«Ես մենակյաց եմ»․ Իննա Խոջամիրյանը՝ նոր ֆոտոշարքի ու իր կյանքի ֆիլմերի մասին

Դերասանուհի Իննա Խոջամիրյանն իրեն «մենակյաց» բնորոշումն է տալիս։ Գրքերի ու ֆիլմերի սիրահար դերասանուհին սեփական կյանքը եռաժանր է համարում՝ թրիլլեր, դրամա, ֆանտաստիկա։ Խոսելով սիրելի դերասանուհիների մասին` Իննան ժպիտով նկատեց, որ իրեն հաճախ նմանեցնում են Ջուլիա Ռոբերտսին։

Մասնագիտությամբ հոգեբան, նախասիրությամբ կինոսեր, հայտնի՝ որպես դերասանուհի․ այս երեքը մեկտեղելով՝ Իննան մինիմալիստական նոր ֆոտոշարք է ներկայացրել։ Սպիտակ սենյակ, սև կոստյում ու կարմիր շրթներկ։ Սա կլիներ դասական ֆոտոշարք, եթե դերասանուհու շրթներկը լղոզված չլիներ։ Նկարահանման հրապարակում պատահական հղացած միտքը ֆոտոշարքը դարձրել է «Ջոկեր» ֆիլմի թեմայով։

«Օսկար» մրցանակաբաշխությանն ընդառաջ ու տարվա ամենաքննարկված ֆիլմից ոգեշնչված լուսանկարները դերասանուհին տրամադրել է Tert.am Life-ին ու խոսել ֆիլմերի մասին:

-Ինչպե՞ս եք ընտրել ֆոտոշարքի թեման, ինչո՞ւ հենց «Ջոկեր»։  

-Մտահղացումից իրականություն մեզ մոտ 20 րոպե տևեց: Ամեն բան ինքնաբուխ ստացվեց։ Չգիտեմ որքանով լավ ստացվեց կամ ինչ դուրս եկավ, որովհետև ինքդ քո արածին դժվարությամբ ես ռեալ գնահատական տալիս։ Ինչպես զգացվում է արձագանքներից, հաջող ֆոտոշարք էր: Գաղափարը լուսանկարչինն էր. ի սկզբանե որոշված չէր «Ջոկեր» ստանալ։ Նկարելու էինք լղոզված կարմիր շրթներկով աղջկա, որն էլ տեղում ծնեց «Ջոկերի» կերպար ստանալու գաղափարը:

— Կարելի՞ է ենթադրել, որ այս տարի «Օսկար» մրցանակաբաշխության ընթացքում Ձեր ֆավորիտ ֆիլմը հենց «Ջոկեր»-ն է։ Ի՞նչն է տպավորել Ձեզ այդ ֆիլմում։

-Չեմ կարող ասել, թե ֆավորիտ ֆիլմը «Ջոկեր»-ն է: Այս տարի հզոր ռեժիսորների ու դերասանների ֆիլմեր են առաջադրված՝ Քվենտին Տարանտինո «Մի անգամ Հոլլիվուդում», Մարտին Սկորսեզե «Իռլանդացի»-ն, Ջեյմս Մենգոլդ «Ֆորդն ընդդեմ Ֆերրարիի»։ Կարճ ասած՝ բարդ ընտրություն է: «Ջոկեր»-ն ինձ համար հաղթական է գլխավոր դերակատար Խոակին Ֆենիքսի գործոնով․ կարծում եմ, «Լավագույն դերասան» անվանակարգում «Օսկարը» միանշանակ նա պետք է տանի:

— «Ջոկեր» կերպարն այդ ֆիլմում մարդ էր, որն ուներ հոգեբանի օգնության կարիք։ Մասնագիտությամբ ունենալով համապատասխան կրթություն՝ ինչպե՞ս եք դուք բնորոշում նրան։

-Ջոկերի կերպարը հավաքական է։ Այս թեմայով իմ դիտած ֆիլմերից նրա հերոսը լավագույնս հենց այստեղ է պատկերված, որովհետև կերպարի ընդհանուր բնութագիրը հետաքրքիր ձևով համակցել են ծիծաղի էպիլեպսիայի հետ։ Դա հազվադեպ հանդիպող խանգարում է, որը, ինչ խոսք, վառ ու տպավորիչ գույներ էր տվել ֆիլմին:

— Աչքի անցկացնելով ֆիլմի հետ կապված մեկնաբանություններն ու պրոֆեսիոնալ մակարդակով կերպարի վերլուծությունը՝ տեսնում ենք շատ հակասական կարծիքներ։ Հերոսը վիճելի տեսակ է։ Դուք արդարացնո՞ւմ, թե՞ մեղադրում եք նրան։

-Մասնագիտական տեսանկյունից նմանեցնում եմ հակասոցիալական անձնային խանգարում ունեցող մարդկանց, ովքեր հակված են բռնությունների, օրինազանցությունների: Կերպարն ու ֆիլմն ինքնին վիճելի են: Հոգեվերլուծական տեսանկյունից իմ տեսած Ջոկերն արդարացված է. ոչ լիարժեք ընտանիքում մեծացած տղա, ում ֆիզիկական ու հոգեկան բռնությունների են ենթարկել (առաջին հերթին մայրը, այնուհետև մոր սիրեկանները), սոցիումից իզոլացված և անտեսված լինելու, ծնողական հուզական կապի բացակայության, պարբերաբար ծաղրի ու ճնշումների ենթարկվելու պարագայում ցանկացած հոգեկան անհավասարակշիռ գործողություն ինձ համար արդարացված է:

