«Ապացուցելու համար, որ մարդը գնել է ոչ թե օդ, այլ արվեստի գործ, հավաստագիր է տրվել». իտալացի նկարիչը 15 000 եվրոյով վաճառել է անտեսանելի քանդակը (լուսանկար)

Սիցիլիացի նկարիչ Սալվատորե Գարաուն 15 հազար եվրոյով վաճառել է իր «ստեղծած» անտեսանելի «Ես կամ» քանդակը: Գնորդը վճարել է նախատեսվածից երկուսուկես անգամ ավելի բարձր գումար, գրում է Italy 24-ը, նշելով՝ աճուրդի մեկնարկի ժամանակ աշխատանքն արժեցել է 6000 եվրո:
Ապացուցելու համար, որ գնորդը գնել է ոչ թե օդ, այլ արվեստի գործ, համապատասխան հավաստագիր է տրվել: 150×150 սանտիմետր չափով «ստեղծագործությունը» պետք է տեղադրվի առանձնատանը՝ ազատ տարածքում:

«Քանդակը» վաճառվել է Art-Rite աճուրդում, որը զբաղվում է բացառապես ժամանակակից արվեստի գործերի վաճառքով:

Ըստ Սալվատորե Գարաուի՝ աճուրդի հաջող արդյունքը վկայում է այն անվիճելի փաստի մասին, որ դատարկությունը էներգետիկայով լի տարածք է: Բացի այդ, նա աշխատանքը համեմատում է Աստծո հետ, որին մարդիկ երբեք չեն տեսել:

Սալվատորե Գարաուի քանդակները նկարագրվում են որպես «նոր պատմական արժեք, որն իդեալական փոխաբերություն է մեր օրերի համար»:

Բացի այդ, նրա աշխատանքը բացասական անդրադարձ չի ունենում շրջակա միջավայրի վրա: Անցյալ տարվա փետրվարին հեղինակը Միլանի Պիացցա դելլա Սկալայում ցուցադրել էր «Բուդդան խորհրդածության մեջ» ոչ նյութական աշխատանքը:

The first invisible sculpture sold for 15 thousand euros. The artist Garau: “A concentrate of thoughts”