Իրավիճակի կտրուկ փոփոխություն. ի՞նչ է տեղի ունենում

Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը ստանձնելու վերաբերյալ Վահե Գրիգորյանի հայտարարությունը Հայաստանում ստեղծում է նոր իրավիճակ: Փաստացի, հայտարարվում է դատական իշխանափոխության մասին, քանի որ խոսքը Բարձրագույն դատական ատյանի մասին է: Վահե Գրիգորյանի հայտարարությունն ինքնին աննախադեպ է, և միանգամայն հասկանալի է, որ գտնվում է հեղափոխական, ոչ թե էվոլյուցիոն տրամաբանության մեջ: Այդ հայտարարությունը հատկապես ուշագրավ երանգ է ստանում երկու իրողության ֆոնին: Մեկ այլ անսպասելի բան է տեղի ունեցել Վերաքննիչ դատարանում Ռոբերտ Քոչարյանի և մարտիմեկյան գործով մյուս մեղադրյալների գործում: Դատավոր Արմեն Դանիելյանը հայտարարել է դատավարության ավարտի մասին և հեռացել որոշում կայացնելու, որը կհրապարակի հունիսի 25-ին: Դատավորն իր քայլը պատճառաբանել է նրանով, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կիրառում է դատական նիստերը ձգելու մարտավարություն: Հարցն ուշագրավ է նրանով, որ դատարանը պետք է կայացնի որոշում նաև Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ Ընդհանուր իրավասության դատարանի հայտնի որոշման առումով, միաժամանակ նաև նույն դատարանի՝ Քոչարյանի անձեռնմխելիության գործոնի համար դատական գործը ՍԴ ուղարկելու որոշման իրավաչափության առումով:

Երբ այդ հանգամանքը համադրում ենք Սահմանադրական դատարանում իրավիճակի կտրուկ փոփոխություն բերող Վահե Գրիգորյանի հայտարարության հետ, ապա պատկերը դառնում է իսկապես շրջադարձային: