Ինչ փոփոխություններ պետք է անեն կանայք իրենց սննդակարգում 30 տարեկանից հետո

Տարիքի հետ մարդու նյութափոխանակության համակարգի աշխատանքում որոշակի փոփոխություններ են տեղի ունենում, որոնք անդրադառնում են ամբողջ օրգանիզմի վրա: Այդ փոփոխությունները հատկապես զգալի բացասական ազդեցություն են ունենում կանանց օրգանիզմի վրա, ուստի ծանրության զգացումից, ինչպես նաև մարսողական ու մաշկային խնդիրներից խուսափելու համար հարկավոր է որոշակի փոփոխություններ անել սննդակարգում և ուտել սննդարար ու օգտակար մթերք, որը կօգնի պայքարել օրգանիզմի վաղաժամ ծերացման դեմ:

Մասնագետները ներկայացրել են սննդամթերքի այն տեսակները, որոնց գործածությունը 30 տարեկանից հետո խորհուրդ է տրվում նվազեցնել:

Սպիտակ հաց ու շաքար

Սննդաբան Լիզա Դևիսի խոսքով՝ շաքարը երիտասարդության գլխավոր թշնամին է: Այն նպաստում է բորբոքումների զարգացմանը, ինչպես նաև վնասում է կոլագենի ու էլաստինի մանրաթելերը, որոնք պահպանում են մաշկի պրկությունն ու առաձգականությունը: Մասնագետը հորդորում է նվազեցնել նաև սպիտակ հացի գործածությունը, քանի որ այն որևէ օգուտ օրգանիզմին չի տալիս:

Դիետիկ ըմպելիքներ

Դիետիկ ըմպելիքները խիստ վնասակար են օրգանիզմի համար, իսկ սննդաբան և խոհարար Թրիս Ուիլիամսը վստահ է, որ դրանք 30-ն անց կանանց թշնամին են: Նման ըմպելիքները բարձրացնում են քաղցկեղի զարգացման հավանականությունն ու նպաստում են սթրեսի առաջացմանը: Դիետիկ ըմպելիքների գործածության դեպքում գլխուղեղը դրանք ընդունում է որպես քաղցր ըմպելիք, ուստի արտադրում է ինսուլին շաքարի վերամշակման համար, մինչդեռ իրականում օրգանիզմը շաքար չի ստանում:

Համեմունքներ ու սոուսներ

Սննդաբաններն ու մաշկաբանները խորհուրդ են տալիս խուսափել կետչուպի և մայոնեզի գործածությունից, ինչպես նաև շատ զգոն լինել համեմունքների ընտրության հարցում: Բանն այն է, որ պատրաստի համեմունքներին արտադրողները հաճախ ավելացնում են համի ուժեղացուցիչներ և արհեստական քաղցրացուցիչներ, որոնք խիստ վնասակար են առողջության համար: Մասնագետները խորհուրդ են տալիս սոուսներն ու համեմունքները փոխարինել բնական համեմունքներով: Շատ օգտակար կարող են լինել քիմիոնն ու քրքումը, որոնք օժտված են հակաբորբոքային հատկություններով և բարելավում են մարսողությունը:

Մակարոնեղեն

Սննդաբան Լիանա Վերներ-Գրեյի խոսքով՝ 30 տարեկանից հետո կանայք պետք է նվազեցնեն օգտագործվող գլյուտենի քանակությունը, ուստի հարկավոր է սննդակարգից բացառել մակարոնեղենը:

Պատրաստի հրուշակեղեն

Պատրաստի հրուշակեղենը կարող է շատ համեղ ու գրավիչ լինել, սակայն սա այն մթերքն է, որից պետք է հրաժարվի իր առողջության մասին հոգացող յուրաքանչյուր ոք: Պատրաստի քաղցրավենիքը պարունակում է տրանս ճարպեր, որոնք աստիճանաբար ծերացնում են օրգանիզմը, ուստի երիտասարդությունը հնարավորինս երկար պահպանելու համար հարկավոր է սննդակարգից բացառել պատրաստի հրուշակեղենի գործածությունը, իսկ սաստիկ ցանկության դեպքում պատրաստել այն ինքնուրույն՝ օգտագործելով բացառապես օգտակար բաղադրիչներ:

Նյութի աղբյուրը՝ med2.ru