8 տհաճ ախտանշան, որոնք կարող են պայմանավորված լինել արյան շրջանառության խանգարմամբ

Արյան ճիշտ շրջանառությունն ամբողջ օրգանիզմի նորմալ գոյատևման ու գործունեության գլխավոր նախապայմաններից մեկն է, սակայն շատերն, այնուամենայնիվ, չեն նկատում այս գործառույթի խանգարումն ու գլխի չեն ընկնում դրա վտանգավոր հետևանքների մասին: Միևնույն ժամանակ մասնագետները նախազգուշացնում են, որ արյան շրջանառության խանգարումներ կարող են ի հայտ գալ ցանկացած տարիքում՝ դառնալով գլխուղեղի, սրտամկանի, երիկամների, լյարդի և կենսական նշանակություն ունեցող այլ օրգանների աշխատանքի վատթարացման պատճառ:

Նման խնդիրներից խուսափելու համար փորձագետները հորդորում են միշտ շատ զգոն լինել՝ խանգարումները ժամանակին հայտնաբերելու և դրանց դեմ միջոցներ ձեռնարկելու համար, ուստի ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ութ ախտանշան, որոնք կարող են պայմանավորված լինել արյան շրջանառության խանգարմամբ:

Վերջույթների թմրածություն ու ծակծկոց

Այս ախտանշանները ոչ միշտ են պայմանավորված լինում արյան շրջանառության խանգարմամբ, սակայն այնուամենայնիվ դրանք ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել: Բանն այն է, որ նման զգացողություններն ի հայտ են գալիս բավական վտանգավոր խնդիրների հետևանքով, որոնց շարքին են դասվում թրոմբների առաջացումն ու երակների հիվանդությունները:

Քայլելիս ոտքերում նկատվող տհաճ զգացողություններ

Եթե քայլելիս ոտքերում ի հայտ է գալիս ձգվածության տհաճ զգացողություն, ցավ ու այրոց, որը մեղմվում է կանգնելու դեպքում, ապա հարկավոր է դիմել սրտաբանին: Երբեմն այս ախտանշանները հուշում են սրտանոթային հիվանդությունների մասին, որոնք պայմանավորված են լինում աթերոսկլերոզով կամ անոթների պրոգրեսիվ կալցիումապատմամբ:

Կոճերի այտուցվածություն

Սովորաբար ոտքերի այտուցներն անվնաս են լինում և անցնում են առանց որևէ միջամտության 24 ժամվա ընթացքում, սակայն եթե խնդիրը կրկնվում է բավական հաճախ կամ պահպանվում է երկար ժամանակ, ապա հարկավոր է անպայման խորհորդակցել բժշկի հետ: Եթե ոտքերն այտուցվում են հանկարծակի, այտուցն ուղեկցվում ցանով ու քորով, ինչպես նաև նկատվում է ոտքերի մաշկի ջերմաստիճանի բարձրացում կամ ցավ, ապա հարկավոր է անհապաղ դիմել բժշկին, քանի որ խնդիրը կարող է պայմանավորված լինել արյան շրջանառության լուրջ խանգարումով և անգամ թրոմբի առկայությամբ:

Հոգնածություն

Արյան վատ շրջանառության դեպքում հյուսվածքներն ու օրգանները չեն ստանում անհրաժեշտ քանակությամբ սննդարար նյութեր ու թթվածին, ինչի հանգեցնում է ընդհանուր հոգնածության զգացողության, մկանային թուլության և անգամ ցավոտ զգացողությունների առաջացման:

Մաշկի երանգի փոփոխություն

Արյան շրջանառության վատթարացման մասին հուշող ևս մի ախտանշան կարող է լինել մաշկի գունատությունը, դեղնավուն կամ կապտավուն երանգը:

Սառը ձեռքեր ու ոտքեր

Ցրտի նկատմամբ գերզգայունությունը, հաճախ մրսելը, ինչպես նաև մշտապես սառը վերջույթները անգամ բարձր ջերմաստիճանի պայմաններում, նույնպես կարող են հուշել արյան վատ շրջանառության մասին:

Մոռացկոտություն

Արյան թույլ հոսքը բացասաբար է անդրադառնում նաև կոգնիտիվ գործառույթների վրա, ինչը կապված է գլխուղեղի վատ սնուցման ու սննդարար նյութերի և թթվածնի պակասի հետ: Ի վերջո մարդու մոտ ի հայտ են գալիս կենտրոնացման ու ընկալման հետ կապված խնդիրներ, մոռացկոտություն և այլն:

Եղունգների ու մազերի հետ կապված խնդիրներ

Արյան շրջանառության վատթարացման ֆոնին կարող են ի հայտ գալ այնպիսի խնդիրներ, ինչպիսին են մազաթափությունը, մազերի վատ աճը, թուլացումը, եղունգների փխրունությունը և այլն:

Հազվադեպ միզարձակություն

Արյան շրջանառության վատթարացման դեպքում երիկամներին մատակարարվող արյան ծավալը նվազում է, ինչի հետևանքով կարող են նկատվել փոփոխություններ միազազատական համակարգի աշխատանքում: Այս դեպքում մարդն ավելի հազվադեպ է միզում, մինչդեռ օգտագործվող ջրի քանակությունը չի նվազեցնում: