«Այդ երգը կատարելու իրավունք ինձ տվել են հերոս հայրս, պատերազմի մասնակիցները, որոնց հետ ընկերացել եմ». Շպռոտը՝ նոր տեսահոլովակի և Հայաստանում բիզնես հիմնելու ցանկության մասին

Ամերիկաբնակ հայ երգչուհի Շպռոտն այս օրերին Հայաստանում է: Tert.am Life-ի հետ զրույցում նա խոսել է Հայաստան գալու պատճառի, այստեղ նոր տեսահոլովակ նկարահանելու, քննադատությունների և Հայաստանում բիզնես հիմնելու իր ցանկության մասին:

Վերջին անգամ երգչուհին Հայաստանում եղել էր տարեվերջին: Ըստ նրա՝ այս անգամ գալու պատճառներից մեկը տեսահոլովակ նկարահանելն էր:

«Երկու շաբաթով եմ եկել, բայց ամռանը կրկին կգամ ավելի երկար ժամանակով, որպեսզի հասցնեմ վայելել օրերը, ընկերներիս տեսնեմ: Նոր տեսահոլովակս նկարահանվել է «Հայ ֆիդայիներ, ջան ֆիդայիներ» հայտնի երգի հիման վրա: Չէի կարող այդ երգի տեսահոլովակը նկարահանել Միացյալ Նահանգներում, որովհետև բնությունը չէր սազի: Եթե թեման սեր լիներ, այնտեղ կնկարահանեի՝ չնայած շատ էի ուզում Հայաստանում նկարահանված տեսահոլովակ ունենալ, որովհետև այստեղ վերջին տեսահոլովակը նկարահանել եմ մոտ 11 տարի առաջ: Երգում փոփոխություն կա, բայց կտրուկ չէ, գործիքավորումն արել է Լազարոն: Օգտագործել ենք էլեկտրոնային ձայներ, ժողովրդական, ռաբիս էլեմենտներ: Երգը կատարել են նաև Ներսիկ Իսպիրյանը, Սպիտակցի Հայկոն, երկուսն էլ յուրովի են ներկայացրել, ես միքսել եմ այդ ոճերը, որպեսզի հանրությանը հետաքրքիր լինի»,- ասաց նա:

Շպռոտի խ0ոսքով՝ տեսահոլովակի նկարահանումներն իրականացրել են Դիլիջանում, որովհետև այնտեղ շատ գեղեցիկ տեսարաններ էին, հրաշք բնություն:

«Ոգեշնչող տեսահոլովակ է, որի ռեժիսորը ես եմ, խորհուրդներ եմ հարցրել ռեժիսոր Սյոմա Կոդաբաշյանից: Ես վաղուց ռեժիսոր չունեմ, համագործակցում եմ օպերատորների հետ, այս անգամ Սուրեն Թադևոսյանի հետ եմ համագործակցել, շատ լավ աչք ունի, նույնիսկ ռեժիսորական տաղանդ: Իհարկե, որպես ռեժիսոր ներկայանալն իր բարդություններն ունի: Դու չես կարող քեզ տեսնել էկրանին, իսկ ռեժիսորը տեսնում է, ասում մանրուքների մասին: Իմ դեպքում դիմահարդարներին կամ վարսահարդարներին եմ խնդրում անել դա: Միանշանակ կցանկանամ աշխատել նա  ռեժիսորների հետ, նրանց հետ հեշտ է: Ուղղակի իմ կերպարն ամեն ռեժիսոր մի կերպ է տեսնում, բայց ամենալավը ես եմ տեսնում ինձ և Սյոմա Կոդաբաշյանը: Շատ պրոֆեսիոնալ թիմով ենք աշխատել, այնպիսի տպավորություն էր, կարծես, ֆիլմ էինք նկարահանում՝ չնայած տեսահոլովակն էլ 3 րոպեանոց ֆիլմ է: Ամերիկայի Միացյալ Նահանգներում թիմս մաքսիմում 5 հոգանոց է, իսկ այստեղ մոտ 20 հոգի էինք»,- նշեց Շպռոտը:

Երգչուհին ընդգծեց, որ պատերազմից հետո սա իր առաջին լուրջ աշխատանքն է: «Միշտ խուսափել եմ հայրենասիրական երգեր երգել, մտածում էի՝ լինելով Շպռոտ պետք է այդ կերպարից դուրս գամ, բայց միշտ ցանկացել եմ հայրիկիս մասին էլ երգ ունենալ: Նոր տեսահոլովակի ու երգի մասին հայտնելուց հետո կան մարդիկ, որոնք ասում են՝ ո՞վ եմ ես, որ այս սուրբ երգը կատարեմ, բայց ես հենց այն երգչուհին եմ, որը, որպես հերոսի աղջիկ, իրավունք ունի երգելու այս երգը: Ամբողջ պատերազմի ընթացքում տղաների կողքին եմ եղել, ընկերացել եմ նրանց հետ: Երբ այդ տղաներն իմ Ամանորը կամ Մարտի 8-ն են շնորհավորում, իրավունք են տալիս երգել այդ երգը»,- ասաց նա:

Շպռոտը վերջին շրջանում հաճախ է Հայաստան գալիս: Նա նկատեց, որ նախկինում փաստաթուղթ չուներ, հիմա ունի: «Հենց ստացել եմ այդ թուղթը, սկսել եմ տարին երկու անգամ գալ Հայաստան, եթե թողնեն, ամեն ամիս կգամ: Իհարկե, ցանկանում եմ նաև մշտապես Հայաստանում բնակվել, Ամերիկայի Միացյալ Նահանգներն ասես խոպան լինի, այնտեղ ունեմ իմ ստեղծածը, աշխատում եմ ավելի շատ գումար, չեմ կարող այդ ամենը թողնել ու գալ, ափսոս է: Ամերիկայում կարող ես հարստանալ և այդ գումարները ներդնել Հայաստանում, ուզում եմ հետագայում հայրենիքումս բիզնես հիմնել, հարկեր վճարել պետությանը: Կարծում եմ՝ արտերկրում աշխատող յուրաքանչյուր հայ պետք է այսպես մտածի»,- եզրափակեց նա: