Առողջական ինչ վտանգավոր խնդիրներ կարող են զարգանալ քնի պակասի հետևանքով

Առողջ ու լիարժեք քունը շատ կարևոր է ամբողջ օրգանիզմի առողջության պահպանման համար, քանի որ օգնում է հանգստանալ ու թարմ ուժերով սկսել օրը, սակայն շատերն անտեսում են այս կարևոր գործոնը՝ չբարելավելով քնի որակն ու անուշադրության մատնելով քնի պակասի մասին հուշող ախտանշանները։

Մասնագետները նախազգուշացնում են, որ օրական 7-8 ժամ քնելը կենսական նշանակություն ունի յուրաքանչյուրի համար, ուստի քնի պակասը կարող է ճակատագրական լինել, սակայն քչերին է հայտնի, թե իրականում ինչպես է քնի պակասն անդրադառնում օրգանիզմի վրա և ինչ լուրջ խնդիրներ է առաջացնում այն անուշադրության մատնելու դեպքում։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այն հնարավոր առողջական խնդիրները, որոնք կարող են զարգանալ քնի պակասի հետևանքով։

Սրտամկանի ինֆարկտի հավանականության բարձրացում

Հետազոտությունները ցույց են տվել, որ քնի պակասը կարող է բացասաբար անդրադառնալ սրտամկանի առողջության վրա՝ բարձրացնելով սրտանոթային լուրջ հիվանդությունների, այդ թվում նաև սրտամկանի ինֆարկտի ու գլխուղեղի կաթվածի զարգացման հավանականությունը։ Հատկանշական է, որ վնասակար կարող է լինել նաև չափազանց երկարատև քունը, ուստի հարկավոր է քնել օրական 7-8 ժամ։

Հորմոնալ խնդիրների զարգացում

Քնի ռեժիմի խանգարումը կապված է նաև հորմոնալ դիսբալանսի հետ։ British Journal Of Nutrition պարբերականում հրապարակված հետազոտությունը ցույց է տվել, որ քնի պակասը կարող է հանգեցնել մետաբոլիկ ու էնդոկրին փոփոխությունների։ Բացի այդ, քնի պակասը նաև նվազեցնում է գլյուկոզայի նկատմամբ անհանդուրժողականությունն ու ինսուլինի նկատմամբ զգայունությունը, միաժամանակ բարձրացնելով կորտիզոլ, գրելին ու լեպտին հորմոնների մակարդակները։ Սա է պատճառը, որ հորմոնալ դիսբալանսից խուսափելու համար հարկավոր է կարգավորել քունն ու խուսափել քնի պակասից։

Հոգնածություն ու թուլություն

Քնի պակասի դեպքում տհաճ զգացողություններով ուղեկցվող հոգնածության ու թուլության զգացումը բավական տարածված խնդիր է, որը բացասաբար է անդրադառնում օրգանիզմի նորմալ աշխատանքի վրա։ Բավական տևական քունն օգնում է գիշերվա ընթացքում ինչպես հարկն է հանգստանալ ու թարմ ուժերով սկսել նոր օրը, մինչդեռ քնի պակասի դեպքում օրգանիզմը չի հասցնում հանգստանալ ու վերականգնվել։

Ավելորդ քաշի կուտակում

Օրական 8 ժամ չքնելու դեպքում անգամ ամենախիստ ու արդյունավետ սննդակարգին հետևելը կարող է անարդյունավետ լինել ավելորդ քաշի դեմ պայքարում։ Բանն այն է, որ քնի պակասն ստիպում է մարդուն սովորականից ավելի շատ կալորիա օգտագործել, ինչն էլ իր հերթին հանգեցնում է քաշի զգալի ավելացման։ Սա է պատճառ, որ նիհարել ցանկացողները պետք է առաջին հերթին ուշադրություն դարձնեն քնի ռեժիմին ու անհրաժեշտության դեպքում կարգավորեն այն։

Լիբիդոյի անկում

Քնի ռեժիմի խանգարումը կարող է խիստ բացասաբար անդրադառնալ սեռական կյանքի վրա՝ հանգեցնելով սեռական ցանկության նվազման։ Բանն այն է, որ այն հանգեցնում է էներգիայի մակարդակի նվազման, քնկոտության զարգացման ու հոգնածության, ինչն էլ իր հերթին բացասաբար է անդրադառնում լիբիդոյի վրա։ Ավելին՝ գիտնականները քնի վատ որակը կապում են նաև տղամարդկանց մոտ էրեկտիլ դիսֆունկցիայի, իսկ կանանց մոտ օրգազմի հետ կապված խնդիրների զարգացման հետ։

Ծերացման գործընթացի արագացում

Քնի պակասը խիստ բացասաբար է անդրադառնում նաև մարդու արտաքինի վրա՝ հանգեցնելով մաշկի վիճակի վատթարացման։ Տևական քնի պակասը կարող է հանգեցնել ծերացման գործընթացի արագացման, ինչն էլ կուղեկցվի ոչ միայն վաղաժամ կնճիռների առաջացմամբ, այլև առհասարակ մաշկի վիճակի վատթարացմամբ։

Նյութի աղբյուրը՝ The Health Site