«Անսպասելի կորստի պատճառով չեղարկեցի տարեդարձիս խնջույքը». Սիլվի Բարկովա

Դերասանուհի Սիլվի Բարկովան երեկ նշել է ծննդյան տարեդարձը: Ամուսնությունից հետո Հնդկաստանում բնակություն հաստատած դերասանուհին այս շրջանում Հայաստանում է: Սիլվին որոշել էր տարեդարձի առթիվ մեծ խնջույք կազմակերպել, քանի որ հայրենիքում էր՝ հարազատների հետ, սակայն անսպասելի կորուստը ստիպել է չեղարկել բոլոր ծրագրերը:

«Շատ մեծ ծրագրեր ունեի, քանի որ Հայաստանում էի: Ուզում էի գեղեցիկ խնջույք կազմակերպել, հրավիրել բոլոր հարազատներիս, բայց ծննդիցս օրեր առաջ մտերիմ դասընկերս մահացավ, ինչի համար չեղարկեցի ծրագրերս»,- Tert.am Life-ի հետ զրույցում պատմեց նա:

Սիլվին հայտնեց, որ օրն անցկացրել է ընտանիքի անդամների ու մտերիմ ընկերների հետ, որոնք անկախ ամեն ինչից հյուրընկալվել են իրենց տանը:

«Որպեսզի օրս շատ տխուր չանցնի, ավագ քույրիկս որոշել էր անակնկալ մատուցել ինձ: Նա իմ նկարով տորթ էր պատվիրել, ուտեստներ պատրաստել ու մեր տուն հրավիրել մի քանի ընկերներիս»,- ասաց դերասանուհին:

Նա պատմեց, որ տարեդարձի շնորհավորանքներն ու բարեմաղթանքները սկսվել էին կեսգիշերից: Ամուսինն ու սկեսուր մայրիկը նրան շնորհավորել են զանգով:

«Մայրիկս ինձ շատ կոսմետիկ միջոցներ էր ուղարկել, ինչից շատ էի ուրախացել: Ամուսինս գումար էր փոխանցել, որպեսզի նվեր ընտրեմ ինձ համար: Նա իր անակնկալը կմատուցի, երբ վերադառնամ Հնդկաստան»,- ասաց նա ու հավելեց, որ Հնդկաստան մեկնելու ժամկետներ առայժմ չի կարող նշել:

Թեև դերասանուհին կարոտել է ամուսնուն, տխուր չէ, որ տարեդարձին միասին չէին: «Շուտով կմեկնեմ Հնդկաստան ու կրկին միասին կլինենք: Այդ թեմայով չեմ տխրում»,- նշեց նա: