«Կիսամերկ եմ, Հայաստանում շատերն են երազում նման ֆոտոշարքի մասին, բայց վախենում են». Ռուզաննա Մանուչարյանը՝ հղիության 8-րդ ամսում համարձակ ֆոտոշարքի և ամուսնու հետ հարաբերությունների մասին

Դերասան-ամուսիններ Վահան Միրաքյանն ու Ռուզաննա Մանուչարյանը իրենց առաջնեկի ծննդին ընդառաջ նոր ֆոտոշարք են իրականացրել: Tert.am Life-ի հետ զրույցում Ռուզաննան պատմել է հղիության 8-րդ ամսում բաց ֆոտոշարք անելու գաղափարի, միմյանց ազատ թողնելու, խաղընկերների հետ համբույրի տեսարանների և բալիկի ծննդին պատրաստ լինելու մասին:

Ռուզաննայի խոսքով՝ վաղուց էին ցանկանում տարբերվող ֆոտոշարք իրականացնել, քանի դեռ հնարավորություն կար, որոշել են չկորցնել պահը:

«Գաղափարը երկուսինս է, երկար ենք մտածել, երեք տարբեր ոճերում ենք եղել, որոնցից մեկում ես կիսամերկ եմ, շատ քիչ հագուստ կա հագիս, իսկ վրաս «տյուլ» է: Հայաստանում նման ոճի լուսանկարների չեմ հանդիպել, համաշխարհային աստղերից Բեյոնսեի մոտ եմ նման բան տեսել»,– ասաց նա ու հալելեց, որ կարողանում է ձեռքի աշխատանքներ պատրաստել, այդ կերպարի համար 2 ժամում գլխի մեծ աքսեսուար է պատրաստել:

Ռուզաննայի մյուս կերպարը ևս համարձակ է, ինչ է նրան չի վախեցնում։ «Փորիկս բաց է, բայց համարձակությունը պետք է գեղեցիկ մատուցել, չափի զգացումը պահել: Եթե կառուցվածքս թույլ չտար, նման ֆոտոշարք չէի անի, բայց բալիկս ինձ չի տգեղացրել, փորիկս կիսամերկ ցույց տալու հնարավորություն ունեի»,- ասաց նա: Դերասանուհին նշեց, որ իրեն շատ էին վախեցնում, որ կգիրանա, բայց ընդամենը 10 կիլոգրամ է գիրացել։

Դերասանուհին նկատեց, որ որքան էլ լուսանկարները համարձակ են, իրենք քննադատություններից չեն վախենում:

«Լուսանկարներում կիսամերկ եմ, Հայաստանի համար չափից շատ համարձակ եմ, բայց ամուսինս դեմ չի եղել: Կարծում եմ՝ Հայաստանում շատերն են երազում նման ֆոտոշարքի մասին, բայց չեն համարձակվում, վախենում են: Իհարկե, մարդիկ գուցե ասեն՝ ամոթ է, հայ ազգին չի սազում։ Լուսանկարվելուց առաջ ամուսնուս հետ քննարկում էինք, որ գուցե քննադատությունների արժանանանք: Պատրաստ եմ վատ կարծիքների, կարող են քննադատել, չեմ նեղսրտի դրանից,– ասաց նա և հավելեց, որ լուսանկարներից մեկում իր ու Վահանի ձեռքերը կարմիր ներկելն էլ խորհրդանշում է սեր և կիրք: –Այդ մտքի հեղինակը մայրս է, ով լավագույն ընկերուհիս է: Ո՛չ նա, ո՛չ հայրս դեմ չէին նման լուսանկարներին, ծնողներիս ամեն ինչ շատ է դուր եկել»:

Ռուզաննան շեշտեց, որ ինքն ու ամուսինն ազատ են իրենց մասնագիտության մեջ, իրար կաղապարված չեն պահում: «Երկու տարի առաջ մեր զույգը շատ քննադատությունների արժանացավ, որովհետև ամուսինս խաղաց «Առնետաորս» 18+ ներկայացման մեջ և բեմում կատարվող 18+ իրադարձություններն իրական էին, իմիտացիա չէին: Ես ինքս ներկայացման փորձերի ժամանակ տեսա համբույրի կեղծ տեսարանն ու ասացի՝ ինչո՞ւ իրական չեք համբուրվում: Գուցե շատերն ինձ խելագար համարեն, բայց ես եմ ամուսնուս առաջարկել խաղընկերուհու հետ իրական համբուրվել: Ինձ շատ էին ասում՝ բաժանվելո՞ւ ես ու զարմանում, որ չեմ խանդում, նույնիսկ մայրս էր զարմանում ու բարկանում ինձ վրա, բայց իմ ու Վահանի միջև վստահություն, սեր կա»,- անկեղծացավ դերասանուհին:

Ռուզաննան հղիության վերջին ամսում է: Փոքրիկի սեռը հայտնի է՝ աղջիկ են ունենալու, իսկ ահա անունը վերջնական չեք որոշել․ «Երկու անուն կա, որոնց շուրջ մտածում ենք: Երբ երեխան ծնվի, կորոշենք, թե ո՞րն է իրեն ավելի համապատասխան»։

Դերասանուհին նկատեց, որ լիարժեք պատրաստ են փոքրիկի ծննդին․ «Մի փոքր անհանգիստ եմ, բայց հոգեպես պատրաստ եմ բալիկիս հետ հանդիպմանը, նույնիսկ անհամբեր եմ, որ հանդիպումն ավելի արագ լինի: Հղիության թեստի դրական պատասխանից հետո բոլոր կանայք էլ պատրաստ են լինում փոքրիկի հետ հանդիպմանը: Արդեն շատ նվերներ ենք ստացել փոքրիկի համար, այնքան, որ մեզ շատ քիչ բան է մնացել գնելու: Մեր առաջնեկն է, ուզում ենք ամեն ինչ ունենա, տեսնենք՝ այսքան գնումներից ինչը կօգտագործենք, ինչը՝ ոչ»: