Մուրադովը Բաքվից Երևան է տեղափոխել մեկ հայ զինծառայողի մարմին

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մուրադովը Բաքվից Երևան է գալիս։ Տեղեկացվում էր, որ ինքնաթիռում գերիներ չկան
Sputnik Արմենիայի տեղեկություններով` Հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովն այսօր Հայաստան է տեղափոխել ադրբեջանական կողմից հանձնված մեկ հայ զինծառայողի մարմին:
Հիշեցնենք` նոյեմբերի 16–ին` ժամը 13։00-ի սահմանում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։
Դրանից հետո տեղային մարտեր էին սկսվել։ Արդյունքում հայկական կողմը 2 մարտական դիրք կորցրեց։
Նոյեմբերի 16–ին` ժ. 18։30–ի սահմաններում, ռուսական կողմի միջնորդությամբ կրակը դադարեցվեց։
Նոյեմբերի 17-ին ՀՀ ՊՆ–ն հայտնեց,  որ նոյեմբերի 16–ի էսկալացիայի արդյունքում թշնամին ունի մինչև 70 զոհված և վիրավոր, հայկական կողմից կա 1 զոհ, 13 գերի։
Եվս 24 զինծառայողի հետ կապը մարտական գործողությունների ընթացքում կորել է, և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։