայն մեր ելույթը ևս տեղի չունեցավ։ Եթե մեկ օր շուտ լիներ, կկարողնայինք ելույթ ունենալ։ Ամեն դեպքում, սկզբնական շրջանն այսքան լարված չէր։ Ինչ վերաբերում է քաղաքի մթնոլորտին, օրինակ, Փարիզում խուճապ չկար։ Համենայն դեպս այդ օրը դուրս էինք եկել զբոսանքի, որևէ մեկին բժշկական դիմակով չտեսանք։ Կարծում եմ՝ մեր մեկնելու հաջորդ օրն է սկսվել այն ամենը, ինչի մասին հիմա լսում ենք լրատվամիջոցներով»։

Դերասանուհին կատակեց, որ հիմա պասիվ հանգստի մեջ են, ինչի կարիքը շատ ունեին․ «Վերջին մեկուկես ամիսը մեզ համար այնքան հագեցած էր, հատկապես, եվրոպական շրջագայությունը։ Համերգերի միջև եղած դադարները քիչ էին, շատ քիչ էինք քնում։ Այնպես որ, ինքնամեկուսացումը մի տեսակ պասիվ հանգստի է վերածվել։ Մի քանի օր է՝ ուղղակի ոչինչ չենք անում։ Երբեմն այնքան ես աշխատում, որ հասնում ես մի կետի, երբ ուզում ես գնալ տուն և տանից դուրս չգալ։ Հիմա այդ շրջանն է»։

Թամարան ասաց, որ դեռ չի հասցրել ձանձրանալ․ «Հեռախոսով շփվում ենք մեր հարազատների հետ, ֆիլմեր ենք նայում, միասին կապի ենք դուրս գալիս, գիրք ենք կարդում։ Ծարավ ենք այս ամենին։ Թե հետո ինչ գաղափարներ կծնվեն, ինչ կանենք, չգիտեմ»։

Դերասանուհին ասաց, որ դեռ օրեր առաջ ինքն էլ մյուս գործընկերների պես որոշել էր չեղարկել «Տանը մնացի՞» ներկայացման իր ելույթները, որոնք նախատեսված էին մարտի 18-ին և 21-ին։ «Ոչ ոքի չենք ուզում վտանգել և կտեղափոխենք ավելի առողջ ժամանակներ»,- ասաց նա։