Ոնց կարող է հոսպիտալից զինվորը կորել, չորս ամիս է՝ լուր չկա, և ոչ մեկը չի հետաքրքրվում. կորած զինծառայողի ընկեր

Լուսանկարում՝ Սարգիս Հարթենյանը

Վանաձորի զորամասերից մեկի պայմանագրային զինծառայողից՝ Մատաղիսում ընթացող թեժ մարտերի ժամանակ՝ հոկտեմբերի 8-ին վիրավորված 30-ամյա Հարթենյան Սարգիսից, որը տեղափոխվել էր Մարտակերտի հոսպիտալ, մինչև այսօր լուր չկա: Այս մասին Tert.am-հետ զրույցում պատմեց նրա ընկերը՝ Համբարձում Խաչատրյանը:

«Մարտակերտի հիվանդանոցում անկետա է բացվել և այնտեղ վիրահատվել է, որտեղից տեղափոխվել է Ստեփանակերտի հոսպիտալ, սակայն նրա անուն-ազգանունով որևէ տվյալ չկա Ստեփանակերտի հիվանդանոցում: Թղթով ուղարկել են Ստեփանակերտ, այնուհետև ճշտել ենք, որ նրա հետ եղել է չորս վիրավոր, շտապօգնության մեքենաները չեն ռմբակոծվել ճանապարհին և վիրավորներից մեկը նշել է, որ նա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Գորիս: Ոնց կարող է հոսպիտալից զինվորը կորել, ոչ մեկը չի հետաքրքրվում, ինչ-որ մեկը չի գալիս այս մարդկանց տուն, ասի՝ ինչ է եղել, չորս ամիս է՝ քաոս է նրանց տանը»,-պատմեց նա և նշեց, որ Սարգիսը ամուսնացած է և ունի երկու երեխա:

«Չորս ամիս անցել է, դիմել ենք Ազգային անվտանգությանը, Մարդու իրավունքների պաշտպանին, Ռազմական ոստիկանությանը, Ռազմական դատախազությանը, Պաշտպանության նախարարությանը, այդ մարդը հոսպիտալից կորել է, և ոչ մի իրավապահ մարմին չի հետաքրքրվել այդ մարդով»,-ասաց նա և պատմեց, որ հենց նույն դիրքից, որտեղ վիրավորվել է Սարգիսը, իր հորեղբոր տղան ևս վիրավորվել է և մեկ օրվա ընթացքում Երևան հասել:

Դեպքի առնչությամբ Tert.am-ը պարզաբանում խնդրեց նաև ՀՀ քննչական կոմիտեից: Պարզաբանումներ ստանալուն պես այն ևս կհրապարակվի: