Սան–Ֆրանցիսկոյում երիտասարդը հազվագյուտ թիթեռներ է աճեցնում իր բակում. սա իրոք որ աշխարհի ութերորդ հրաշալիքն է

Սրընթաց ուրբանիզացիան շատ կենդանիների դուրս է մղում բնակության բնական միջավայրից՝ այդպիսով սպառնալով նրանց հետագա բազմացմանը։ Քաղաքների ընդլայնման կործանարար ազդեցությունն իր վրա զգացած տեսակներից մեկն էլ, որի մասին այսօև կպատմի Positive-ը, Բատուս ֆիլենոր անունով թիթեռնիկն է (Battus philenor), որը դարերով ապրել է Սան–Ֆրանցիսկոյում, սակայն այնտեղ հիմա դժվար թե նրան հանդիպեք։

Աղտոտված օդը, դինամիկ ռիթմն ու այլ անթրոպոգեն գործոններ այս թիթեռների մեծ քանակությամբ հետագա բազմացումն անհնարին են դարձրել և այդ պատճառով էլ դրանց թիվը սկսել է սրընթաց նվազել։

Այս տեսակը փրկելու գործն իր վրա է վերցրել կենսաբան Թիմ Վոնգը՝ Կալիֆորնիայի գիտությունների ակադեմիայից։

Գիտնականը պարզել է, որ այս թիթեռների քանակության կրճատման հիմնական պատճառը միակ բույսի՝ կալիֆորնիական կիրկազոնի անմատչելիությունն է, որով սնվում են նրանք թրթուրային փուլում։

Թիմը Սան–Ֆրանցիսկոյի բուսաբանական այգուց մի քանի ճյուղի բերում այս բույսի և տնկում է իր բակում, իսկ շուրջը ջերմոց է կառուցում, որպեսզի բնական միջավայր ստեղծի թիթեռների համար։

Երիտասարդ կենսաբանը սկսեց բուծել թիթեռներին նախնական 20 թրթուռ խմբաքանակով, որոնց նա հրաշքով կարողացել էր հավաքել շրջակայքից։ Մի որոշ ժամանակ անց Թիմն արդեն Սան–Ֆրանցիսկոյի բուսաբանական այգում ներկայացնում էր իր տնային պայմաններում աճեցրած թիթեռներին, և նա չի պատրաստվում կանգ առնել այսքանով։

Իր օրինակով Թիմ Վոնգը ցույց է տալիս, որ նույնիսկ մեկ մարդը կարող է զգալիորեն օգնել շրջակա միջավայրին և մի ամբողջ կենսաբանական տեսակի պահպանմանը։