Ամենատարածված սխալները, որոնք մարդիկ գործում են հակաբիոտիկներով բուժման ընթացքում

Հակաբիոտիկները շատ կարևոր դեղամիջոցներ են, որոնք կիրառվում են մի շարք վտանգավոր հիվանդությունների դեպքում, սակայն դրանց սխալ գործածությունը որոշ դեպքերում կարող է շատ ավելի վտանգավոր լինել և լուրջ բարդություններ առաջացնել: Մասնագետները ներկայացրել են ամենատարածված սխալները, որոնք մարդիկ գործում են հակաբիոտիկներ ընդունելիս:

Այս դեղամիջոցների պահանջարկը ձմռանը բավական բարձր է լինում, քանի որ դրանք նշանակվում են մի շարք սեզոնային ախտաբանությունների, այդ թվում՝ միզապարկի վարակների, ստամոքսի լորձաթաղանթի վարակների, թարախային բրոնխաբորբի և թոքաբորբի դեպքում: Բժիշկների խոսքով՝ հակաբիոտիկներով բուժման ժամանակ հարկավոր է շատ զգոն լինել և չշեղվել ցուցումներից, քանի որ անգամ չնչին սխալը կարող է լուրջ հետևանքներ ունենալ: Այս դեղամիջոցներն ազդում են աղիների միկրոֆլորայի վրա և սխալ գործածության դեպքում կարող են բակտերիալ միկրոֆլորայի խանգարումներ առաջացնել: Բացի այդ, հակաբիոտիկների չարաշահման կամ ոչ տեղին գործածության հետևանքով բակտերիաները կարող են կայունություն ձեռք բերել, ուստի բուժումն անարդյունավետ կլինի: Նման խնդիրներից խուսափելու համար մասնագետները հորդորում են զգոն լինել և խուսափել ստորև ներկայացված սխալներից:

Ընդունել հակաբիոտիկները ոչ ջրով

Հակաբիոտիկները հարկավոր է ընդունել մի բաժակ մաքուր ջրով, քանի որ ինտենսիվ հիդրատացումն օգնում է ավելի լավ լուծել դեղամիջոցը: Բացի այդ, ջուրը համեմատաբար քիչ ազդեցություն է ունենում դեղամիջոցի վրա, մինչդեռ սուրճը, թեյը և կաթնամթերքը խոչընդոտում են դրա բաղադրիչների յուրացմանն ու առաջացնում են վնասակար համադրություններ:

Չընդունել կանոնավոր

Հակաբիոտիկների ոչ կանոնավոր ընդունումն ամենատարածված ու կոպիտ սխալներից մեկն է: Դեղերի ընդունման միջև ժամային հստակ միջակայքը պահելն օգնում է ապահովել օգանիզմը բավարար քանակությամբ ակտիվ բաղադրիչով, իսկ սա բակտերիաների դեմ պայքարի միակ արդյունավետ միջոցն է:

Եթե հակաբիոտիկ դեղամիջոցը հարկավոր է ընդունել օրական մեկ անգամ, ապա այն հարկավոր է ամեն օր նույն ժամին ընդունել, եթե օրական երկու անգամ՝ 18 ժամը մեկ, իսկ եթե նշանակված է ընդունել օրական 3 անգամ, ապա՝ յուրաքանչյուր 8 ժամը մեկ: Բացի այդ, հարկ է հիշել նաև, որ «ուտելուց առաջ» ընդունելը նշանակում է, որ դեղամիջոցը հարկավոր է ընդունել սնվելուց 30-60 րոպե առաջ, «ուտելու ընթացքում» ընդունելը՝ հենց սնվելու ընթացքում, իսկ «ուտելուց հետո» ընդունելը ենթադրում է դեղամիջոցի ընդունում սնվելուց երկու ժամ անց:

Հակաբիոտիկներով բուժման կուրսն ավարտին չհասցնել կամ երկարացնել

Բժիշկները նշում են, որ ոչ մի դեպքում չի կարելի նշանակված կուրսն անավարտ թողնել կամ չափաբաժինը մեծացնել: Այս կոպիտ սխալը կարող է կործանարար լինել առողջության համար: Բացի այդ, հարկ է հիշել, որ եթե հակաբիոտիկների ընդունման ընթացքում ի հայտ են գալիս կողմնակի բարդություններ կամ դեղամիջոցը չի ազդում բուժումը սկսելուց 2-3 օրվա ընթացքում, ապա հարկավոր է անհապաղ խորհրդակցել բուժող բժշկի հետ:

Ընդունել շնչառական համակարգի հիվանդությունների դեպքում

Շատերը հակաբիոտիկներն ընդունում են անգամ այն հիվանդությունների դեպքում, որոնք չեն ենթադրում հակաբիոտիկներով բուժում, ինչն էլ հանգեցնում են բավական վտանգավոր հետևանքների: Ամենատարածված սխալներից մեկը գրիպն ու մրսածությունը հակաբիոտիկներով «բուժելն» է, քանի որ այս հիվանդությունների հարուցիչները վիրուսներ են, որոնց դեմ հակաբիոտիկները, որոնք նախատեսված են բակտերիաների դեմ պայքարի համար, պարզապես անզոր են: Նման դեպքերում բուժումը ոչ միայն անարդյունավետ է, այլև կարող է շատ վտանգավոր լինել՝ հանգեցնելով հակաբիոտիկակայունության ու բակտերիալ միկրոֆլորայի խանգարման:

Դեն նետել կենցաղային թափոնների հետ

Հակաբիոտիկները կենցաղային աղբի հետ դեն նետելն ամենավտանգավոր սխալներից մեկն է, քանի որ այս կերպ մարդը լուրջ վնաս է հասցնում շրջակա միջավայրին՝ աղտոտելով այն վտանգավոր նյութերով: Ավելին՝ խմելու ջրի բնական աղբյուրներն արդեն իսկ խիստ աղտոտված են տարատեսակ վնասակար նյութերով, այդ թվում նաև հակաբիոտիկներով, ուստի հարկավոր է սովորել ճիշտ ուտիլիզացնել նման նյութերը: