Դերասանուհի Օլյա Հակոբյանն ուժեղ եւ համարձակ կնոջ տեսակ է, ինչն արտահայտվում է նաեւ նրա մարմնավորած հերոսուհիների մեջ: NEWS.am STYLE-ի հետ մարտիության զրույցում Օլյան նշել է, թե որոնք են, ըստ իրեն, կանանց մասին ամենածիծաղելի կարծրատիպերը, ինչ խտրականությունների են բախվում հայ կանայք, եւ, առհասարակ` ինչ են ուզում կանայք տղամարդկանցից…
Օլյա, որո՞նք են կին լինելու առավելություններն՝ ըստ քեզ:
Կարծում եմ` կին լինելու առավելությունը նրանում է, որ որոշ դեպքերում կինը կարող է իրեն թույլ տալ լինել թույլ, ինչի իրավունքը տղամարդն, ըստ իս, չունի:
Իսկ որո՞նք են դժվարությունները:
Շատ ու շատ հարցերում ավելի դժվար է լինել կին, չեմ ուզում մանրամասնել. յուրաքանչյուր կին էլ կհասկսնա` ինչ նկատի ունեմ: Կարծում եմ` տղամարդը որոշ դեպքերում ավելի հեշտ է ապրում:
Կանացիության մասին ամենատարօրինակ կարծրատիպն՝ ըստ քեզ:
Վերջերս շատ եմ առնչվում այն կարծրատիպին, թե կանացիությունը «հեզիկ» խոնարհությունն է: Այս տեսակետի հետ այնքան էլ համաձայն չեմ, որովհետեւ այն ընդամենը կարծրատիպ է: Կարծում եմ` կանացիությունը ընդհանուր շաբլոնների մեջ չէ: Պատմությանը հայտնի են շատ ուժեղ կանայք, որոնք բացարձակ չեն պատկանում այդ տեսակին:
Ո՞ր ժամանակաշրջանի նորաձեւությունն է քեզ ավելի հոգեհարազատ:
Ինձ համար կա մի մարդ, որն, առհասարակ, նորաձեւության արտացոլումն է`Կոկո Շանելը: Թե որպես կին, թե որպես նորաձեւությանը նոր շունչ հաղորդած անձնավորություն, նա ինձ շատ հոգեհարազատ է:
Ե՞րբ ես առաջին անգամ դիմահարդարվել:
Անձամբ դիմահարդարվել եմ 15-16 տարեկաում, իսկ մինչ այդ, երբ շատ փոքր էի, քույրերս ինձ դիմահարդարում էին եւ լուսանկարում, բայց ես բացարձակ դրան կողմ չէի (ծիծաղում է):
Ո՞ր տարիքից ես քեզ սկսել զգալ կանացի ու հմայիչ:
Կանացի եւ հմայիչ ինձ սկսել եմ զգալ, մոտավորապես, 19 տարեկանում, երբ կտրուկ նիհարեցի. այդ տարիքում ինձ ավելի գեղեցիկ սկսեցի զգալ:
Եթե մեկ օրով լինեիր տղամարդ…
Անկեղծ ասած` չէի ուզի ոչ մի օր լինել տղամարդ, որովհետեւ ես ի վերուստ ինձ չափազանց կին եմ զգում եւ ոչ մի անհրաժեշտություն չեմ տեսնում տղամարդ լինելու:
Կանանց ու տղամարդկանց միջեւ ամենանյարդայնացնող խտրականությունը:
Հայաստանում կա մի կարծրատիպ, որ տղամարդն ամեն ինչ կարող է, իսկ կինը` ոչ: Ես չեմ ասում, թե կինն ամեն ինչ պիտի անի կամ կարող է, բայց նաեւ չեմ ուզում համաձայնել այն կարծիքին, թե միայն տղամարդուն է ամեն ինչ կարելի:
Կնոջը գեղեցիկ է դարձնում…
Երջանիկ լինելը. ոչինչ կնոջն ավելի չի կարող գեղեցկացնել, քան նրա երջանիկ աչքերը…
Հանրությանը հայտնի ամենաազդեցիկ կանայք՝ ըստ քեզ:
Արքայադուստր Օլգան, Էդիթ Պիաֆը եւ ինչպես նշեցի` Կոկո Շանելը: Նրանք իմ ֆավորիտներն են:
Ըստ քեզ՝ կանա՞յք են ավելի հմուտ քաղաքականության մեջ, թե՞ տղամարդիկ:
Ես, իհարկե, կարող եմ նշել, օրինակ, Անգելա Մերկելին, որը հմուտ է քաղաքականության մեջ, բայց, այդ մասնագիտության մեջ, կարծում եմ, ավելի հաջողակ են տղամարդիկ:
Ի՞նչը կարող է քեզ բարդութավորել:
Բարդութավորել ինձ ոչինչ չի կարող, բայց կարող է նեղացնել, ինչը միշտ ժամանակավոր բնույթ է կրում:
Կնշե՞ս հայտնի մի տղամարդու, որը քեզ համար իդեալական է:
Հաջողակ տղամարդիկ, ըստ իս, շատ են, բայց կուզեի նշել Լեոնարդո Դի Կապրիոյին, որովհետեւ նախ` նա շատ մեծ աճ գրանցեց, որպես դերասան, նա հմայիչ է, բարի` հոգում է շրջակա միջավայրի, մարդկանց մասին, եւ, ընդհանրապես, կարծում եմ` նա հաջողակ տեսակ է:
Հայաստանում, ըստ քեզ, պաշտպանվա՞ծ են կանանց իրավունքները: Եղե՞լ է, որ բախվես հակառակին:
Իհարկե, Հայաստանում պաշտպանված չեն կանանց իրավունքները, քանի որ այստեղ գործում է եւ դեռ երկար կգործի տղամարդկանց կողմից այդ «բռնապետական ռեժիմը»:
Մարտի 8-ին, սովորաբար, նվերներ սպասո՞ւմ ես, կամ տալի՞ս ես: Ո՞րը կլինի քեզ համար ամենասպասված նվերը:
Առաջնահերթ նվերներ տալիս եմ մայրիկիս, որն իմ կյանքում ամենկարեւոր մարդն է: Իսկ նվերներ, իհարկե, սպասում եմ, ասեմ ավելին` չկա այդպիսի առիթ, որ ես նվերի չսպասեմ (ծիծաղում է): Առհասարակ, շատ եմ սիրում նվերներ ստանալ, կստեմ, եթե ասեմ` դա ինձ համար կարեւոր չէ, որովհետե դա ուշադրություն է: Բայց չեմ ուզում բարձրաձայնել, թե ինչ նվեր կցանկանայի ստանալ, քանի որ մեկը չէ (ծիծաղում է):
Ի վերջո, ի՞նչ է ուզում կինը տղամարդուց:)
Կարծում եմ` կինը տղամարդուց առաջնահերթ ուզում է հոգատարություն, պաշտպանվածություն, հասկացվածություն, նվիրվածություն… Ընդհանրապես, կինը տղամարդուց շատ բան է ուզում, եւ տղամարդիկ դրանից նեղվում են` կարծելով, թե դա չափից դուրս շատ է, բայց, ըստ իս, իդեալական հարաբերությունների դեպքում դա պահանջ չէ, այլ` ինքնաբուխ ստացվող բան: