Ավելորդ կիլոգրամների դեմ շատերն են պայքարում, սակայն շшտ հաճախ սխալ մոտեցման պատճառով մարդկանց չի հաջողվում հասնել ցանկալի արդյունքին անգամ խիստ դիետաների օգնությամբ։
Մասնագետների խոսքով` ավելորդ քաշից ազատվելու համար առաջին հերթին հարկավոր է խթանել նյութափոխանակության համակարգի աշխատանքն ու մաքրել օրգանիզմը վնասակար տարրերից, իսկ այս դեպքում հիանալի օգնական կարող են լինել որոշ բնական ըմպելիքները։
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 3 օգտակար ըմպելիքի բաղադրատոմս, որոնք առավոտյան խմելու դեպքում կօգնեն խթանել նյութափոխանակությունն ու արագացնել քաշի նվազման գործընթացը։ Ավելին` այս ըմպելիքները կօգնեն ոչ միայն ազատվել ավելորդ կիլոգրամներից, այլև ամրապնդել իմունային համակարգը։
Կիտրոնով ու մեղրով ըմպելիք
Այս ըմպելիքի պատրաստման համար հարկավոր է մի բաժակ գոլ ջրին ավելացնել 1 թեյի գդալ մեղր և 2 թեյի գդալ կիտրոնի հյութ ու լավ խառնել։ Ստացված խառնուրդը հարկավոր է ընդունել օրական 3 անգամ ուտելուց առաջ։ Այն պարունակում է մեծ քանակությամբ վիտամին C, ինչի շնորհիվ ամրապնդում է իմունային համակարգն ու մաքրում է օրգանիզմը վնասակար նյութերից։
Վարսակով կիսել
Այս ըմպելիքի պատրաստման համար անհրաժեշտ է 200 գրամ վարսակը լցնել 3 լիտր տարողությամբ տարայի մեջ, ավելացնել կես բաժակ կեֆիր, 1 ճաշի գդալ թթվասեր և 1,5 լիտր ջուր, այնուհետև փակել տարան մառլայի կտորով ու թողնել որևէ տաք տեղում մինչև խառնուրդը թթվի։ Ստացված մածուցիկ զանգվածը քամել, լցնել կաթսայի մեջ և եփել թույլ կրակի վրա մինչև այն սկսի եռալ։ Ստացված կիսելը հարկավոր է խմել ուտելուց կես ժամ առաջ կես բաժակ։ Այն կօգնի բարելավել նյութափոխանակության գործընթացներն ու ամրապնդել իմունային համակարգը։
Մեղրով ու դարչնով ըմպելիք
Այս համեղ ըմպելիքի պատրաստման համար հարկավոր է կես թեյի գդալ դարչինն ավելացնել 200 մլ եռման ջրին և թրմել մինչև հեղուկը սառչի, այնուհետև ավելացնել 1 թեյի գդալ մեղր և ևս երկու ժամ թողնել սառնարանում։ Ըմպելիքը հարկավոր է խմել քնելուց առաջ և առավոտյան դատարկ ստամոքսին։ Այն օժտված է մաքրող հատկություններով և օգնում է արագացնել նյութափոխանակությունը մի քանի անգամ։ Բացի այդ, այն նաև ազատում է քաղցի զգացումից` օգնելով խուսափել ավելորդ կալորիաների գործածությունից։
Նյութի աղբյուրը՝ healthinfo.ua