Լիա Զախարյանն ու Լյուսի Հայրապետյանը նախաձեռնել են ֆոտոշարք՝ անգլերեն պոստերներով, որպեսզի աշխարհին լսելի դարձնեն իրենց ձայնը:
«Որքան էլ հրապարակումներ ենք անում, գերտերությունները լուռ են: Նրանք լսում են և ոչինչ չեն ձեռնարկում կամ ձևացնում են, որ չեն լսել` իրենց անգործությունն արդարացնելու համար: Օրերս Լյուսին զանգահարեց ինձ և ասաց` գուցե այսպիսի բան փորձենք: Մեծ սիրով համաձայնեցի, քանի որ ինքս էլ ֆոտոշարքի միտք ունեի, իսկ խմբակայինն ավելի արդյունավետ է: Մեր նպատակն է, որ մարդիկ կարդան ցուցանակների վրա գրվածը, որովհետև, երբեմն, հրապարակումների երկար գրառումները չեն կարդում: Նպատակ ունենք, որ օտար մարդիկ տեսնեն ու պատկերացնեն, թե ինչ իրավիճակում է մեր երկիրը»,- Tert.am Life-ի հետ զրույցում ասաց Լիան:
Դերասանուհին ընդգծեց, որ լուսանկարների սև ու սպիտակ լինելն էլ խորհուրդ ունի. այդպես են արել, որպեսզի հագուստի վրա շեշտը չդրվի: «Ցանկանում էինք շեշտել գրվածն ու մեր խոսուն աչքերը: Այն բառերը, որոնք պետք է առավել շեշտել, կարմիրով են: Ինքս կողմ եմ եղել կարճ մտքերին, որպեսզի ասելիքը լինի իմաստալից, կոնկրետ ու կարճ: Իհարկե, ուզում ես շատ բան գրել, տեղավորել, բայց երկար գրելու դեպքում կարող էր անտեսվել միտքը: Ցանկանում էինք, որ ցուցանակն արթնացնի կարդացողի զգացմունքները, խիղճը, մղի գործողության»,-նշեց Լիան:
Լուսանկարների հեղինակը լուսանկարիչ Արուսիկ Մարկոսյանն է. «Նա ևս մասնակցել է ֆոտոշարքին: Մասնակիցներից մի քանիսի աչքերը լուսանկարներում փակ են, քանի որ այդ պահին այդպիսի էմոցիա են ունեցել: Իմ աչքերը բաց են, քանի որ ես սիրում եմ ինչ-որ բան ասելիս նայել լսողի աչքերի մեջ: Ես նայում եմ, որ դիմացինս զգա այն, ինչ ինքս եմ զգում»,-ասաց Լիան:
Լուսանկարահանմանը մասնակցել է նաև դերասանուհի Սաթենիկ Հազարյանի դուստրը` Լյուսին, ինչը, ըստ Լիայի, խորհուրդ ունի. «Մեր լուսանկարում փոքրիկը չի արտասվում, ինչպես հակառակորդ երկրի դեպքում է: Մենք չենք ուզում ցույց տալ, իբր թույլ ենք, արտասվում ենք, չենք ուզում մեզ խղճան: Մենք միշտ ուժեղ ու պայքարող ենք եղել ու ցանկանում ենք, որ աշխարհը լսի մեր երեխայի խոսքը»: