Բժիշկը նշել է՝ առողջական ինչ խնդիրների մասին կարող են հուշել կարմիր խալերը

Կարմիր խալերը բավական տարածված խնդիր են, սակայն մարդիկ հազվադեպ են ուշադրություն դարձնում դրանց՝ համարելով զուտ կոսմետիկ խնդիր, որը չի առաջացնում առողջական լուրջ խանգարումներ։

  Որպես կանոն նման խալերն իսկապես անվտանգ են, սակայն լինում են դեպքեր, երբ նման նորագոյացությունները պայմանավորված են լինում առողջական որոշակի խնդիրներով, որոնք չի կարելի անուշադրության մատնել։ Ներզատաբան Զուխրա Պավլովան իր ինստագրամյան էջում նշել է, թե ինչպիսի խնդիրների դրսևորում կարող են լինել նման նորագոյացությունները, որոնք բժշկության մեջ անվանվում են անգիոմաներ։

Մասնագետի խոսքով՝ կարմիր խալերը կարող են առաջանալ ինչպես մաշկին, այնպես էլ լորձաթաղանթների, ներքին օրգանների, մկանների կամ անգամ ոսկրային հյուսվածքների վրա։ Դրանք անոթային նորագոյացություններ են, որոնք մաշկին առաջանալու դեպքում սովորաբար չեն դառնում առողջական խնդիրների պատճառ։

Այնուամենայնիվ Պավլովան կապում է դրանք լյարդի հիվանդությունների հետ ու խորհուրդ է տալիս ներքին օրգանների ուլտրաձայնային հետազոտություն անցնել և արյան անալիզ հանձնել։ Միևնույն ժամանակ մասնագետը նախազգուշացնում է, որ անգամ լյարդի ապաքինման դեպքում անգիոմաներն  ինքնուրույն չեն անհետանում, իսկ ներքին օրգաններին կամ հյուսվածքներին առաջանալու դեպքում դրանք կարող են նաև բավական վտանգավոր լինել։

Ներզատաբանի խոսքով՝ նման նորագոյացությունների զարգացման մեխանիզմները մինչ օրս լիովին ուսումնասիրված չեն։ Ինչպես բացատրում է բժիշկը, նման խալերը կարող են ի հայտ գալ ցանկացած տարիքում։ Ընդ որում՝ ժամանակի ընթացքում դրանց քանակությունը կարող է ավելանալ։

Նման նորագոյացությունները հազվադեպ են անհանգստացնում, ուստի մարդիկ դրանք սովորաբար անուշադրության են մատնում, սակայն մասնագետը նախազգուշացնում է, որ կարմիր խալերի գույնի կամ չափի ցանկացած փոփոխություն լուրջ պատճառ է բժշկին դիմելու և բուժզննում անցնելու համար։

Նյութի աղբյուրը՝ actualnews.org