Հյուսիսային Կարոլինայի համալսարանի գիտնականները պարզել են, որ սառեցված մրգերն ու բանջարեղենը կարող են շատ ավելի օգտակար լինել, քան թարմ մրգերն են, փոխանցում է CNN-ը:
Մասնագետների խոսքով՝ սառեցման համար նախատեսված մրգերն ու բանջարեղենը սովորաբար հավաքվում են հնարավորինս հասած ժամանակ, ուստի դրանց մեջ օգտակար նյութերի քանակությունն ավելի շատ է լինում, մինչդեռ վաճառքի համար նախատեսված պտուղները հաճախ հավաքվում են լիովին չհասած ժամանակ: Սա պայմանավորված է նրանով, որ պտուղները հաճախ տեղափոխվում են այլ վայրեր, իսկ հասած լինելու դեպքում դրանք կարող են վնասվել ու փչանալ: Սա է պատճառը, որ վիտամիններն ու հանքանյութերը նման մրգերում ու բանջարեղենում շատ ավելի քիչ են լինում, քան սառեցված պտուղներում է:
«Սառեցման համար նախատեսված գերհասած պտուղները կարող են 10-50 տոկոսով ավելի շատ սննդարար նյութ պարունակել, քան շուկայում գնված մրգերը», — նշում են փորձագետները:
Գիտնականները խորհուրդ են տալիս ինքնուրույն սառեցնել ամառային մրգերն ու բանջարեղենը՝ ընդգծելով, որ սա լավագույն միջոցն է դրանցում պարունակվող վիտամիններն ու հանքանյութերը պահպանելու համար: Այս սննդարար տարրերը չեն կորցնում իրենց օգտակար հատկությունները սառեցման դեպքում, ուստի այս մրգերը շատ օգտակար կլինեն անգամ հալեցնելուց հետո: