«Չենք ուզում ցույց տալ, իբր թույլ ենք, արտասվում ենք». Լիա Զախարյանի ու Լյուսի Հայրապետյանի՝ իրազեկող ցուցանակներով ֆոտոշարքը

Լիա Զախարյանն ու Լյուսի Հայրապետյանը նախաձեռնել են ֆոտոշարք՝ անգլերեն պոստերներով, որպեսզի աշխարհին լսելի դարձնեն իրենց ձայնը:

«Որքան էլ հրապարակումներ ենք անում, գերտերությունները լուռ են: Նրանք լսում են և ոչինչ չեն ձեռնարկում կամ ձևացնում են, որ չեն լսել` իրենց անգործությունն արդարացնելու համար: Օրերս Լյուսին զանգահարեց ինձ և ասաց` գուցե այսպիսի բան փորձենք: Մեծ սիրով համաձայնեցի, քանի որ ինքս էլ ֆոտոշարքի միտք ունեի, իսկ խմբակայինն ավելի արդյունավետ է: Մեր նպատակն է, որ մարդիկ կարդան ցուցանակների վրա գրվածը, որովհետև, երբեմն, հրապարակումների երկար գրառումները չեն կարդում: Նպատակ ունենք, որ օտար մարդիկ տեսնեն ու պատկերացնեն, թե ինչ իրավիճակում է մեր երկիրը»,- Tert.am Life-ի հետ զրույցում ասաց Լիան:

Դերասանուհին ընդգծեց, որ լուսանկարների սև ու սպիտակ լինելն էլ խորհուրդ ունի. այդպես են արել, որպեսզի հագուստի վրա շեշտը չդրվի: «Ցանկանում էինք շեշտել գրվածն ու մեր խոսուն աչքերը: Այն բառերը, որոնք պետք է առավել շեշտել, կարմիրով են: Ինքս կողմ եմ եղել կարճ մտքերին, որպեսզի ասելիքը լինի իմաստալից, կոնկրետ ու կարճ: Իհարկե, ուզում ես շատ բան գրել, տեղավորել, բայց երկար գրելու դեպքում կարող էր անտեսվել միտքը: Ցանկանում էինք, որ ցուցանակն արթնացնի կարդացողի զգացմունքները, խիղճը, մղի գործողության»,-նշեց Լիան:

Լուսանկարների հեղինակը լուսանկարիչ Արուսիկ Մարկոսյանն է. «Նա ևս մասնակցել է ֆոտոշարքին: Մասնակիցներից մի քանիսի աչքերը լուսանկարներում փակ են, քանի որ այդ պահին այդպիսի էմոցիա են ունեցել: Իմ աչքերը բաց են, քանի որ ես սիրում եմ ինչ-որ բան ասելիս նայել լսողի աչքերի մեջ: Ես նայում եմ, որ դիմացինս զգա այն, ինչ ինքս եմ զգում»,-ասաց Լիան:

Լուսանկարահանմանը մասնակցել է նաև դերասանուհի Սաթենիկ Հազարյանի դուստրը` Լյուսին, ինչը, ըստ Լիայի, խորհուրդ ունի. «Մեր լուսանկարում փոքրիկը չի արտասվում, ինչպես հակառակորդ երկրի դեպքում է: Մենք չենք ուզում ցույց տալ, իբր թույլ ենք, արտասվում ենք, չենք ուզում մեզ խղճան: Մենք միշտ ուժեղ ու պայքարող ենք եղել ու ցանկանում ենք, որ աշխարհը լսի մեր երեխայի խոսքը»: