«Միսս Հայաստան» դառնալուց հետո ևս 10 կգ նիհարեցի, հետո հրաժարվեցի նիհար, անշունչ մոդել լինելուց». Գոհար Հարությունյանը՝ իր սննդակարգի և գեղեցկության չափանիշների մասին

«Միսս Հայաստան 1998», «Միսս ԱՊՀ 1999», «Միսիս Գլոբ 2009» Գոհար Հարությունյանի կազմվածքի մասին շատ կանայք են երազում: Մինչ շատ կանայք երազում են նիհարելու համար, Գոհարը սկսել է մարզասրահ հաճախել՝ քաշ հավաքելու համար: Tert.am Life-ի հետ զրույցում Գոհարը պատմեց, որ սննդակարգ պահում է անկախ իր կազմից: Գեղեցկուհին վստահ է՝ լավ կառուցվածք ունենալու համար դա առաջին բաղադրիչն է:

«Սննդակարգ պահում եմ, բայց առանց մտածելու: ԱՄՆ-ում իմ մոդելային գործունեության տարիներից սովորություն է մնացել չուտել ուշ ժամերի, չչարաշահել քաղցրը և խմորային ուտեստները: Դա ինձ դժվարությամբ չի տրվում, արդեն սովորություն է: Այնպես չէ, որ ես շատ եմ ուտում և չեմ գիրանում, սնվում եմ ճիշտ և սահմանափակ: Իրականում, շատ կցանկանայի հավեսով ուտող մարդկանցից լինել, բայց հաճախ ախորժակ չեմ ունենում»,- ասաց Գոհարը:

40-ամյա մոդելն այժմ կշռում է 59 կգ, հասակը 180 սմ է, «Միսս Հայաստան» դարձել է, երբ կշռում էր 65 կգ: Ասում է՝ այդ քաշն իր համար իդեալական էր, թեև Գեղեցկուհու տիտղոսը ստանալուց հետո ԱՄՆ-ում մոդելային գործունեություն ծավալելու համար նիհարել է ևս 10 կգ:

«Կարծում եմ՝ 65 կգ-ով ես ավելի ճիշտ կազմվածք ունեի, սակայն երբ սկսեցի մոդելային գործունեություն ծավալել, քաշս նվազեցրի մինչև 55 կգ, սանտիմետրերով այդ չափսերն էին ճիշտ համարվում: Ես ինձ զրկում էի սննդից, որպեսզի լինեմ իրենց չափանիշներին համապատասխան մոդել: Պահանջում էին սարսափելի նիհարություն, որպեսզի քասթինգի մասնակցելիս դիզայների հագուստը հանկարծ փոքր չլինի: Դա տևեց 3-4 ամիս, հետո մոդելային այլ աշխատանք գտա, որի համար չէր պահանջվում նման կառուցվածք: Ես հրաժարվեցի նիհար, անշունչ մոդելների շարքից: Այդ տարիներին նորաձև էին ամենանիհար մոդելները: Եվրոպական երկրներում՝ Փարիզում, Միլանում, շատ ավելի նիհար մոդելների էին վերցնում, քան Լոս Անջելեսում, հետո սկսվեց անորեքսիայի դեմ պայքարը»,- ասաց Գոհարը:

Մոդելն այժմ մարզվում է շաբաթական 3 անգամ, 1 ժամով քաշ հավաքելու համար: «Մարզվում եմ նաև ուժեղ լինելու, մկանային զանգված հավաքելու համար: Ես շատ եմ սիրում մկանային կառուցվածքով աղջիկներին: Թեև ուզում եմ մի քիչ քաշ հավաքել, հիմա իմ արտաքնից շատ ավելի գոհ եմ, քան երիտասարդ տարիքում: Քանի որ այն ժամանակ աշխատանքիս բնույթը ենթադրում էր ոչ մի գրամ ավելորդ քաշ չունենալ, դա ինձ բարդութավորում էր: Հիմա իմ կազմվածքի վրա փոփոխություն չեմ զգում, բայց իմ հոգեբանությունն է փոխվել: Ես ինձ ավելի շատ եմ ընդունում, քան ավելի երիտասարդ տարիներին: Յուրաքանչյուր աղջիկ պետք է սիրի ինքն իրեն, դա շատ կարևոր է: Միևնույն է, դու չես կարող լիարժեք գոհ լինել քո տեսքից, ոչ մեկս կատարյալ չենք, բոլորս ունենք թերություններ, դա նորմալ է, պետք է ուղղակի սիրենք և ընդունենք մեզ: Որքան ուզում է մարզվենք, զրկենք մեզ սննդից, երջանիկ չենք լինի, եթե մեզ չենք սիրում»,- ընդգծեց մոդելը:

Խոսելով ավելորդ քաշի մասին՝ Գոհարը նշեց, որ թեև ինքը հատուկ ոչինչ չի անում նիհար լինելու համար, այնուամենայնիվ, կենսակերպից ելնելով շատ չի ուտում: Գոհարը վստահ է՝ կանայք պետք է հետևեն իրենց սննդակարգին, քանի որ մեծ մասն ավելորդ քաշ է ունենում սխալ սննդակարգի արդյունքում:

«Ես ինձ լավ չեմ զգա ավելորդ քաշով, սակայն ինձ համար նիհարելը երբեք խնդիր չի եղել: Նույնիսկ հղիության ընթացքում և հետծննդաբերական շրջանում նման խնդիր չեմ ունեցել: Հիմա շատ եմ տեսնում գեղեցիկ կառուցվածքով երիտասարդ մայրիկների, ինչը նշանակում է, որ հղիությունը դատավճիռ չէ: Հաճախ կանայք անդադար ասում են, թե երեխա ունենալուց հետո իրենց կազմվածքը փոխվեց: Չի կարելի շատ ուտելու մեղքը գցել երեխաների վրա: Հղի կանայք հաճախ ասում են՝ հիմա պետք է երկուսի համար ուտեմ: Իրականում նման բան գոյություն չունի: Մայրությունը երբեք չի փչացնում կնոջ կառուցվածքը: Շատ կանայք հրաժարվում են մայրանալուց, որպեսզի չփչացնեն կառուցվածքը, կազմվածքը փչացվում է վատ սննդակարգը, սխալ ռեժիմը, շատ ուտելը, չմարզվելը: Իմ անձնական օրինակով կարող եմ ասել, որ դա կապ չունի ոչ մայրության, ոչ էլ տարիքի հետ»,- ասաց նա: