Ինչպես մեղմել ստամոքսի այրոցի տհաճ ախտանշանները․ 5 բնական միջոց

Ստամոքսի այրոցը բավական տհաճ զգացողություններով ուղեկցվող խնդիր է, որը պայմանավորված է լինում ստամոքսի թթու պարունակության՝ կերակրափողում հայտնվելով։ Այս խնդիրն առաջանում է ստամոքսի սեղմանի թուլացման պատճառով։

Որպես կանոն սննդի՝ ստամոքսում հայտնվելուց հետո այդ սեղմանը փակվում է, սակայն երբ այն թուլանում է ու ինչպես հարկն է չի կատարում իր գործառույթները, ստամոքսի պարունակությունը, որն արդեն վերամշակվում է բարձր թթվայնություն ունեցող միջավայրում, մասամբ հայտնվում է կերակրափողում, որտեղ էլ միջավայրը թույլ հիմնային է։ Այս ամենի հետևանքով կերակրափողի լորձաթաղանթը գրգռվում է և ի հայտ են գալիս ստամոքսի այրոցին բնորոշ տհաճ ախտանշաններ՝ այրոցի զգացում ու ցավ։

Այս տհաճ զգացողություններից ազատվելու համար մասնագետները նշանակում են հատուկ դեղամիջոցներ, սակայն նման դեղորայքի հաճախակի գործածությունը կարող է դառնալ կողմնակի բարդությունների առաջացման պատճառ, ուստի հարկավոր է զգոն լինել։ Միևնույն ժամանակ կան նաև շատ արդյունավետ բնական միջոցներ, որոնք օգնում են մեղմել ստամոքսի այրոցը և չեն առաջացնում կողմնակի բարդություններ, քանի որ բաղկացած են միայն բնական հասանելի բաղադրիչներից։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում նման բնական միջոցներից մի քանիսը, որոնք կօգնեն հեշտությամբ ազատվել տհաճ զգացողություններից ու կանխել խնդրի կրկնությունը։

  • 2 ճաշի գդալ չորացրած հապալասին ավելացնել մի բաժակ եռման ջուր, թրմել 7-8 ժամ, այնուհետև ստացված թուրմը խմել օրվա ընթացքում փոքր չափաբաժիններով։
  • 1 թեյի գդալ տատրակի չորացրած տերևները կես ժամ թրմել 1 բաժակ եռման ջրում, այնուհետև ստացված թուրմը քամել և խմել առավոտյան ու երեկոյան կես բաժակ։
  • 1։1։1 հարաբերակցությամբ խառնել խնկեղեգի արմատները, անանուխի տերևներն ու քիմիոնի պտուղները, այնուհետև  ստացված խառնուրդի 1 թեյի գդալին ավելացնել մի բաժակ ջուր, տարան ծածկել տաք կտորով, թրմել մեկ ժամ ու քամել։ Ստացված թուրմը հարկավոր է ընդունել դատարկ ստամոքսին և սննդի ընդունման ժամերի միջև կես բաժակ։
  • Խնկեղեգի արմատները մանրացնել ու փոշի դարձնել, որից հետո ստացված փոշին ընդունել ամեն անգամ ուտելուց հետո ¼ թեյի գդալ։
  • 2 ճաշի գդալ  կտավատի սերմերին ավելացնել 2 բաժակ եռման ջուր կես ժամ թրմել թերմոսի մեջ, այնուհետև քամել ու խմել օրական 3-4 անգամ ուտելուց առաջ կես բաժակ։

Այս բաղադրատոմսերը պարզ են, արդյունավետ ու հասանելի, սակայն հարկ է հիշել, որ որոշ դեպքերում ստամոքսի այրոցը պայմանավորված է լինում առողջականն լուրջ խնդիրներով, ուստի խնդրի հաճախակի կրկնության դեպքում հարկավոր է անպայման դիմել մասնագետին, քանի որ ինքնաբուժությունը կարող է խիստ վնասակար լինել ու էլ ավելի վատթարացնել հիվանդի վիճակը: Բացի այդ, միայն փորձառու մասնագետը կկարողանա պարզել խնդրի պատճառն ու նշանակել անհրաժեշտ բուժումը, որը կլինի արդյունավետ ու չի առաջացնի կողմնակի բարդություններ:

Նյութի աղբյուրը՝ Aif.ru