Ինչպես ճիշտ օգտագործել կարտոֆիլն ավելորդ քաշից ազատվելու համար

Կարտոֆիլը, որպես կանոն, համարվում է ոչ շատ օգտակար մթերք և խորհուրդ չի տրվում հաճախ օգտագործել՝ հատկապես ավելորդ քաշի դեպքում, սակայն մասնագետները նշում են, որ իրականում կարտոֆիլն այդքան էլ «անօգուտ» օսլայի աղբյուր չէ, ինչպես շատերն են կարծում: Ինչպես գրում է med2.ru կայքը, այս մթերքը հարուստ է В1, В2, В6 և С վիտամիններով, որոնք շատ կարևոր են օրգանիզմի համար, ուստի այն հարկավոր է անպայման ներառել սննդակարգում:

Ավելին՝ կարտոֆիլը կարող է նաև հիանալի մթերք լինել ավելորդ քաշի դեմ պայքարում: Սա պայմանավորված է նրանով, որ այն թույլ է տալիս շատ արագ հագեցնել քաղցը, իսկ սա շատ կարևոր գործոն է նիհարել ցանկացողների համար: Բացի այդ, կարտոֆիլով ուտեստներն օգնում են նաև կարգավորել արյան մեջ շաքարի մակարդակը, ինչը նույնպես շատ կարևոր է օրգանիզմի համար:

Կարտոֆիլը սովորաբար չի ներառվում քաշի նվազման համար նախատեսված սննդակարգերի մեջ, քանի որ համարվում է, որ այն նպաստում է քաշի ավելացմանը, սակայն իրականում այս մթերքի ճիշտ գործածությունը կօգնի պայքարել ավելորդ կիլոգրամների դեմ: Արյան մեջ շաքարի մակարդակի կարգավորման շնորհիվ կարտոֆիլը թույլ է տալիս արագ հագենալ ու պահպանել այդ զգացումը բավական երկար ժամանակ՝ խուսափելով սննդի չարաշահումից: Բացի այդ, այս համեղ մթերքի գործածության շնորհիվ նվազում է քաղցր կամ վնասակար մթերք ուտելու ցանկությունը, ինչն էլ պաշտպանում է ավելորդ կալորիաներից:

Սակայն հարկ է հիշել, որ ցանկալի արդյունքին հասնելու համար հարկավոր է նախ սովորել ճիշտ պատրաստել կարտոֆիլով ուտեստները: Մասնագետները նախազգուշացնում են, որ քաշի նվազման համար հարկավոր է անպայման բացառել սննդակարգից տապակած կարտոֆիլը, քանի որ տապակած կարտոֆիլով ուտեստներն ունեն չափազանց բարձր կալորիականություն: Առավել օգտակար է խաշած կարտոֆիլը, որը կարելի է համադրել կանաչեղենի ու բանջարեղենի հետ՝ ստանալով ոչ միայն համեղ, այլև շատ օգտակար ուտեստներ: