3 արդյունավետ ժողովրդական միջոց հազը մեղմելու համար

Տարվա այս եղանակին շնչառական համակարգի հիվանդությունները բավական տարածված են և հաճախ ուղեկցվում են հազով, որից ազատվելը կարող է բավական բարդ լինել: Ներկայում դեղատներում կան այս տհաճ խնդրի դեմ պայքարի համար նածատեսված բազմաթիվ դեղամիջոցներ, սակայն դրանք կամ բավական թանկարժեք են, կամ անարդյունավետ: Սա է պատճառը, որ նման դեպքերում մասնագետները խորհուրդ են տալիս կիրառել բուժման ժողովրդական միջոցներ, քանի որ նման միջոցները ոչ միայն արդյունավետ են ու հասանելի, այլև չեն առաջացնում կողմնակի բարդություններ:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում երեք պարզ ու հասանելի ժողովրդական դեղամիջոց, որոնք կօգնեն հեշտությամբ մեղմել հազը:

Տուղտի արմատների եփուկ

Այս օգտակար եփուկը պատրաստելու համար հարկավոր է 1 թեյի գդալ տուղտի մանրացրած արմատներին ավելացնել մի բաժակ եռման ջուր, դնել թույլ կրակին ու եփել 15 րոպե: Պատրաստ լինելուն պես եփուկը հարկավոր է քամել, բաժանել երկու մասի և ընդունել առավոտյան ու երեկոյան (կես բաժակ):

Մեղրով ու յուղերով կաթ

Այս ըմպելիքը, թերևս, հազի դեմ ամենատարածված միջոցներից է, որը ծանոթ է գրեթե բոլորին: Այն պատրաստելու համար հարկավոր է կաթը եռացնել, թողնել մի փոքր սառչի, այնուհետև ավելացնել մեկական թեյի գդալ կակաոյի յուղ (կարելի է փոխարինել կարագով) և մեղր: Այս ըմպելիքը ցանկալի է խմել գոլ վիճակում քնելուց անմիջապես առաջ:

Շաղգամի հյութ

Հազը մեղմող ամենապարզ ու հասանելի միջոցներից մեկը շաղգամի հյութն է: Այս պարզ դեղամիջոցը պատրաստելու համար հարկավոր է հյութաքամիչի միջոցով քամել 1 բաժակ շաղգամի թարմ հյութ, դնել այն կրակին ու եռացնել: Թողնել հյութը սառչի և կես ժամ թրմվի, այնուհետև ավելացնել մի փոքր մեղր ու խմել խառնուրդը:

Այս բնական միջոցները շատ արդյունավետ են ու հասանելի, սակայն հարկ է հիշել, որ առողջական լուրջ խնդիրների և ուժեղ ցավերի դեպքում հարկավոր է անպայման դիմել մասնագետին, քանի որ ինքնաբուժությունը կարող խիստ վնասակար լինել ու էլ ավելի վատթարացնել հիվանդի վիճակը:

Բացի այդ, միայն փորձառու մասնագետը կկարողանա պարզել խնդրի պատճառն ու նշանակել անհրաժեշտ բուժումը, որը կլինի արդյունավետ ու չի առաջացնի կողմնակի բարդություններ:

Նյութի աղբյուրը՝ med2.ru