«Մինչ օրս արտաքինումս ոչինչ չեմ փոխել` անգամ մազերիս գույնը». 20 փաստ Արենա Զեյնալյանի մասին

Նրա գեղեցկությունը բացահայտվեց բազմաթիվ հեռուստադիտողների համար, երբ 2018-ին նա դարձավ «Միսս Հայուհի» գեղեցկության մրցույթի հաղթող, իսկ ավելի ուշ, երբ ներկայացավ Women’s Club-ում, պարզվեց` նա ոչ միայն գեղեցիկ է, այլեւ հումորով եւ տաղանդավոր:

NEWS.am STYLE-ի «20 փաստ հայտնիների մասին» խորագրում փորձել ենք պարզել ավելին մոդել, գեղեցկուհի Արենա Զեյնալյանի մասին:

Արենա, օրդ սկսվում է…

Սուրճով:

Սնունդ կամ ըմպելիք, առանց որի չես պատկերացնում օրդ:

Առանց սուրճի. այն շատ կարեւոր դեր ունի իմ կյանքում (ծիծաղում է):

Կերակուր, որը տանել չես կարողանում:

Չկա այդպիսի կերակուր. ես շատ եմ սիրում փորձել նոր բաներ: Առհասարակ, բծախնդիր չեմ ուտելու հարցում, միայն կալորիաներն եմ հաշվում:

Հասակդ ու քաշդ:

Հասակս` 179 սմ, քաշս` 62 կգ:

Ամենալավ ու ամենավատ սովորություններդ:

Լավը` ինձ համար առաջնահերթ է առողջ ապրելակերպը, վատը` միշտ ուշանում եմ (ծիծաղում է): Բայց վերջին շրջանում փորձում եմ հնարավորինս չուշանալ:

Ամենասիրելի գիրքդ:

Պաուլո Կոելիոյի «Ալքիմիկոսը»:

Ինչպե՞ս են քեզ դիմում մտերիմներդ:

Արեն:

Ի՞նչ ֆոբիաներ ունես:

Արագությունից եմ շատ վախենում, բայց ինքս շատ արագ եմ վարում, իսկ ուրիշի արագ վարելուց սարսափում եմ (ծիծաղում է):

Ամենախենթ քայլը, որ երբեւէ արել ես:

Չեմ ասի (ծիծաղում է):

Ի՞նչը տանել չես կարողանում հարաբերություններում:

Կեղծավորությունը եւ նախանձը:

Օր, որը կցանկանայիր ջնջել քո կյանքից:

Չկան այդպիսի օրեր, ես դասեր եմ քաղել սխալներից, եւ եթե դրանք չլինեին, ես այնպիսին չէի լինի, ինչպիսին այսօր եմ:

Քո ականջակալներում հաճախ հնչում է…

Ռոք երաժշտություն:

Կյանքում ի՞նչ երբեք չես անի:

Դահուկասպորտով չեմ զբաղվի:

Երեք իր, որ պարտադիր վերցնում ես տնից դուրս գալիս:

Վարորդական իրավունքս, շրթներկ եւ արեւային ակնոց:

Գույն, որը լավագույնս բնորոշում է քեզ:

Սպիտակը:

Միջադեպ, որը ստիպել է քեզ ամաչել կամ անհարմար զգալ, որը մինչ օրս հիշում ես:

Եղել են փոքրիկ միջադեպեր, օրինակ` ձեռք են մեկնել, որ բարեւեն, իսկ ես չեմ տեսել ու շրջանցել եմ, կամ` ծանոթ մարդ է մոտեցել, իսկ ես չեմ հիշել իրեն, որովհետեւ հիշողությունս շատ թույլ է, ու այդպես ստացվել է, որ տվյալ մարդը մոտ 30 րոպե իրեն է ներկայացրել (ծիծաղում է): Բայց ավելի շատ եղել են միջադեպեր, երբ մարդիկ են ստիպել, որ ես իրենց համար ամաչեմ, այնպիսի սխալ գործել, ինչի պատճառով ես դիմացինիս փոխարեն ինձ վատ եմ զգացել:

Վերջին անգամ ինչո՞ւ ես նեղվել/ինչից:

Սա շատ անձնական հարց է, բայց փորձեմ պատասխանել` մտերիմ մարդկանցիցս մեկի անպատասխանատու քայլից: Կան բաներ, որոնք ինձ համար շատ կարեւոր են կյանքում. պետք է կարողանալ լինել պատասխանատու, պահել խոստումը եւ այլն:

Արտաքինումդ ի՞նչն ես ամենից շատ սիրում:

Մինչ օրս արտաքինումս ոչինչ չեմ փոխել` անգամ մազերիս գույնը: Փառք Աստծո` գոհ եմ ամեն ինչից, սիրում եմ բնական գեղեցկությունը, բայց դա չեմ քարոզում մյուսների համար, որովհետեւ եթե տվյալ մարդն իրեն ավելի լավ կզգա արտաքինում ինչ-որ բան շտկելուց հետո, թող անի դա: Ինքս երբեք չեմ մտածել փոփոխությունների մասին, բայց եթե պիտի առանձնացնեմ միայն մեկ բան, կնշեմ բոյս, որովհետեւ տարբերվող է` երբ որեւէ տեղ եմ մտնում, միանգամից աչքի եմ ընկնում բարձր հասակով:

Ի՞նչը կփոխեիր արտաքինումդ:

Ոչինչ չեմ փոխի արտաքինումս, որովհետեւ ինչպես նշեցի` ինքս բնական գեղեցկությունը սիրում եմ ու կարծում` անգամ փոքրիկ թերությունները ավելի եզակի են դարձնում մարդուն:

Ամենաչսիրածդ հարցը, որ տալիս են:

Առհասարակ, շատ եմ հարգում ընկերության աստիճանները ու չեմ սիրում, երբ կյանքումդ հայտնվում են մարդիկ, որոնք տալիս են իրենց չվերաբերող հարցեր, օրինակ` անձնականից, երբ չես ուզում կիսվել տվյալ մարդու հետ: Հիմա շատ սովորական է դարձել` «Ե՞րբ ես ամուսնանում» հարցը, իսկ ամուսնացածներին հարցնում են` «Ե՞րբ եք երեխա ունենալու»… Իմ կարծիքով` կուլտուրայից դուրս է մարդուն նման հարցադրումներ անելը,  որոնք, հատկապես, տարածված են հայերիս շրջանում: