Մասնագետները նշել են՝ որն է լավագույն մթերքը զարկերակային բարձր ճնշման կարգավորման համար

Զարկերակային գերճնշումը ներկայում ամենատարածված ու վտանգավոր հիվանդություններից մեկն է, որը մշտական վերահսկողության տակ չպահելու դեպքում կարող է դառնալ մի շարք լուրջ ախտաբանությունների, այդ թվում՝ գլխուղեղի կաթվածի, սրտանոթային խնդիրների ու երիկամների հիվանդությունների զարգացման պատճառ։ Նման խնդիրներից խուսափելու համար հարկավոր է մշտական վերահսկողության տակ պահել զարկերակային ճնշումն ու անհրաժեշտության դեպքում միջոցներ ձեռնարկել այն կարգավորելու համար։

Ինչպես գրում է Express պարբերականը՝ բրիտանացի մասնագետներին հղումով, զարկերակային ճնման կարգավորման ամենաարդյունավետ բնական միջոցներից մեկը սխտորն է։ Մասնագետների խոսքով՝ սխտորով հավելումները նույնքան արդյունավետ են, որքան զարկերակային ճնշման բուժման համար նախատեսված դեղորայքը, սակայն միևնույն ժամանակ դրանք չեն առաջացնում կողմնակի բարդություններ։ Միջինում 8-12 շաբաթ օրական 188-2400 մգ սխտորի փոշի օգտագործելը նվազեցնում է սիստոլիկ ու դիաստոլիկ զարկերակային ճնշումները 6,7 և 4,8 մմ./սս.-ով համապատասխանաբար։

Միևնույն ժամանակ նշվում է, որ սխտորի գործածության ազդեցությունն առավել ակնհայտ է լինում զարկերակային ճնշման բարձրացման դեպքում և համեմատաբար քիչ զգալի, երբ զարկերակային ճնշումը նորմայի սահմաններում է լինում։ Սա նշանակում է, որ զարկերակային գերճնշման բացակայության դեպքում այս մթերքն օրգանիզմի վրա բացասաբար չի անդրադառնա։

Մասնագետները նաև խորհուրդ են տալիս համադրել սխտորը ճնշման կարգավորման այլ միջոցների, այդ թվում՝ սննդակարգում աղի քանակության նվազեցման ու կանոնավոր ֆիզիկական վարժությունների հետ, ինչը կօգնի առավել լավ արդյունքի հասնել։