«Հղիությանս ընթացքում Արտյոմն ինձ խորհրդանշական մատանի նվիրեց, որը պատրաստված է 100 տարվա պատմություն ունեցող կոպեկից»․ Յուլյա Ֆինկը՝ ամուսնու ամենատպավորիչ նվերի և սիրո տոների մասին

Հաղորդավար Արտյոմ Կարապետյանն ու դերասանուհի Յուլյա Ֆինկը սուրբ Վալենտինի տոնը ոչ միշտ են նշում։ Դերասանուհին վստահեցրեց, որ իրենք նախընտրում են չսպասել հատուկ տոների միմյանց ուրախացնելու և նվերներ մատուցելու համար։ Յուլյայի խոսքով՝ իրենք այնքան էլ ռոմանտիկ չեն, նախապատվությունը տալիս են օգտակար ու հետաքրքիր նվերներին։  

Վալենտինի տոնին ընդառաջ դերասանուհին վերհիշել է իր և ամուսնու կյանքում տեղ գտած ռոմանտիկ արարքներն ու Tert.am Life-ին պատմել ամենատպավորիչ նվերի մասին։

«Ոչ ես, ոչ էլ Արտյոմը հատուկ չենք պատրաստվում հենց այդ օրվա համար նվերներ գնում։ Արտյոմն ավելի հաճախ ինձ նվերներ է տալիս սովորական օրերին։ Գուցե մենք այդքան էլ ռոմանտիկ չենք, բայց նախապատվությունը հետաքրքիր ինչ-որ բաների ենք տալիս։ Սա չի նշանակում, որ մեր կյանքում ռոմանտիզմը տեղ չունի։ Ռոմանտիզմի չափից ավելի արտահայտումը, անակնկալները մենք փոխարինում ենք հետաքրքիր, տարբերվող արարքներով։ Արտյոմն անակնկալներ չի սիրում, դրա մասին գիտեն նաև մեր բոլոր ընկերները»,-ժպիտով ասաց դերասանուհին։

Չնայած հաղորդավարն իր համար անակնկալներ չի սիրում, Յուլյային բազմիցս զարմացրել է հետաքրքիր անակնկալներով:

«Արտյոմը գիտի, որ զարդերը, կոշիկներն ու օծանելիքն իմ պարագայում միշտ «շահող» նվեր են։ Իրար լավ ենք ճանաչում, գիտենք միմյանց նախասիրությունները։ Ժամանակին Արտյոմն ինձ տպավորիչ նվեր էր մատուցել, որը և՛ կարևոր էր, և՛ հետաքրքիր, և՛ ռոմանտիկ։ Հղիությանս ընթացքում Արտյոմն ինձ նվիրեց խորհրդանշական մատանի, որը պատրաստված է 100 տարվա պատմություն ունեցող հունական կոպեկից։  Սա շատ յուրօրինակ նվեր էր, որը, կարծում եմ, փոխանցելու ենք սերնդեսերունդ,- ասաց նա ու մտաբերեց ամուսնու ռոմանտիկ քայլերից ևս մեկը,- մեկնել էինք Թբիլիսի, մեր ընկերների հետ խանութ էի մտել, Արտյոմը նախընտրեց դրսում սպասել։ Երբ խանութինց դուրս եկանք, տարածքի շրջիկ երաժիշտն ինչ-որ բան էր կատարում, նկատեցի, որ մոտենում է ինձ։ Պարզվեց՝  Արտյոմը պայմանավորվել էր նրա հետ, որ իմ ամունով երգ երգի։ Շատ անսպասելի ու հաճելի էր»։

Դերասանուհու խոսքով՝ ռոմանտիզմը պայմանավորված է մարդու տեսակով և բնավորության գիծ է․ «Օրինակ, իմ եղբայրն ինքն իր տեսակով ռոմանտիկ մարդ է։ Անկախ կենցաղային հարցերից, որոնք ամուսնությունից հետո են առաջ գալիս, նա շարունակում է մնալ այդպիսին։ Ես և Արտյոմն այդ հարցին մի քիչ այլ կերպ ենք նայում։ Իհարկե, ինչպես բոլորի, այնպես էլ մեզ մոտ ամուսնությունից առաջ ու հետո շատ բան փոխվել է, բայց փորձում ենք մեր կյանքում հնարավորինս շատ տեղ հատկացնել հետաքրքիր արարքներին»։