-Ի՞նչ ուղերձ է Ձեզ փոխանցել այդ ֆիլմը, ըստ Ձեզ, ո՞րն էր դրա հիմնական հաղորդագրությունը։

-Ֆիլմը, ինչպես վերջերս գրեթե բոլոր ամերիկյան ֆիլմերը, կտրուկ ուղերձ ուներ ընտանեկան մանկական տրավմաներին:

-Յուրաքանչյուր տպավորիչ ֆիլմ մեր հուզական դաշտի վրա ինչ-որ ազդեցություն է ունենում։ Զգայական առումով ի՞նչ տվեց ձեզ այս ֆիլմը։

-Առաջինը, ինչ մտքիս եկավ`ինչ զգացողություն կունենայի, եթե մարդ սպանեի։)

-Կարևոր է նաև այն, թե ում հետ ենք ֆիլմը դիտում։ Ո՞ւմ հետ ի՞նչ միջավայրում եք սիրում ֆիլմեր դիտել։

-Խենթանում եմ կինոթատրոնում ֆիլմ դիտելու համար: Եթե ոչ կինոթատրոնում, ապա տանը: Ինձ առավելագույնը երկու հոգի կարող է ընկերակցել, ընդ որում, եթե չշեղվեն ու ինձ հետ հավասար լուռ նայեն: Ես մենակյաց եմ, մենակ դիտել եմ սիրում։

-Հաշվի առնելով աշխատանքի բնույթն ու նկարահանումները՝ հագեցած գրաֆիկ ունեք։ Ե՞րբ եք հասցնում ֆիլմերին ժամանակ տրամադրել։

-Վերջին 3 ամիսը ո՛չ հասցնում եմ գիրք կարդալ, ո՛չ ֆիլմ դիտել: Ինձ մոտ ժամանակի սխալ կառավարման փուլ է։ Մոտ ժամանակներս ամեն բան կկարգավորեմ, երևի, մի փոքր գերհոգնած եմ:

-Առհասարակ, ի՞նչ ֆիլմերի սիրահար եք, կառանձնացնե՞ք Ձեզ տպավորած ֆիլմերի եռյակը։

-Բացի սարսափ ժանրից ցանկացած ֆիլմ կարող եմ դիտել: Կառանձնացնեմ առաջինը մտքիս եկած չորս ֆիլմը՝ Դարեն Արանովսկու «Մայրիկ»-ը, Ջուզեպե Տորնատորեի «Անծանոթուհին», Ֆրենկ Դարաբոնտի «Կանաչ մղոն»-ը և իսպանական արտադրությունից`Օրիոլ Պաոլոյի «Անտեսանելի հյուրը»:

-Ո՞ր դերասանուհուց եք ոգեշնչվում։

-Միշտ Ջուլիա Ռոբերտսին եմ սիրել, արտաքնապես ինձ շատ հաճախ են նմանեցնում նրան: Իմ սիրելի դերասանուհիներից են նաև Նատալի Պորտմանը և Մարգո Ռոբբին։

-Ո՞ր ֆիլմն է ազդել ձեր աշխարհայացքի վրա։

-Ինձ վրա մեծագույն ազդեցություն է ունեցել Լարս Ֆոն Թրիերի «Դոգվիլլ» ֆիլմը՝ թե՛ դերասանական խաղի, թե՛ ռեժիսուրայի, թե՛ սցենարի և շատ այլ տեսանկյուններից: Դա բոլոր ժամանակների իմ ամենասիրելի ֆիլմերից է։

-Կա՞ ֆիլմային մի դրվագ, որը կցանկանայիք Ձեզ հետ կատարվեր, սակայն իրական կյանքում։

-Չեմ մտաբերի ֆիլմային մի դրվագ, որը կուզեի իրականում ինձ հետ պատահեր։ Սակայն մի ֆիլմ կա, որից միշտ վախեցել եմ, որ հնարավոր է իրականում ինձ հետ պատահի: Խոսքը «Նարկոզ» ֆիլմի մասին է, երբ հերոսին անզգայացնում են, սակայն դա ազդում է միայն արտաքին ազդակների վրա․ դու քնած ես, բայց վիրահատության բոլոր ցավերը, սկսած վիրաբուժական մկրատի կտրելուց, մինչև օրգանական ցավերը զգում ես: Նման բան լինում է 10․000-ից 1-ի հետ։

-Կնշե՞ք ֆիլմ, որտեղ կցանկանայիք հանդես գալ գլխավոր հերոսուհու կերպարում։

Առաջինը «Ինքնասպանների ջոկատը» ֆիլմում Մարգո Ռոբբիի մարմնավորած հերոսուհին եկավ միտքս: Տեսնես ինչո՞ւ:)

-Ի՞նչ ժանրի ֆիլմ է Ձեր կյանքը։

-Եռաժանր եմ ապրում՝  թրիլլեր, դրամա, ֆանտաստիկա:

-Երաժշտական ո՞ր ստեղծագործությունը կլիներ Ձեր կյանքի սաունդթրեքը։

— Ֆրենկ Սինատրայի That’s life ստեղծագործությունը: